Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար պարզ է, որ կան հովանավորներ, կազմակերպիչներ, եւ այդ մարդիկ այսօր պաշտոնյաներ են». Մանե Թանդիլյանը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասին

Նոյեմբեր 12,2026 18:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Իր կուսակից ընկեր, Փարաքարի համակնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում մեղադրյալ Գեւորգ Հարությունյանի սկանդալային ցուցմունքներից հետո «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց. «Առաջին տպավորությունս այն է, որ այսօր լավ պատրաստված, լավ պարապած ելույթ էր ունենում կատարման մեջ մեղադրվողը։ Նրան պատրաստել էին՝ տարաբնույթ հարցերին ինչպես պիտի պատասխանվի եւ ուղղորդել սցենարով, ըստ որի՝ ինքը պիտի խուսափի պատժից։

Նա փաստացի ցուցմունք է տալիս ոստիկանական համակարգում աշխատող երկու բարձրաստիճան անձանց՝ Վարդան Վարդանյանի եւ Արամ Հովհաննիսյանի դեմ։ Այդ երկու անձինք ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ են, ազատվել են, հետո վերականգնվել, տարբեր պաշտոններ են զբաղեցրել։ Բայց փաստ է, որ այսօր Գեւորգ Հարությունյանը մեղադրեց Վարդան Վարդանյանին ապացույցները կեղծելու, նրան ահաբեկելու, վախեցնելու մեջ, իբրեւ թե իր ընտանիքին վնաս է պատճառվելու։

Սակայն նաեւ դատավորի եւ մեր գործընկերների հարցադրումների արդյունքում ինձ համար ակնհայտ է, որ նա պատրաստվել էր հենց այդ սցենարին՝ մեղքը վերցնել իր վրա։ Ի լրումն սրա՝ նաեւ հանցագործություն է հանցագործությունը կոծկելը։ Այդ անձը չէր պատկերացնում, որ եթե, օրինակ, իր վրա է վերցրել, դրանով նաեւ խոչընդոտել է իրական սպանողին բացահայտելը։ Եվ սա նույնպես հանցագործություն է։ Հանցագործություն է, որ սկզբում վերցնես քո վրա, հետո մեղադրես այլ անձանց, թե քեզ պարտադրել են եւ դրանով փորձես խուսափել պատասխանատվությունից։

Սուտ մատնություն կա այստեղ, կա պետական պաշտոնյաների լիազորությունների չարաշահում։ Այսինքն՝ հանցագործների մի ամբողջ խումբ է այստեղ աշխատում»,-ասաց տիկին Թանդիլյանը։

Հարցին, թե ովքե՞ր են Գեւորգ Հարությունյանի հետ պարապողները, քաղաքական գործիչն պատասխանեց. «Բոլոր այն մարդիկ, ովքեր հովանավորել են այս սպանությունը։ Ես համոզված եմ, որ սպանությունն ունի կատարող, աջակցող, կազմակերպող եւ հովանավորող։

Այս տեսակ անհեթեթ բացատրություններ, պատասխաններ, թե երբ ինչ է հայտնաբերվել, ակնհայտ է, որ իրեն ասվել է. «Դու քո վրա կվերցնես, հետո այսպես կասես»։ Ուզում եմ հասկանալ՝ այդպիսի պաշտոնյա երբեւէ եղե՞լ է, ում մեղադրել են ապացույցներ կեղծելու մեջ, այդ մեղադրանքը ապացուցվել է երբեւէ, եւ հիմա այդ մարդը պատիժ է կրում, որովհետեւ ապացույցներ կեղծելը եւ շինծու գործեր կարելը լուրջ հանցագործություն է։ Ես չգիտեմ նման դեպք։ Նման դեպքերը չեն բացահայտվում։ Եվ ստացվում է, որ նա, բնականաբար, կասի՝ ես էդպիսի բան չեմ արել, նա կասի՝ արել ես։ Եվ որտե՞ղ է ճշմարտությունը։

Արդարադատություն լինելու է։ Ես համոզված եմ, ես տեսնելու եմ այդ արդարադատությունը՝ իշխանափոխությունից հետո, այս ընթացքում։ Մենք հետամուտ ենք լինելու, որ դա տեղի ունենա։ Ինձ համար պարզ է, որ կան հովանավորներ, կազմակերպիչներ, եւ այդ մարդիկ այսօր պաշտոնյաներ են։ Ահա թե ինչու չի լինում ամբողջական բացահայտել սպանությունը»,-ասաց Տանյա Թանդիլյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել