Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Թրամփի բանագնացների հետ

Նոյեմբեր 12,2026 18:15 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները: Հանդիպմանը մասնակցում են նաև Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը, նախագահի օգնականներ Յուրի Ուշակովն ու Վլադիմիր Մեդինսկին:

Կրեմլի կայքն այլ մանրամասներ դեռ չի հայտնում:

Պուտինի հետ հանդիպումից հետո Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դուբլին, որտեղ կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Հանդիպումը կայանում է մեկ օր անց Աբու Դաբիում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ երկօրյա բանակցություններից, որոնց ժամանակ Մոսկվան և Կիևը համաձայնել են գերիների զանգվածային փոխանակում անել:

Մինչ այդ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ ամերիկացի բանագնացները Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը տանող բոլոր հարցերը: Ի պատասխան հարցի, թե արդյոք կքննարկվի բանակցային գործընթացին Եվրոպայի մասնակցությունը, Ուշակովը կրկնել է՝ «խաղաղ կարգավորման հասնելու հետ կապված բոլոր հարցերը»։

Աբու Դաբիի հանդիպումներից հետո Քուշները X-ում գրել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մնում են էական տարաձայնություններ, սակայն ԱՄՆ-ն մտադիր է հիմնվել ձեռք բերված առաջընթացի վրա և անցնել ավելի բազմակողմ, մասնավորապես Եվրոպայի մասնակցությամբ բանակցությունների՝ երկարատև խաղաղության հասնելու համար։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ այսօր ասել է, որ ռուսական կողմն Աբու Դաբիում չի սահմանափակվել ընդհանուր կամ դեկլարատիվ բնույթի ձևակերպումներով և իր առաջարկները ներկայացրել է շատ կոնկրետ՝ երկու կողմերին էլ բավականաչափ մտորելու տեղիք տալով:

«Եվ հուսով եմ՝ դրան արձագանքը թույլ կտա մեր ամերիկացի գործընկերներին, հատկապես հաշվի առնելով այսօր Մոսկվայում տեղի ունեցող կարևորագույն բանակցությունները, հաջորդ փուլին մոտենալ ավելի պատրաստված դիրքորոշմամբ, ինչը թույլ կտա ավելի շատ հաշվի առնել մեր անփոփոխ, երկաթյա, մեր իմպերատիվ մոտեցումներն ու պահանջները», – ասել է Ռյաբկովը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել