Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը հիշեցնում է՝ «Թրամփի ուղին» աշխարհաքաղաքական շատ մեծ նախագծի մի մասն է։ «Արևմուտքի ազդեցության ընդլայնման իմաստով պետք է այն դիտարկել, այդ թվում՝ այս տարածաշրջանում Թուրքիայի միջոցով Եվրասիայի խորքում, մասնավորաբար նաև Միջին Ասիայում։ Այդ ամե նը պլա նա վոր վել է առն վ ա զ ն 1990-ականների սկզբից։ ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բոլոր տարբերակների մեջ այդ միջանցքը կար։ Դրան «Թրամփի ուղի» անվանումը տրվեց վերջերս, որպեսզի Թրամփին ավելի շատ ներգրավեն, բայց այն օղակները, որոնք պլանավորում են քաղաքականությունը, այս նախագծի շուրջ վաղուցվանից ունեն համաձայնություն։ Ուստի, Թրամփի նախագահ լինել-չլինելը ոչինչ չի փոխում։ Ամենաշատը կարող է նախագծի անունը փոխվել։ ԵՄ-ն նույնպես ներգրավված է այս նախագծի իրականացմանը։ Դա ամբողջ Արևմուտքի նախագիծն է, ինչպես նաև Թուրքիայի։ Նույնիսկ պարզ չէ՝ ով է առաջինն առաջարկել այն։ Գուցե՝ Թուրքիան, այն է՝ իրենք կարողացել են Արևմուտքին բացատրել, որ նախագիծն իրենց էլ է պետք։ Մյուս կողմից՝ չմոռանանք, որ այս նախագիծն իրականացվում է Հայաստանի վրա ռազմաքաղաքական ճնշման և սպառնալիքի ներքո։ Այն նաև հետևանք է թե՛ Հայաստանի իշխանության անկարողության, որը չի դիմադրում ճնշմանը, թե՛ Ադրբեջանի ռազմական ճնշման։ Այստեղ կա նաև Իրանի և Ռուսաստանի գործոնը, որոնց դեմ է այս նախագիծն ուղղված, և որոնք այս պահի դրությամբ շատ կտրուկ դիրքորոշում չեն հայտնել, բայց ցանկացած պահի կարող են խոչընդոտել նախագծին, հատկապես Իրանը։ Այնպես որ, շատ լուրջ և երկարատև որևէ բան պլանավորել չի կարելի, քանի որ այս նախագիծը կարող է խոչընդոտվել ցանկացած պահի, բայց այս պահի դրությամբ դրա իրականացման փուլն է։ Եվս մեկ դիտարկում։ Փաշինյանը շատ արագ իրականացնում է քաղաքական դաշտի ոչնչացման գործընթացը՝ ընդդիմության, Եկեղեցու նկատմամբ բռնաճնշումներ են գործի դրվում և այլն։ Միևնույն ժամանակ, դուրս է գալիս արտաքին ասպարեզ և ասում՝ TRIPP եք ուզում, ես այն իրագործում եմ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց հայտարարություն, որպեսզի Արևմուտքից ստանա թույլտվություն բռնաճնշումների համար։ Արևմուտքն ամբողջությամբ ներառված է այս հակահայկական գործընթացի մեջ։ Օրինակ՝ Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որպեսզի խաղաղության հասնի և այլն։ Իրենք Փաշինյանին ասում են՝ Ալիևն ինչ ուզում է, արա, որպեսզի արագ ստորագրեք պայմանագիրը, և այս տարածաշրջանում ազատվենք Ռուսաստանի ներկայությունից և այսպես շարունակ։ Ոչ միայն Ալիևը, այլ Եվրոպական միությունը, Մեծ Բրիտանիան ևս ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որ վերջինս կատարի բոլոր զիջումներն Ադրբեջանին, և իրենք հասնեն իրենց աշխարհաքաղաքական նպատակներին։ Շատ հաճախ ընկալումն այնպիսինն է, որ միայն Ալիևն է ճնշում, իսկ Փաշինյանը տրվում է ռազմական ճնշմանը, բայց շատ ավելի ուղիղ ճնշում են գործադրում վերջինիս վրա հենց Եվրոպական միությունից, որովհետև նրանք աջակցել են Փաշինյանին ընտրությունների ժամանակ, ամեն ինչ արել են, որ վերջինս ընտրվի, առանց իրենց աջակցության նա ուղղակի չէր ընտրվելու։ Հետևաբար՝ իրենց խոսքն էլ նրա համար վճռորոշ դեր ունի»։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։



















































