Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը կտապալի՞, թե՞ կտա հավանություն Փաշինյանին

Նոյեմբեր 24,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք խաղաղության համաձայնագիրը Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն», նոր Սահմանադրության նախագծի ներկայացմանը «զուգահեռ» ուղերձում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անկասկած է, որ Սահմանադրության հարցում Նիկոլ Փաշինյանը գործի է դնելու «պատերազմի եւ խաղաղության» դիլեմա նկարագրելու իր ամբողջ երեւակայությունն ու հմտությունը, հանրությանը հավատացնելու, իսկ գործնականում շանտաժելու համար, որ նոր Սահմանադրությունը խաղաղությունն է, իսկ դրա մերժումը՝ պատերազմը։ Ըստ ամենայնի, դեկտեմբերի 3-ին, երբ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա, նա այնտեղ ՌԴ նախագահ Պուտինից կփորձի ստանալ համաձայնություն, որ Ռուսաստանը ներկայացվի Հայաստանի նոր Սահմանադրության «թշնամի»՝ քարոզչական նկատառումներից ելնելով։ Օրինակ, այդ շրջանակում Նիկոլ Փաշինյանը կարող է խնդրել անգամ, որ հարկ եղած դեպքում Մոսկվան մի քիչ թանկացնի գազի գինը, ինչը թույլ կտա Ռուսաստանն ավելի համոզիչ ներկայացնել իբրեւ նոր Սահմանադրության «թշնամի»։

Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական կառավարում իրականացնում է հասկացությունների նենգափոխման սկզբունքով՝ հաղթանակը ներկայացնում է պարտություն, իսկ պարտությունը՝ հաղթանակ, ինքնիշխանությունը ներկայացնում է «ֆորպոստ», իսկ Ադրբեջանի ֆորպոստի վերածվելը՝ ինքնիշխանություն։ Այդ համատեքստում նրա համար կարեւոր է Ռուսաստանը ներկայացնել թշնամի, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության երաշխավոր։ Բայց այս հարցում արդեն պետք է ՌԴ նախագահի համաձայնությունը, որովհետեւ Փաշինյանն անշուշտ լավ պատկերացնում է, թե ինչ վտանգավոր կարող է լինել, եթե Ռուսաստանն իսկապես լինի թշնամի՝ լինի իրական թշնամի։ Այդ պատճառով էլ՝ Ռուսաստանը «թշնամի» հռչակելու համար պետք կլինի ստանալ ՌԴ նախագահի հավանությունը։

Այլապես, մեկ էլ տեսար Պուտինը վերցնի, ու ասենք՝ էժանացնի գազը կամ վերացնի հայկական ապրանքների ներկրման արգելքը։ Դա կտապալի Ադրբեջանի պայմանով Սահմանադրության փոփոխության գործընթացը։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել