Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ Սյունիքում կայանալիք ընտրության եւ «Ժառանգության» թեկնածուի մասին

Սեպտեմբեր 14,2013 16:53

-Ի՞նչ հույսեր եք կապում այս ընտրության հետ, ի՞նչ արդյունք եք ակնկալում ընտրապայքարից: Ի վերջո փորձը ցույց է տվել, որ ընտրություններում հիմնականում ՀՀԿ-ական թեկնածուներն են հաղթանակած դուրս գալիս:

 -Հանրապետական թեկնածուն այստեղ՝ Կապանում, խայտառակ պարտություն կրած է գնացել փետրվարի 18-ին, ՀՀԿ-ի թեկնածուին սյունեցիները ճանապարհել են եւ ասել են իր տեղը: Ես կարծում եմ, որ դա ոչ թե մեկ օրվա համար էր ասված, այլ սյունեցու պատասխանն ուներ երկարատեւ ծրագիր եւ դրան սյունեցին արժան է լինելու: Այդ երկարատեւ ծրագիրը, իրոք, հայրենիքի ազատագրումն է  բոլոր այն արատավոր երեւույթներից, որոնք մեզ  այս 20 տարիների ընթացքում անընդհատ փորձել են սերմանել:

– Իսկ ռեա՞լ եք գնահատում ձեր առաջադրած թեկնածուի շանսերը:

-Մեր թեկնածուն անբասիր կենսագրությամբ, Կապան քաղաքի լավագույն արժանավոր ներկայացուցիչներից է, ով ժամանակի կանչով դեռ 20 տարի առաջ երբեք չի էլ վարանել, որ կարող է չմասնակցել իր հայրենիքի պաշտպանությանն ու ազատագրմանը:  Այսօր այս մարտին ինքը զինվորագրվել է՝  որպես ազնիվ, հզոր ու համեստ զինվորական եւ պայքար է տանելու: Իսկ իր կողքին կանգնած է «Ժառանգություն» կուսակցությունը՝ իր առաջնորդ, ընտրված նախագահ  Րաֆֆի Հովհաննիսյանով:

 -Իսկ ի՞նչ կասեք մյուս թեկնածու, ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանի մասին, որքանո՞վ եք տեղյակ նրա կենսագրությանն ու գործունեությանը:

-Իհարկե տեղյակ ենք, անտեղյակ չենք, մենք Հայաստանի Հանրապետության տեղյակ քաղաքացիներից ենք: Գիտենք նրա մասին եւ այդ ամենն իմանալով ասում ենք, որ տվյալ թեկնածուն մնալու է անցյալում՝ ինչպես Սերժ Սարգսյանը փետրվարի 18-ին:

 -Սովորաբար  ասվում է, որ ընտրություններն անցկացվում են կեղծիքների միջոցով եւ այլն: Ձեր կարծիքով արդար ընտրություններ կանցկացվե՞ն այստեղ եւ եթե ոչ, ապա  ի՞նչ քայլեր կձեռնարկեք այդ ուղղությամբ:

-Մենք մարտահրավեր ենք նետել բոլոր նրանց, ովքեր շարունակելու են այն արատավոր երեւույթները, որ տեղի են ունեցել մեր կյանքում: Մենք մարտահրավեր նետել ենք՝  ե՛ւ մասնակցությամբ, ե՛ւ հաղթանակի ամրագրմանը տանող պայքարով:

Եթե  փորձերը, ցանկություններն ու իրենց ախորժակը նրանք նորից բանեցնեն՝ համապատասխան պատասխան են ստանալու:

 -Կհստակեցնե՞ք կոնկրետ ինչ քայլեր եք ձեռնարկելու:

-Բոլոր հանձնաժողովներում «Ժառանգությունն» ունի իր հանձնաժողովի անդամը, ամբողջ հանրապետության լավագույն հանձնաժողովականները, որոնք մեկ անգամ չեն իրենց դրսեւորել՝ որպես ազնիվ, պայքար տանող ու անկաշառ մարդիկ, նրանք լինելու են ընտրատեղամասերում: Բացի այդ, ողջ «Ժառանգության»  կազմը, Սյունիքի մարզում է լինելու եւ ամեն կերպ հետեւելու է, որպեսզի ապօրինություններ տեղի չունենան: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն ապօրինություններին արդեն սովորել է եւ  իմունիտետ է ձեռքբերել պատասխան տալու:

Եթե Հանրապետական կուսակցության անդամը, փորձի բաժանել ընտրակաշառք, ապա այդ ընտրակաշառքը  նախ լինելու է ապօրինություն, հանցագործություն եւ երկրորդը՝ այդ գումարները չեն ծառայելու իրենց նպատակին, այսինքն՝ քաղաքացիներն արդեն իսկ գիտակցում են, որ այդ գումարը կարող են ստանալ, բայց դա չծառայեցնել  գումար տվողի ցանկությանը:  Նույնիսկ, եթե այդպիսի փորձ կատարվի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից, ապա դա լինելու է ապարդյուն:

 -Կապանում ինչ-որ չափով ծանոթ են Ձեր թեկնածու Սամվել Հայրապետյանին, ի՞նչ սպասելիքներ ունեք Մեղրու տարածաշրջանից: Այնտեղ ՀՀԿ-ի թեկնածուները տարբեր ընտրություններում ձայների գերակշիռ մասն են հավաքում հիմնականում:

-Ոչ՝ այդպես չէ, Ագարակում միգուցե, Մեղրիում այս անգամ էր Հանրապետական կուսակցության թեկնածուն շատ ձայներ հավաքել: Անկախ նրանից, թե ինչպես պետք է իրեն պահի Հանրապետական կուսակցությունը, մենք պայքարը տանելու ենք բոլոր ուղղություններով: Որեւէ բնակիչ անմասն չի մնալու մեր թեկնածուի վերաբերյալ  քարոզչական նյութերից տեղեկատվություն ստանալուց, եւ անմասն չի մնալու Հանրապետական կուսակցության թեկնածուի մասին տեղեկատվություն ունենալուց, քանի որ նրանց փորձը բնակիչների համար արդեն պարզ է. դա եղել է շարունակաբար արտագաղթը, մարզում հարուցված բնապահպանական հսկայածավալ խնդիրները, այսօրվա մեր աղքատությունը: Իսկ «Ժառանգությունը», բոլորի համար հայտնի է, ինչ գաղափարով է պատրաստվում իրականացնել իր քաղաքականությունը:

 Հ.Գ. Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջադրած թեկնածու Սամվել Հայրապետյանի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը տեղեկացրեց, որ թեկնածուն այս պահին նախընտրական հանդիպումներ է ունենում Կապանի գյուղերում, ում այս պահին միացել է նաեւ մայրաքաղաքից ժամանած «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Դավիթ Հակոբյանի խոսքով՝ գյուղերում թեկնածուին եւ իր թիմին շատ ջերմ են ընդունում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այդպես էլ չհասկացա,թե հայրենիքի ապագայով ԻՐՈՔ մտահոգված հայը/սյունեցին ինչպե՞ս կարող է լինել ՀՀԿ-ական: ՀՀԿ-ի «լուծումը» միշտ նույնն է. ավելի շատ հանքեր՝ ՀՀԿ-ական հանքատերերի համար: ՀՀԿ-ի այս «լուծումը» Սյունիքի գլխին ՄԻԱՅՆ լիսկաներ կարող է բերել:

    ՀՀԿ-ին բացարձակ ձեռք ՉԻ տալիս ոչ-հանքային/այլընտրանքային արդյունաբերության զարգացում Սյունիքում. պարզագույն պատճառով՝որպեսզի ՀՀԿ-ի դեմ տնտեսական (ու հնարավոր քաղաքական) այլ ուժ չստեղծվի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30