Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը մեզ հրավիրել էր խորհրդակցության, հանձնարարություններ տվել…»

Սեպտեմբեր 19,2013 14:04

Պաշտպանության նախկին փոխնախարարը` իր եւ առաջին նախագահի հանդիպման ու իր պաշտոնանկության մասին

Սկիզբը՝

2008թ. փետրվարի 21-ին Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Երեկ ես հանդիպել եմ պաշտպանության փոխնախարար, պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանի հետ: Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ նրան միացած եւս մի գեներալ-լեյտենանտ` Գագիկ Մելքոնյանը, բանակցություններ են վարում. նրանք՝ ժողովրդի անունից, իսկ բանակի անունից՝ Սեյրան Օհանյանը: Բանակցություններ են վարում, որ Մանվել Գրիգորյանը, Գագիկ Մելքոնյանը, որպես բանակի փոխնախարարներ, կանգնած են իրենց ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանն արժանացած թեկնածուին, որ թույլ չեն տա՝ բանակը խառնվի քաղաքականությանը եւ ուժ գործադրվի սեփական ժողովրդի դեմ: Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանն իրենց համարում են հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր: Ես վստահ եմ, որ բանակի ողջ հրամանատարական կազմը կմիանա իրենց»: Հրապարակը սկսեց վանկարկել` «Ման-վել», «Գա-գիկ», «Լե-վոն»: Այս զարգացումներից մոտ երկու ամիս անց ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանն ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից: «Առավոտն» այս առիթով որոշ հարցեր ուղղեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանին.

– Պարոն  Մելքոնյան, այն ժամանակ Դուք մեկնաբանություններ չարեցիք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Ձեր կապի ու պաշտոնանկության վերաբերյալ:

– Ինձ ոչ ոք չի հարցրել, ես էլ մեկնաբանություն չեմ տվել (ծիծաղում է-Ն. Գ.):

Ես զինվորական եմ եղել, ես նվիրված եմ եղել իմ երկրին, իմ բանակին: Բանակի կառուցման առաջին օրվանից ես կանգնած եմ եղել: 1990 թվականին «Հատուկ գնդի» կազմով երդում ենք տվել` հավատարիմ մնալ մեր պետությանն ու պետականությանը: Մինչեւ վերջ ես իմ երդման տերն եմ. իմ պետության ու իմ պետականության կողքին եմ եղել եւ մնալու եմ: Երկրի նախագահը կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ով կլինի` նա նախագահ է: Իրենք անձ են, բայց նախագահը մնում է նախագահ: Անձ հասկացողությունն ուրիշ է, նախագահ պաշտոնն ուրիշ է: Մենք կանգնած ենք եղել պետության ու պետականության կողքին: «Հատուկ գնդի» հիմնական խնդիրը եղել է այն, որ մեր սահմանները պետք է մնան անսասան:

Իսկ 2008 թվականից այդպես էլ մինչեւ օրս ես չեմ հասկացել, թե ի՞նչ եղավ, ի՞նչ տեղի ունեցավ: Նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, մեզ հրավիրել էր խորհրդակցության, հանձնարարություններ է տվել, խորհրդակցությունն ավարտվել էր, գնացել ենք: Ու ապրիլի 21-ին եղել է իմ ազատման հրամանը:

– Առանց նախնական զրույցի ու պատճառաբանությունների՞:

– Մինչեւ հիմա ես պատճառը չգիտեմ:

– Իսկ Դուք հետո հետաքրքրվե՞լ եք, փորձե՞լ եք հասկանալ ազատման պատճառը:

– Փորձել եմ ճշտել, բայց պարզվել է, որ իմ` կենսաթոշակի անցնելու ժամանակն է եղել: Հիմա ես կենսաթոշակառու եմ, զբաղվում են «Հատուկ գնդի», զոհվածների, վիրավորների եւ այլ հարցերով:

– Պարոն Մելքոնյան, իսկ առաջին նախագահի հետ հանդիպում-պայմանավորվածություն իսկապես եղե՞լ է, մի քիչ մանրամասներ կպատմե՞ք:

– Ոչ: Նման բան չի եղել: Ես առաջին նախագահի հետ չեմ հանդիպել եւ, ընդհանրապես, այս թեմային այլեւս անդրադառնալ չեմ ցանկանում:

– Ադրբեջանական կողմից վերջին շրջանում ռազմատենչ հայտարարություններ են հնչում, ու դրան զուգահեռ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում անընդհատ կրակոցներ են լինում: Սա նշանակում է, որ վերահաս պատերազմն անխուսափելի՞ է:

– Ինչ վերաբերում է կրակոցներին` դա ադրբեջանցիներն անում են վախից` զգուշանալով հնարավոր հարձակումներից, մերթընդմերթ կրակում են: Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին` եթե ադրբեջանցիները համոզված լինեն, որ իրենց մարտունակությունը, իրենց մարտական ոգին նույնիսկ հավասար է մերին, իրենք պատերազմ կսկսեն անմիջապես: Բայց նրանք համոզված են, որ իրենց դեռ ժամանակ է պետք, որպեսզի մոռանան կրած պարտությունները եւ վախը հանեն իրենց միջից: Ինչը շատ դժվար է:

«Հատուկ գնդի» վետերանները գիշերուզօր կանգնած են հայոց բանակի կողքին եւ առաջին իսկ կրակոցից պատրաստ են պաշտպանել իրենց ազատագրած տարածքները, որտեղ ցողված է իրենց մարտական ընկերների արյունը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Բա շուտ ասեիր որ Մանվլի գեներալներից էս:

    Պտուղը ծառից հեռու չի ընկնի:

    Այդ դեպքում դու իսկի Կոմանդոսի անունը տալու իրավունք էլ չունես, ուր մնաց «քննադատես»:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30