Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնին հայ մասնակիցների թիվն ընդլայնվել է

Հոկտեմբեր 25,2013 17:45

«ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի կբացի «Իմ մայրիկն Ամերիկայում է եւ  նա հանդիպել է Բաֆֆալո Բիլին» համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմը: Փառատոնի շրջանակներում Երեւանում տեղի են ունենալու մի շարք անիմացիոն ֆիլմերի միջազգային եւ տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ եւ ոլորտի անվանի ներկայացուցիչներ: Այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեցին փառատոնի կազմակերպիչները` հավելելով, որ 500 ֆիլմ է մասնակցում 70 երկրից, փառատոնին ցուցադրվելու է 212-ը: Ժյուրին բաղկացած է հայ եւ միջազգային մասնագետներից:

Ծրագրերի ղեկավար Քրիստինե Զաքարյանի փոխանցմամբ` այս տարի մրցութային ծրագրերում երկու նոր անվանակարգ է ավելացել՝ երաժշտական եւ անիմացիոն ֆիլմեր: «Կա նոր հետաքրքիր ծրագիր՝ քաղաքական եւ փաստագրական անիմացիա: Այս ծրագրի շրջանակներում մի քանի ֆլիմեր են ցուցադրվելու: Ծրագրում կա նաեւ փառատոնային ընտրանի, որի ընթացքում ցուցադրվելու են այս տարիների լավագույն ֆիլմերը»,- ասաց նա:

Այս տարվա կինոփառատոնին հայ մասնակիցների թիվն ընդլայնվել է` ընդհանուր առմամբ տասն են, որից ութը՝ Հայաստանից, մյուս երկուսը` Ռուսաստանից և Իրանից: Երեք ֆիլմ կա կարճամետրաժ մրցութային, ինչպես նաև երաժշտական եւ գովազդային ծրագրերում:

Զաքարյանի խոսքով`  այս տարի լիամետրաժ ֆիլմերի ծրագիրը շատ հետաքրքիր է եւ առավելությունը  կայանում է նրանում, որ  բացման ֆիլմը նախկին ԽՍՀՄ երկրներում դեռ չի ցուցադրվել, այստեղ է ցուցադրվելու առաջին անգամ:

Ֆիլմերի ցուցադրությունները կանցկացվեն «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, հրավիրված լավագույն մասնագետների վարպետության դասեր կլինեն «Թումո» կենտրոնում

Հայաստանյան ծրագրերի ղեկավար Րաֆֆի Մովսիսյանն էլ նշեց, որ նոյեմբերի 1-3-ը փառատոնը կանցկացվի Արցախում. «Վստահ ենք, որ անիմացիան չկենտրոնացնելով մայրաքաղաքում՝ լավ անակնկալ ենք մատուցում ղարաբաղցի հանդիսատեսին: Երեք օր շարունակ Ստեփանակերտում պիտի ներկայացնենք այս տարվա ֆիլմերի լավագույն ընտրանին»:

«Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն հինգերորդ կինոփառատոնին այս տարի ներկա կլինի նաև Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսքին:

Այս տարի «ՌեԱնիմանիա»-ն նշում է իր հնգամյա հոբելյանը, ինչը համընկնում է հայ անիմացիոն արվեստի 75 ամյակի հետ: Կինոփառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի աջակցությամբ:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031