Հայ գրականության հանճարեղ պատանին. Պետրոս Դուրյան

Հայ գրականության հանճարեղ պատանին. Պետրոս Դուրյան

1872թ.-ի հունվարի 21-ին 142 տարի առաջ, հազիվ 21 տարեկանում, թոքախտից հյուծված, մեր աշխարհից առհավետ հեռացավ երիտասարդության շեմը դեռ նոր թևակոխած Պետրոս Դուրյանը, որն իր քնարերգական բանաստեղծությամբ գրավեց մեր ժողովուրդի սիրտը և արժանավորապես դարձավ հայ գրականության ոսկեմատյանի էջերի, ցավի ու տրտունջքի, հուսահատության և ծառացումի հանճարեղ երգիչը։

Ծնվել է 1851թ.-ին, մայիսի 20-ին, Պոլսի Սկյութար թաղամասում, երկաթագործ Զմպայանի աղքատ հարկի տակ և հորական ազգանվան հայացումով էր, որ Պետրոս Դուրյան գրչանունով ստորագրեց հազիվ 13 տարեկանում իր գրած առաջին բանաստեղծությունը։

Կյանքը դաժան գտնվեց բնատուր տաղանդով օժտված այս պատանու նկատմամբ։ Աղքատության մեջ մեծանալով՝ չկարողացավ ուսման իր ծարավը հագեցնել և պատանի տարիքից աշխատանքի ասպարեզ նետվեց՝ ընտանիքի կարիքները հոգալու պարտավորությամբ։ Բայց գրականության հանդեպ սերը և բանաստեղծական երկունքի ներքին հուրը այնքան բուռն ու կրակոտ էր Դուրյանի սրտում և մտքում, որ իբրև ապրուստի միջոց ընտրեց ժամանակի հայկական մամուլի աշխատակցությունը, հատկապես թատերագրության ճանապարհով, որովհետև այդ օրերին մեծ ժողովրդականություն էր վայելում թատրոնը. նույնիսկ դերասանությամբ իր ապրուստը ապահովելու հարկի տակ գտնվեց քնարերգակ բանաստեղծի մեծ տաղանդ ունեցող հայ հանճարի այս անկրկնելի շառավիղը։

Կյանքը դաժան եղավ, մանավա՛նդ, պատանի Դուրյանի առողջական վիճակը կանխավ քայքայելու և անբուժելի թոքախտով վարակելու, տառապանքի ու հուսահատության մատնելու իմաստով։ Հիվանդոտ կյանքը և նրա առաջացրած հուսահատությունն ու հոռետեսությունը ծանր անդրադարձ ունեցան սիրո խոր զգացումներով և ալեկոծումներով հատկանշվող վաղամեռիկ այս բանաստեղծի հուզաշխարհի վրա։

Ճակատագիրը միայն 21 տարի ապրելու հնարավորություն տվեց Պետրոս Դուրյանին, բայց իր սրտի ու հոգու մեջ կյանքի ու սիրո անմար կրակ ունեցող մահամերձ բանաստեղծը անտրտունջ չհեռացավ մեր աշխարհից։ Ընդհակառակը՝ 1871թ.-ին, մահվան իր սնարին գամված, հավերժության հանձնեց «Տրտունջք» խորագրված իր անմահ բանաստեղծությունը՝ Ճակատագրի և մահվան դեմ ընդվզումի ու ըմբոստացման հանճարեղ երգը երկնելով.-

Է՜, մընաք բարով, Աստուած եւ արեւ,
Որ կը պըլպըլաք իմ հոգւոյս վերեւ…
Աստղ մþալ ես կþերթամ յաւելուլ երկինք,
Աստղերն ի՜նչ են որ եթէ ոչ անբիծ
եւ թշուառ հոգւոց անէ՜ծք ողբագին,
Որք թըռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծոյն՝ շանթերո՜ւ արմատ՝
Յաւելուն զէնքերն ու զարդերն հըրատ…
Այլ, ո՜հ, ի՞նչ կþըսեմ… շանթահարէ՛ զիս,
Աստուա՛ծ, խոկն հսկայ փշրէ՛ հիւլէիս՝
Որ ժպրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուխքն անալի…։

Կրկնակիորեն՝ թե՛ ընկերային և թե՛ առողջական առումով այսօրինակ դաժան  մի կյանք  ապրելով՝ Պետրոս Դուրյանը բանաստեղծության մեջ որոնեց և գտավ ինքնադրսևորման ու ինքնահաստատման իր կենսունակ աշխարհը։ Թեև զրկվեց բեղուն ստեղծագործության անհրաժեշտ ժամանակից, բայց հազիվ քառասունի հասնող իր բանաստեղծությունները ինքնին բավարար եղան, որպեսզի Պետրոս Դուրյանը հորիզոն բացեր հայ քնարերգության առջև ու թռիչք տար սիրո և տառապանքի` մարդկային ամենից վավերական, հորդ ու անկեղծ զգացումները թրթռացնելու և հավերժության հանձնելու երկունքին։

Իր ժամանակին Պետրոս Դուրյանը շատ սիրված և պահանջված բանաստեղծ դարձավ հայ երիտասարդության համար։ Իր «Լճակ»ը, «Տրտունջք»ը, «Հեծեծմունք»ը, «Ինչ կþըսեն»ը, «Թրքուհին», «Իմ մահը» և մյուս բանաստեղծությունները դարձան երիտասարդ սրտերի և հոգիների հարազատ թարգմանը, նրանց շուրթերին շարունակ հնչող երգերը…

Շատերը զիս մերժեցին,
«Քընար մþունի սոսկ» – ըսին.
Մին՝ «դողդոջ է, գոյն չունի» –
Միսն ալ ըսաւ.- «կը մեռնի»։

Ոչ ոք ըսաւ,- «Հէ՛ք տըղայ,
Արդեօք ինչո՞ւ կը մըխայ,
Թերեւս ըլլայ գեղանի,
Թէ որ սիրեմ, չը մեռնի»։

Ոչ ոք ըսաւ՝ – «Սա տըղին
Պատռե՛նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրուած կան…»
– Հոն հրդեհ կայ, ո՛չ մատեան։

Այդ էր պատճառը, որ իր թաղումը ազգային մեծ շուքով ու չորս հազարից ավելի երիտասարդների մասնակցությամբ տպավորիչ թափորով կատարվեց։ Մանրավեպի նշանակություն ունի, բայց արժե այստեղ մեջբերել Մուշեղ Իշխանի այն վկայությունը, որ երիտասարդությունը փափագում  էր Դուրյանի թաղումը նվագախմբի ընկերակցությամբ կատարել, հակառակ նրան որ մեր եկեղեցին այդ ժամանակ արգելում էր նման բան։ Այդ խնդրանքով էլ երիտասարդները դիմում են Պոլսի Հայոց Պատրիարք Խրիմյան Հայրիկին, որի պատասխանը՝ «Հրաման չեմ տա, բայց կներեմ»-ը շատ բան է ասում մեր ժողովրդի սրտում Պետրոս Դուրյանի գրաված տեղը և հանճարեղ բանաստեղծի արժանավորության մասին։

Դուրյանի մեծությունը չսահմանափակվեց իր ցավի ու տառապանքի ահագնությամբ։ Նաև նորարարությունը Դուրյանի գրականության տիրական գիծը դարձավ։

Ազգային Զարթոնքի շարժման և աշխարհաբարի տարածման դրոշակակիրներից հանդիսացավ Դուրյանը, որն այս առումով ևս պայքարի դիրքերը ակամա լքելու ճակատագրի դեմ ընդվզեց՝ «Իմ Ցաւը» բանաստեղծության մեջ ափսոսելով.-

Հէք մարդկութեան մէկ ոստը գօս՝
Հայրենիք մը ունիմ թշուառ,
Չօգնած անոր մեռնի՜լ աննշան,
Ո՜հ, ա՛յս է սոսկ ցաւ ինձ համար։

Եվ որքա՜ն դիպուկ է Հրաչ Տասնապետյանի խտացված արժևորումը.

– «Քսանմեկ տարեկանում մահացած այս հանճարեղ պատանին մի երևույթ է ոչ միայն հայ, այլև բոլոր գրականությունների պատմության մեջ։ Նա է, որ մեր մեջ աշխարհաբար քնարերգակ բանաստեղծության հիմք դրեց, իր ներշնչման խորությամբ, անկեղծությամբ ու արտահայտվելու եղանակով հասնելով քիչ անգամ հավասարվող  մի բարձրության»։

Մահվան 142-րդ տարելիցն է, հունվար 21-ը, կյանքի և սիրո այնքա՜ն խոր ծարավով վառված և բաց աչքով կյանքից առհավետ հեռացած հայ գրականության Հանճարեղ Պատանու, որ «Իմ Մահը» խորագրով իր բանաստեղծության վերջին տունով արտահայտեց մահվան սնարին գտնվող ամեն մարդու խորագույն ցավը.

Իսկ աննշան եթէ մնայ,
Երկրի մէկ խորշն հողակոյտն իմ,
Եւ յիշատակս ալ թառամի,
Ա՜հ, ա՛յն ատեն ես կը մեռնիմ…

Եվ Դուրյանը հաղթեց մահին։

Ոչ միայն չթառամեց Դուրյանի հիշատակը, այլև՝ իր բանաստեղծությամբ, նա հայոց սերունդների մնայուն ընկերակիցը դարձավ։

Անմահությունը նվաճեց։

Armenian Community of Georgia
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վահան says:

    Դուրյան, Մեծարենց սիրող, հասկացող մարդը չի կարող վատ մարդ լինել:

  2. Վահան says:

    Եւ երկու դիտողություն: Բանաստեղծություններում ապաթարցն այնպես եք տպել, որ անհասկանալի նշանի է վերածվե: Չիմացողը չի հասկանա: Եւ երկրորդ` այսքան գեղեցիկ գրվածքը ստորագրված է ոչ հայերեն: Ոնց չասես` սիրուն չի:

  3. Սամվել says:

    «Հայրենիք մե ունիմ թշվառ» – այս խոսքերը այժմ էլ արդիական են: Խե՜ղճ Դուրյան, ի՞նչ իմանայիր, որ 150 տարի հետո թուրքի լծից պրծած հայը նորից ընկնելու է, այս անգամ արդեն, հայի լծի տակ:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք