Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են հայերը «քցում» հայերին-2

Հունվար 31,2014 13:57

«Հակակոռուպցիայի» հերթական աղմկոտ գործը

2012 թվականին ՌԴ քաղաքացի Կարեն Գեւորգյանը Երեւանում գտնվող ընտանեկան ունեցվածքի վաճառքից գոյացած 33.500.000 ռուբլին փոխանցում է Արգիշտի (Արգո) Գեւորգյանին` Մոսկվայում իր համար բնակարան ձեռք բերելու նպատակով: Գործարքը տարբեր պատճառաբանություններով ձգձգվում է:

2012-ի օգոստոսի վերջերին Արգիշտի Գեւորգյանը ՌԴ քննչական մարմինների կողմից կալանքի տակ է վերցվում` խուլիգանության կասկածանքով: Այնուհետեւ ընդհանուր ծանոթներից եւ մամուլի հրապարակումներից Կարեն Գեւորգյանը տեղեկանում է, որ Արգիշտի Գեւորգյանը քաղաքացի Ռոյթմանից բավականին պատկառելի գումար է շորթել` խոշոր շինարարական ծրագրերի իրականացման հարցեր կարգավորելու պատրվակով՝ Մոսկվայի կառավարությունում «հարցեր լուծելու» համար:

Այդուհանդերձ, մեկուսարանում Արգիշտի Գեւորգյանի հետ հանդիպումից հետո, հավատալով վերջինիս խոսքին, Կարեն Գեւորգյանը համբերատար սպասում է՝ մինչեւ իրավապահների հետ ունեցած իր խնդիրներն Արգիշտին կարգավորի, ու հետո զբաղվեն իրենց հարցերով: Սակայն` ապարդյուն: Կարեն Գեւորգյանին առաջիկայում սպասվում էր ոչ թե խնդիրների կարգավորում, այլ նոր անակնկալներ:

Կարենը ընդհանուր ընկերներից տեղեկանում է, որ 2012-ի ապրիլին Արգիշտին երեք բնակարան է ձեռք բերել Մոսկվայում, երկուսը` Գեւորգյան Ա. Ս.-ի, մեկը` Գեւորգյան Գ. Ս.-ի անունով: Անակնկալի գալով հանդերձ` Կարենը հույսը չի կորցնում, որ Արգիշտիի հետ իր խնդիրները խաղաղ լուծում կգտնեն: 2013-ի նոյեմբերին Արգիշտին ազատ է արձակվում: Կարենի` նրա հետ կապվելու փորձերը, սակայն, ապարդյուն են անցնում: Արգիշտին ամեն կերպ խուսափում է հնարավոր շփումներից: Ի վերջո, մի գեղեցիկ օր էլ զանգահարում է Կարենին եւ հայտարարում, որ չի պատրաստվում նրան որեւէ գումար վերադարձնել, որ ինքն արդեն կապվել է ինչ-որ մարդկանց հետ ու իր բոլոր խնդիրները լուծել եւ այժմ որեւէ մեկին ոչինչ պարտք չէ:

Ի դեպ, ըստ լուրերի՝ Արգիշտի Գեւորգյանին հովանավորում են էջմիածինցի հայտնի հեղինակություն Պիպոն` Արթուր Ասատրյանը, եւ Սարատովից օրենքով գող ոմն Արտյոմ, ով այս պահին հետախուզման մեջ է եւ թաքնվում է Մոսկվայում:
«Ինչպես են հայերը «քցում» հայերին» շարքի այս գործն այժմ գտնվում է «Հակակոռուպցիայի» վարույթում: ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտե» հասարակական կազմակերպության ղեկավար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Մամաեւը (լուսանկարում՝ ձախից) «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ կազմակերպությունը հարցումներ է նախապատրաստել` ուղղված ռուսաստանյան պետական եւ քննչական մարմիններին, այդ թվում նաեւ՝ հարկային մարմիններին, որպեսզի վերջիններս ստուգեն Արգիշտի Գեւորգյանի՝ ՌԴ-ում գտնվող ունեցվածքի օրինականությունը, դրանց ձեռք բերման աղբյուրները: Ի դեպ, Մամաեւի գնահատմամբ՝ հայաստանյան համանուն կազմակերպության հետ մեկտարյա գործունեությունը բավականին դրական արդյունքներ է տվել, որոնց մասին արդեն առաջիկայում կոնկրետ փաստեր կհրապարակեն:

«Հակակոռուպցիա» հայաստանյան կազմակերպության ղեկավար Գառնիկ Մարգարյանն էլ (լուսանկարում՝ աջից) մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս օրերին Հայաստանում է գտնվում ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի» ներկայացուցիչ Մերի Ներսիսյանը, եւ անցյալ տարի կնքված պայմանագրի շրջանակներում փորձում են առավել սերտ համագործակցության հնարավորություններ գտնել: Ռուսաստանյան կազմակերպությունն արդեն իսկ հասցրել է դառնալ եվրոպական կառույցի լիարժեք անդամ: Այժմ բանակցություններ են գնում հայաստանյան կազմակերպության` եվրոպական կառույցի լիարժեք անդամ դառնալու շուրջ:

Գառնիկ Մարգարյանը տեղեկացրեց նաեւ, որ նախկին` մամուլում քանիցս հրապարակված գործերով, որոնք վերաբերում են հայաստանյան նախկին ու ներկա չինովնիկների ունեցվածքին ու գործունեությանը, մասնավորաբար, կապվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին քաղաքապետեր Գագիկ Բեգլարյանի, Երվանդ Զախարյանի, Մոսկվայի հայերի միության նախագահ Նորիկ Թեւանյանի եւ այլոց անունների հետ, արդեն իսկ ընթացքի մեջ են, եւ ռուսաստանյան դատախազությունն ու քննչական մարմինները զբաղվում են դրանցով:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. «Առավոտի» առաջիկա համարներում առավել մանրամասն անդրադարձներ կներկայացնենք ՌԴ-ում «քցված» մեր համերկրացիների եւ նրանց «քցողների» ու հայաստանցի պաշտոնյաների, հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ կապի մասին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Աշխարհը վերջապես միավորված է հայ երևույթի դեմ և դա արդեն համաշխարհային քաղաքակրթության պայքարն է գենետիկ ցեցի դեմ:Տա Աստված ցեցն ինքն իրեն արագ ուտի և ավելորդ ջանքեր չպահանջվեն:Գենետիկան բացառություններ չունի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031