Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի բուհերում

Փետրվար 01,2014 10:11

Edu.am. Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ռեկտորի տեղակալ Լ. Ալախիձեն, ողջունելով պատվիրակության անդամներին, հակիրճ ներկայացրել է վերջին շրջանում բուհում իրականացված մասնագիտական ու կազմակերպական գործընթացները` կարևորելով ակադեմիական ազատությունների ընդլայնման խնդիրը: Նա անդրադարձ է կատարել նաև բուհական համակարգի մարտահրավերներին՝ մասնավորապես առանձնացնելով վրաց երիտասարդների շրջանում իրավագետի, տնտեսագետի և նմանատիպ այլ  մասնագիտությունների նկատմամբ մեծ հետաքրքրության խնդիրը: Նախարար Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունները շահագրգիռ են, որպեսզի ընդլայնվեն երկու երկրների բարձրագույն կրթական հաստատությունների միջև հորիզոնական կապերը, որոնք կնպաստեն ինչպես ուսանողների և դասախոսների շարժունության աստիճանի բարձրացմանը, այնպես էլ համատեղ միջազգային ծրագրերի իրականացմանը:  Անդրադառնալով հայագիտության խնդրին` նախարարը նշել է, որ հայկական կողմը պատրաստ է որոշակի դրամաշնորհներ տրամադրել Վրաստանի բուհերի այն ուսանողներին, ովքեր նախընտրում են հայագիտական թեմաներով ուսումնասիրություններ իրականացնել:

Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Թբիլիսիի պետական համալսարանում սովորող հայ և վրացի ուսանողների հետ: Նախարարը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են կրթաթոշակային ծրագրերին, Վրաստանում հայկական դպրոցների վիճակին, հայոց լեզվի ու հայոց պատմության դասաժամերին: Նախարարն ուսանողներին տեղեկացրել է, որ հայ համայնքի խնդիրները եղել են Վրաստանի կրթության և գիտության նախարար Թ. Սանիկիձեի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման օրակարգում և ներկայացրել է որոշ մանրամասներ այդ հարցերի հետ կապված:
Հայկական պատվիրակությանն հանդիպում է ունեցել  նաև Վրաստանի Սփյուռքի նախարար Կ Սուրգուլաձեի հետ: Նա ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը և ընդգծել, որ վրացական կողմին հետաքրքիր է այն մեծ փորձը, որն ունի Հայաստանն այդ ոլորտում: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է կրթության ոլորտում Սփյուռքի հետ իրականացվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձ կատարելով սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, հայագիտական և գաղթօջախների կարիքները բավարարելու համար տրամադրվող կրթաթոշակային, համահայկական օլիմպիադաների կազմակերպման ծրագրերին:
Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Իլիայի պետական համալսարան, որտեղ համալսարանի աշխատակազմի ղեկավար Զ. Ջավախիշվիլին և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության  համաձայնագիր, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման և գիտաժողովների կազմակերպման հեռանկարներ: ՀՊՄՀ ռեկտոր Ռ. Միրզախանյանը, որպես համաձայնագրից բխող առաջին գործնական քայլ, պատրաստակամություն է հայտնել բուհի կողմից կազմակերպվող ուսանողական ամառային դպրոցում ընդգրկել նաև Իլիայի համալսարանի ուսանողներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728