Լրահոս
Օրվա լրահոսը

«Web Ծիրանը» պաշտոնապես մեկնարկեց

Փետրվար 17,2014 21:39

Webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ արդեն պաշտոնապես մեկնարկել է «Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը: Ինչպես  Aravot.am-ին տեղեկացրեց Webtv.am-ի տնօրեն Արայիկ Մանուկյանը, փառատոնին ներկայացված է խաղարկային, վավերագրական, անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ: «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնին, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ՝ webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ, այս անգամ ֆիլմեր են ներկայացրել ոչ միայն անհատ կինոռեժիսորներ, այլեւ ֆիլմ արտադրող ընկերություններ Ռուսաստանից, Գյումրիից, Երեւանից , որոնց թվում են «Rus Jet», «ԺԱՄ», «ՄԵՆՔ», «Five +Production», «ՄԱՆ ՓԻՔՉԵՐՍ» , «Idea Fix», «Freind Film Production» ֆիլմարտադրող ընկերություններն ու կինոստուդիաները: Ներկայացված են նաեւ EPWC-ի աջակցությամբ եւ «SOS մշակույթ» ծրագրի շրջանակներում Հայաստանի ամենատարբեր մարզերում երիտասարդական ակումբների կողմից նկարահանված ֆիլմեր, որոնք բարձրացնում են լուրջ էկո խնդիրներ: «Այս անգամ «Web Ծիրան» – ում տեղի է ունենում Շուշանիկ Սահակյանի եւ Հովհաննես Պապիկյանի՝ «Զուլում. Մի անձայն կարոտ» ֆիլմի ինտերնետ պրեմիերան: Ֆիլմը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին եւ պատմում է ականավոր հայ նկարիչ, կենդանի լեգենդ Զուլումի կյանքի անցած պատմությունը: 3-րդ «Web Ծիրան» -ում տեղի է ունենում նաեւ մեր հայրենակից, շվեդահայ կինոռեժիսոր Պողոս Արոյի՝ «Շոպենի լավագույն աշակերտը» ֆիլմի հայաստանյան ինտերնետ պրեմիերան, որը կինոռեժիսորի հերթական բացահայտումն է հայ մշակույթի արմատներից: Այն բացառիկ մի պատմություն է հայազգի մի եզակի անհատականության մասին, որի անունը, ցավոք, շատ քչերին է հայտնի աշխարհում, հատկապես՝ Հայաստանում: 3-րդ «Web Ծիրան» -ում ներկայացված են հետաքրքիր ռեմեյքեր, այլընտրանքային մոտեցումներով, ռեժիսորական յուրօրինակ լուծումներով արված ամենատարբեր ժանրերի ֆիլմեր, նաեւ խաղարկային ֆիլմեր հայտնի դերասանների մասնակցությամբ: Գլխավոր մրցանակը՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, շնորհվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատման արդյունքում հաղթող ճանաչված ֆիլմին: Տրվելու են նաեւ խրախուսական մրցանակներ, որոնք խրախուսելու են ֆիլմարտադրությունը Հայաստանում: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմին կտրվի նաեւ «Համակրանք» մրցանակը: Ֆիլմերի դիտումների քանակը կհաշվարկվի 12.02. 2014 թվականի ժամը 15:30-ից սկսած: webtv.am-ում ֆիլմերի տեղադրման եւ տեխնիկական կարգավորումների ընթացքում արձանագրված դիտումները չեն գրանցվի որպես հաշվարկային: Առաջիկա մեկ ամսում մնացեք «Web Ծիրան»-ի հետ, դիտեք հայ երիտասարդ, հայտնի ու անհայտ կինոռեժիսորների աշխատանքները, գնահատեք, գրեք ձեր գնահատականներն ու կարծիքները: Հետեւեք ֆիլմերին webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ: Հետեւեք «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնի եւ webtv.am-ի ֆեյսբուքյան էջերին»,-հայտնեց պարոն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերին: Առաջին փառատոնին մասնակցեց ամենատարբեր ժանրերի 49 ֆիլմ, որը webtv.am հեռուստատեսությամբ մեկ ամսում դիտեցին 52.000 անգամ: Սահմանված 2 (երկու) մրցանակները՝ «Web Ծիրան» գլխավոր մրցանակը եւ «Web Ծիրան» խրախուսական մրցանակը փառատոնի հիմնադիրների որոշմամբ տրվեցին ինտերնետ քվեարկության արդյունքում ամենաշատ ձայն հավաքած ֆիլմերին: Փառատոնի ֆիլմերը դիտած օգտատերերը webtv.am հեռուստակայքում գրեցին մոտ 4000 մեկնաբանություն: Փառատոնի ողջ ընթացքում գործեց նաեւ փառատոնի հատուկ էջը Facebook սոցիալական ցանցում: Փառատոնի բոլոր ֆիլմերի մասին տեղեկատվական անոնսներ տեղադրվեցին ինչպես Facebook սոցիալական ցանցի Փառատոնի հատուկ էջում, այնպես էլ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, webtv.am ինտերնետ հեռուստատեսության էջերում: Փառատոնի մեկնարկին եւ ընթացքին անդրադարձան ավելի քան 200 տեղական եւ միջազգային զանգվածային լրատվամիջոցներ` հեռուստաընկերություններ, թերթեր, ինտերնետային լրատվամիջոցներ: «Web Ծիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը մեկնարկեց 2012 թվականի նոյեմբերի 1-ին եւ ավարտվեց նոյեմբերի 31-ին: Այս անգամ ընտրության ավելի չափորոշիչային պայմաններում կինոփառատոնին ներկայացվեց 15 խաղարկային եւ վավերագրական ֆիլմ: Սահմանված էր 1 գլխավոր եւ 4 խրախուսական մրցանակ եւ 1 «Համակրանք» մրցանակ: 1 ամսում ֆիլմերը webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ դիտեցին ավելի քան 12.000 անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728