Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի հանքարդյունաբերական ընկերությունների աշխատանքն ու դրա հետեւանքները՝ մեկ ֆիլմի տեսքով

Մարտ 04,2014 23:14

«Ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում հայ ժողովուրդն այդ ամենից…
Մենք ամեն օր արթնանում, քայլում, խոսում, քնում ենք, իսկ հանքարդյունաբերական անքուն շարժիչը շարունակում է աշխատել: Տարին 12 ամիս թունավորվում է մեր հայրենի հողը, ջուրը, օդը… Սա պատերազմ է առանց զենքի: Պատերազմ, որտեղ մենք կրում ենք պարտություն պարտության հետևից, և այս աղետի համար պատասխանատու ենք յուրաքանչյո´ւրս: Մեր անտարբերության, չիմացության ու վախերի պատճառով մենք ամեն օր կորցնում ենք այն, ինչ պետք է ապահովի մեր ու մեր սերունդների անվտանգ և առողջ ապագան հայրենի երկրում», – սա Համահայկական բնապահպանական ճակատի կողմից նկարահանված «Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիլմից վերցված մի հատված է, որն այսօր Կապան քաղաքացիական շարժման նախաձեռնությամբ  Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում ցուցադրվեց Կապանի հանրության համար:

Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես են Սյունիքի մարզում գործող հանքարդյունաբերական ընկերություններն անխնա ոչնչացնում Սյունիքի բնությունը, բնապահպանական ու առողջապահական խնդիրներ առաջացնում  տարածաշրջանի համար: Ֆիլմի ցուցադրության նախաձեռնողների խոսքով՝ իրենք նպատակ են ունեցել իրազեկել հանրությանը մարզում տիրող իրավիճակի մասին: «Ֆիլմի հերոսը դրախտավայր Սյունիքն է՝ իր հիասքանչ բնությամբ, որը նման պայմաններում կանխատեսելի ապագայում կարող է վերածվել դժոխքի: Մենք չենք պայքարում այդ ընկերությունների փակման դեմ: Շատ լավ գիտակցում ենք, որ այդ ընկերությունները սոցիալական խնդիրներ են լուծում, աշխատատեղեր ապահովում բնակիչների համար, բայց դրան զուգահեռ առաջացնում եմ բնապահպանական, առողջապահական բազմաթիվ խնդիրներ: Նույնիսկ սոցիալական ծրագրերը, որ նրանք իրականացնում են,  ստացվում է պայքարում են հետեւանքների դեմ, ոչ թե պատճառների վերացման համար», -ասաց Կապան քաղաքացիական շարժման անդամ Էդգար Հովհաննիսյանը եւ նշեց, որ շարժման մասնակիցներով փորձելու են օրակարգում պահել ֆիլմում բարձրացված խնդիրները եւ հանքարդյունաբերական ընկերությունների հետ համատեղ օգնելու են դրանց լուծմանը:

film2

Ֆիլմի համահեղինակ Լեւոն Գալստյանը, ով նույնպես ներկա էր ֆիլմի ցուցադրությանը, նշեց, որ ֆիլմ նկարելու որոշում ի սկզբանե չի եղել: Սյունիք կատարած այցից հետո դիտելով արված լուսանկարներում ու տեսանյութերը, որոշել են միասնական գաղափարի տեսքով ներկայացնել հանրությանը:

«Հանքարդյունաբերությունն այսօր պետք է Հայաստանին, բայց պետք է  լինի այնպիսի ծավալներով հանքարդյունաբերություն, որն իր բերած օգուտների եւ  հասցրած վնասների հավասարակշռությունը չխախտի, այսինքն՝  բնությունը եւ բնակչությունը չտուժի դրա արդյունքում», – ասաց Լեւոն Գալստյանը:

Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո նաեւ հարց ու պատասխանի ձեւաչափով  նախաձեռնողները քննարկում էին կազմակերպել, որտեղ մասնակիցները ներկայացրեցին նաեւ իրենց տեսակետներն ու կարծիքները:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Դա դրական առաջին քայլ է,որ ՎԵՐՋԱՊԵ՜Ս նաև բուն Սյունիքում քաղաքացիական ուժեր սկսում են ԱՆԿԵՂԾՈՐԵՆ ու անշահ նայել հանքարդյունաբերության տված կարճաժամկետ (սահմանափակ) օգուտների ու ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՆԱՍՆԵՐԻ բալանսին:

    Ցանկացա՛ծ երկրում երկրի տնտեսության շարժիչը փոքր (և միջին) ձեռնարկությունների ստեղծումն է: Իսկ սա միշտ (հատկապես սկզբում) ՊԻՏԻ ստանա պետական հովանավորում/խթանում:

    Կառավարությունը Սյունիքում (հանքային եկամուտներից/հատուկ հանքային տուրք մտցնելով) ՊԻՏԻ անմիջապե՛ս ստեղծի հատուկ ՊԵՏԱԿԱՆ մի բանկ` երկարաժամկետ (15-20 տարով) ու շատ ցածր տոկոսով (0,5-1%) կամ անտոկոս ՊԵՏԱԿԱՆ (հովանավորությամբ) անգրավ վարկ տրամադրելու համար, որպեսզի մարզում փոքր բիզնեսներ ստեղծվեն/զարգանան:Սյունիքում քաղաքացիական հասարակությունը պիտի՛ պայքարի ու պահանջի այսպիսի ֆոնդի ստեղծումը:

    ԴԵՌ լրիվ ուշ չէ. 15-20 տարի հետո այդ հանքերի պաշարները վերջանալու են ու այդ հանքերը փակվելու են` թողնելով հսկա աղտոտվածություն ու պոչամբարներ: Նախ` ո՞վ և ու՞մ փողերով պիտի սա մաքրվի: Հետո` ո՞վ 15-20 տարի հետո պիտի ներդրում կատարի հանքային թափոնասարերի ու պոչամբարների կողքին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31