Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրական միավորներով բոլոր դիմորդները կընդունվեն ԵՊՀ». ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար

Մայիս 27,2014 19:26

Այս տարվա դիմորդների գործերի ընդունելության առաջին փուլը կավարտվի հունիսի 1-ին: Այս փուլում գործերը հանձնում և մասնագիտություններ են հայտագրում հանրակրթական դպրոցների այս և նախորդ տարվա շրջանավարտները, իսկ ահա հունիսի 25-ից կսկսվի և մինչև հուլիսի 2-ը կտևի դիմում-հայտերի ընդունման երկրորդ փուլը, որին կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները, օտարերկրացիները, արտասահմանյան ուսումնական հաստատություններ ավարտած ՀՀ քաղաքացիները, այս տարվա գարնանը զորացրվածները, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները: Մասնագիտությունները կարող են հայտագրել ըստ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի: Անվճար՝ մեկ կամ մի քանի բուհերի մինչև երկու մասնագիտություն, իսկ վճարովի՝ մեկ կամ մի քանի բուհերի մինչև 8 մասնագիտություն:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ԵՊՀ դիմել է շուրջ 2200 դիմորդ, որը 400-ով պակաս է նախորդ տարվա դիմորդների թվից. «ՀՀ պետական և ոչ պետական բոլոր բուհերում է դիմորդների թիվը նվազել,- նկատեց Վ. Գալստյանը:- Ընդհանուր առմամբ, նրանց թիվն այս տարի պակասել է 2000-ով»:

Ըստ բանախոսի՝ այս տարի ավելի մեծ է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Պատմություն», «Միջազգային հարաբերություններ», «Հանրային կառավարում», «Կառավարում», «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն, անգլերեն», «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ» և «Իրավագիտություն» մասնագիտություններով դիմորդների թիվը:

Անհամեմատ ավելի քիչ են բնագիտական ֆակուլտետների դիմորդները, որոնց թիվը չի գերազանցում անվճար տեղերի թիվը: Քիչ են նաև «Փիլիսոփայություն», «Հոգեբանություն», «Մշակութաբանություն», «Արվեստաբանություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Արաբագիտություն», «Թուրքագիտություն», «Աստվածաբանություն» մասնագիտություններով դիմորդները:

Վ. Գալստյանն ասաց նաև, որ, հաշվի առնելով հանրակրթական դպրոցների շրջանավարտների թվի նվազումը վերջին տարիներին, որոշ փոփոխություններ են մտցրել ընդունելության քննությունների մեջ. «Բնագիտական ֆակուլտետների «Ֆիզիկա», «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա», «Մաթեմատիկա» մասնագիտությունների համար դիմորդները, եթե նախկինում պարտավոր էին քննություն հանձնել և´ ֆիզիկայից, և´ մաթեմատիկայից, ապա այս տարի, թափուր տեղերի դեպքում, մեկ առարկայով (մաթեմատիկա կամ ֆիզիկա) և պետական ավարտական քննական գնահատականով կարող են ընդունվել համալսարան»,- ասում է ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը:

Ինչ վերաբերում է «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությանը, Վ. Գալստյանն ասաց, որ այս տարի հանել են մրցութային երրորդ քննական առարկան՝ հայ ժողովրդի պատմությունը կամ կամընտրական օտար լեզուն. «Պարզապես, դիմորդը պետք է ատեստատում ունենա դրական գնահատական»,- ասաց նա և հավելեց, որ նույնն է արվել նաև «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության դեպքում, բայց այստեղ մրցութային քննությունների ցանկից հանել են «Հայոց լեզու և գրականություն» միասնական գրավոր քննությունը:

Վ. Գալստյանը խոսեց նաև մի նորության մասին. «ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ այս տարվանից կարող ենք պատրաստել 15 մասնագետներ, որոնք ավարտելով կարող են աշխատել ՊՆ կապի վերանորոգման ստորաբաժանումներում՝ լեյտենանտի կոչումով, 5 տարի պայմանագիր կնքելով, այնուհետև, 5 տարի աշխատելուց հետո, կարող են անցնել քաղաքացիական աշխատանքի կամ, ցանկության դեպքում, աշխատանքը շարունակել ՊՆ ստորաբաժանումներում: Նրանք առաջին հայտով պետք է դիմեն այս մասնագիտության համար, հետո նոր միայն հայտագրել մյուս մասնագիտությունները: Նրանք կսովորեն անվճար համակարգում և տարկետման իրավունքով»,- տեղեկացրեց Վ. Գալստյանը:

Ինչ վերաբերում է ուսման վարձավճարներին, նա ասաց, որ այս տարի վարձավճարի փոփոխություն չի եղել ոչ մի մասնագիտությամբ և հավելեց, որ ԵՊՀ-ն այս տարի ունի 3402 տեղ, որոնցից 356-ը՝ անվճար, 3046-ը՝ վճարովի: «Սա մեծ հնարավորություն է, որ այս տարի դրական միավորներով բոլոր դիմորդներն ընդունվեն ԵՊՀ»,- ընդգծեց բանախոսը:

Լրագրողների դժգոհությանը, թե այդպես հեշտացնելով ընդունելությունը՝ արդյոք չե՞ն խթանում ոչ որակյալ մասնագետների թվի աճը, և մի՞թե ճիշտ է լեզուները (հատկապես հայոց լեզուն) հանել մրցութային քննությունների ցանկից՝ Վ. Գալստյանը պատասխանեց. «Եթե ասեմ ոչ, դա չի ազդի ընդհանուր մակարդակի վրա, դուք չեք հավատա, ես էլ չեմ հավատում, և ոչ ոք չի հավատա: Բայց մենք այդպես ենք վարվում՝ ստեղծված իրավիճակից ելնելով: Միգուցե գան լավ ժամանակներ, ինչի հույսը մենք ունենք, և այն ժամանակ նորից կմտցնենք երրորդ քննական առարկան»:

Ի՞նչ ասել է «ստեղծված իրավիճակ», արդյո՞ք սա բուհը պահելու միջոց է:

«Նաև՝ բուհը պահելու,- ասաց Վ. Գալստյանը:- Բուհը ոչ միայն ուսանողներից է կազմված, այլև աշխատողներից (3000-ից ավելի), որոնց պետք է վճարել, և, երբեմն, ստիպված ենք լինում գնալ նաև այսպիսի քայլերի: Ոչինչ, մենք ամեն ինչ կանենք՝ ընթացքում այդ ուսանողներին ավելին տալու համար, և նրանք նորմալ գիտելիքներով կավարտեն մեր բակալավրիատը, այնուհետև՝ մագիստրատուրան»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Է~է~էստի համեցե~եք, է~է~էստի համեցե~եք…
    Առա’ջ, առա’ջ դեպի տգետ Հայաստան…!!!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031