Լրահոս
Օրվա լրահոսը

«Աֆրիկյանների շենքը ամենագեղեցիկ շենքը չէր, վտանգավոր էր բնակչության համար». Մարտին Վարդազարյան

Հունիս 26,2014 20:52

«Այս հարցին մի քանի տեսանկյունով կարելի է նայել: Կարելի է նայել այն բանին, որ սա երեւի ժամանակի ամենագեղեցիկ կառույցը չէր, հետո որակով բավականին վտանգավոր էր, որովհետեւ փայտյա միջհարկային ծածկոցներ ուներ: Այստեղ մի փունջ է հավաքվում՝ իրար հակասող մի քանի երեւույթների»,- Aravot.am-ի հետ զրույցում Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման մասին այսպիսի տեսակետ հայտնեց Երեւանի պատվավոր քաղաքացի, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը:

Նա բերեց արտերկրի օրինակը՝ նշելով, որ շատ հայտնի եւ գեղեցիկ կառույցներ են  այնտեղ վերակառուցվում եւ փոխվում: Իսկ Աֆրիկյանների շենքը, ըստ պարոն Վարդազարյանի, «իր գեղագիտական արժանիքներով ամենագեղեցիկ շենքը չէր. «Սա մի տեսակետից, վտանգավոր էր բնակչության համար՝ սա երկրորդ տեսակետ: Հետո, դրա փոխարեն ինչ է կառուցվելու՝ հայտնի չէ: Սա՝ երրորդը: Բայց այս ամեն  ինչին հարկավոր է մտքերի փոխանակում՝ տարբեր բնագավառների մասնագետների հետ ճշգրտելուց հետո նոր միայն ձեռք առնել ինչ-որ միջոցառումներ: Պետք է  հանդուրժողական լինել դիմացինի կարծիքի նկատմամբ, ինչը մեզ մոտ բացակայում  է: Եվ սա դառնում է ուղղակի առիթ՝ եւս մեկ անգամ հրահրելու շարժումներ: Սա ճիշտ չի եւ այն ճանապարհը չի, որ կփրկի շենքը: Ուղղակի մթնոլորտը ավելի անհանգիստ դարձնելու միջոց չդարձնենք սա, այլ ուղղակի սառը դատողությամբ դատենքեւ առաջին հերթին մտածենք բնակիչների հարմարության մասին: Ես դժվարանում եմ վերջնական ինչ-որ բան ասել: Ինձ համար էլ շատ ափսոս է, երբ անցնում եմ մի տեղով եւ տեսնում եմ այն շենքը, որին ես ընտելացել էի փոքր տարիքից՝ չկա: Բայց եթե այդպես շարունակեինք, հիմա մեր մոտ ոչ Ամիրյանի շենքերը կառուցված կլինեին, ոչ Բաղրամյան փողոցը կառուցված կլիներ, ոչ էլ Պրոսպեկտը կունենար այն տեսքը, որն ունի 30-ականների վերջից: Մի քանի ասպեկտներով պետք է այս ամեն ինչին նայել, եւ առաջին հերթին՝ հաշվի առնել բնակիչների հարմարությունը: Այն հարմարությունները, ինչպես այդ շենքում ունեն նրանք, երեւի թե այդքան էլ արդիական չեն: Մի խոսքով, շատ խառը փունջ է այս հարցում, եւ սա հրահրելու ինչ-որ շարժումներ, հակադրվելու, մթնոլորտն անհավասարակշռության բերելու՝ չարժի»:

Ըստ Մարտին Վարդազարյանի, այս հարցը քաղաքականացվում է բացահայտ. «Արդեն չի էլ թաքցվում ելույթ ունեցողների կողմից: Դա ճիշտ ճանապարհը չի: Եթե այդպես վերցնենք, Նյու Յորքը պիտի գոյություն չունենար, պիտի պահպանվեին այն 1-2 հարկանի տնակները, որոնք եղել են ժամանակին: Չգիտեմ, բավական բարդ հարց է: Բայց  առաջին հերթին պետք է ելնել բնակչության բարեկեցությունը բարելավելուց: Պատկերացրեք, այդ տների մեջ մտնի մի որեւէ բարեկամ, որն ուրիշ տեղ է ապրում, ավելի բարեկարգ պայմաններում, գա եւ տեսնի, թե ինչպիսի պայմաններում են ապրում՝ կփախչեն: Դա էլ կա»:

Մեր դիտարկմանը, որ Երեւանի դեմքն է կորչում, դա հուշարձան է, բացի այդ, Աֆրիկյանները խմելու ջուր են բերել Երեւան՝ Մարտին Վարդազարյանը պատասխանեց. «Այո, այդ մասին հարկավոր է մի որեւէ մեծ կոթող դրվի, ինչ-որ մի բան արվի: Բայց…չգիտեմ, ես դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ, թե որն է ճիշտ: Աբովյանի ամբողջ մայթը սեւ տուֆից կառուցված տներ էին երկհարկանի: Միեւնույն ժամանակ ակադեմիայի շենքը, որը դպրոց էր ժամանակին, հիանալի ճարտարապետական լուծում էր փողոցի անկյան, դա էլ վերացվեց: Հասկանալի է, դա հիմա մեկ այլ նպատակի համար են օգտագործում, գուցե ոչ պակաս արժեքավոր: «Սեւան» հյուրանոցը քանդվեց: Այն ժամանակին շատ մեծ հանդգնությամբ եւ տաղանդով կառուցված շենք էր: Շատ այդպիսի բաներ եղան: Այդ շենքերի հետ կապված այդպիսի մեծ աղմուկ չբարձրացվեց, որովհետեւ քաղաքականացման առիթը չկար: Իսկ հիմա ամեն մի քայլ օգտագործվում է, իսկ հակառակը ոչ ոք չի տեսնում: Ինչո՞ւ ոչ ոք ելույթ չունեցավ եւ շարժումների ընթացքում չողջունեցին,թե  ինչպիսի գեղեցիկ անցում եղավ, որով կարելի է Կիեւյանի վերեւից անցնել Իսակովի պողոտա: Այդ ճանապարհի մասին չեն խոսում»,- ասաց պարոն Վարդազարյանը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30