Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարճատեսություն է՝ կրոնքը զատել հայ զգալեն»

Օգոստոս 20,2014 14:00

Րաֆֆի Պետրոսյանը դաշնակահար է, նաեւ ինժեներ-շինարար: Նա ապրում է Տորոնտոյում (Կանադա): Վերջին տարիներին ունեցած համերգներից եւ թողարկած երկու CD-ներից ստացված հասույթը ուղղել է հայաստանյան եւ ղարաբաղյան որոշ նախագծերի, որոնց մասնակցել է նաեւ որպես ինժեներ-շինարար: Նա նախաձեռնել եւ իր համախոհների հետ իրականացրել է Տիգրանակերտի (Դիարբեքիր) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերակառուցման աշխատանքները: 2012-ին Սուրբ Կիրակոսում Րաֆֆի Պետրոսյանը հանդես է եկել իբրեւ դաշնակահար ու 1915-ից հետո առաջին անգամ հնչեցրել հայկական երաժշտություն: Այս հայորդու ջանքերով Սուրբ Կիրակոսում անցկացվում են հայոց լեզվի դասեր, դասընթացն ավարտողները գալիս են Հայաստան: Րաֆֆի Պետրոսյանը սիրով զրուցեց «Առավոտի» հետ:

– Ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ հայկական արմատներով մարդիկ վերջերս սկսել են ավելի շատ խոսել իրենց արմատների ու ինքնության մասին:

– Այո, Թուրքիո մեջ թաքուն հայերը վերջին մի քանի տարի երթալեն ավելի համարձակ կզգան «դուրս գալու» եւ իրենց արմատների մասին պրպտելու ու խոսելու: Դիարբեքիրի Սուբ Կիրակոս եկեղեցիին կառուցումը մեծ դեր խաղաց ասոր համար եւ մագնիսի պես քաշեց թաքուն հայերը, որ գան, իրար հանդիպին, կազմակերպվին եւ իրարու ուժ տան: Իհարկե, Թուրքիո կառավարությունն ալ վերջին մի քանի տարի մի քիչ ավելի ազատություն կուտա փոքրամասնություններու եւ մանավանդ քուրդերու ինքնահայտման:

image002

Դիարբեքիրցի հայերը՝ Հայաստանում:

– Բացի Հայաստանի, Արցախի հայերից եւ հայկական Սփյուռքից, կա հայկական չորրորդ աշխարհը՝ Թուրքիայի իսլամացած հայերը: Ինչպե՞ս կոտրել կարծրատիպերը, որ նրանք եւս լիարժեք հայեր են, ու ծագումն ու դավանանքը չպետք է հակադրել իրար:

– Պետք է ընդունիլ, որ իսլամացած հայերը մեծ համայնք մը կրնան ըլլալ, եւ պիտի աշխատինք, որ ըլլան: Իրարմե անջատ որոշ պատմական պրպտումներ այն եզրակացության հասած են, որ Թուրքիո թաքուն հայերու թիվը մի քանի միլիոն է, Հայաստանի բնակչութենեն ալ ավելի է: Բայց ասոնց որքանը գիտակից են եւ կուզեն իրենց հայ արմատներուն վերադառնալ, ասիկա մեր աշխատանքներեն, քաջալերանքներեն եւ Թուրքիո պայմաններեն կախյալ է: Դիարբեքիրի մեջ մեր կազմակերպած հայերեն լեզվի դասընթացքը, հետո այդ դասընթացքե շրջանավարտ եկողները իբր մրցանակ եւ քաջալերանք Հայաստան պտույտի բերելը այս ճանապարհին առաջին քայլերեն մին է: Մտադրած եմ նման քաջալերեանքներ կազմակերպել այլ վայրերե: Օրինակ, Դերսիմ, Մուշ եւ մանավանդ համշենցի թաքուն հայերի հետ աշխատելու հաջորդ տարիներ ծրագիրներ ունեմ: Պետք է խոստովանինք, որ Պոլսո Պատրիարքարանը եւ մի քանի Սփյուռքի մարդիկ տակավին իսլամացած հայերը իբր հայ չեն ընդունիր, մինչեւ որ իրենք քրիստոնյա չըլլան: Ըստ իս, ասիկա կարճատեսություն է՝ կրոնքը զատել հայ զգալեն, հայ ինքնութենե: Այդ մարդիկ ուզելով իսլամացած չեն, 1915-ին զոռով, բռնի իսլամացած են: Հիմա իրենց թոռները, եթե քաջաբար, համարձակած են դուրս գալու իբրեւ հայ, հակառակ, որ վտանգի մեջ է իրենց գործը, ընտանիքը, կյանքը, շրջապատված են թուրք կամ քուրդ իսլամներով, անտեղի է իրենց պարտադրել, որ անմիջապես կրոնքնին փոխեն կամ հայ ըլլալու ապացույց փաստաթուղթեր բերեն հայ ընդունվելե առաջ..

– Դուք բավական ժամանակ է՝ զբաղվում եք Դիարբեքիրի խնդրով, ինչպե՞ս հղացաք այդ գաղափարը, որից ծնունդ առավ Սուրբ Կիրակոս եկեղեցու նորոգումը, հայոց լեզվի դասերը եւ այլն:

– Իմ մոտիկ բարեկամս եւ իմ հերոս Հրանտ Դինքի հետ ես ալ նույնպես կտածեմ, թե՛ 1915-ի «գացածներու», այսինքն՝ սպանվածներու տեղ պետք է մի քիչ մտածենք «մնացածներու», այսինքն՝ ապրող զոհերու մասին: Երբ Սուրբ Կիրակոս եկեղեցվո վերակառույցի ծրագիրը սկսավ տիգրանակերտցի բարեկամներու միջոցավ, սկիզբը իրենց նպատակն էր ասիկա շինել տիգրանակերտցիների հիշատակը վառ պահելու համար եւ ֆինանսավորումը ճարել Պոլսո եւ Սփյուռքի տիգրանակերտցիներե: Ես այս մոտեցումը փոխեցի եւ այս ծրագրին ամենակարեւոր նպատակը թաքուն հայերե մեջտեղ բերելիք լույս մը ըլլալով ներկայացնել ուզեցի համայն հայության, եւ ֆինանսավորումն ալ նույնպես համայն հայության շահագրգռող կարեւոր ծրագիր մը ըլլալով, բացատրեցի իմ տասնյակ հոդվածներուս եւ դրամահավաքի ժողովներու մեջ: Իհարկե, շատ մը հայեր չէին համոզված, թե ինչո՞ւ դրամ տան Թուրքիո մեջ քուրդերու ապրած, հայ գոյություն չունեցած տեղ մը եկեղեցի մը կառուցելու համար: Բայց ահավասիկ, վերակառույցեն երեք տարի հետո եկեղեցիին հետ հայություն մըն ալ կգոյանա Դիարբեքիրի մեջ: Մինակ Դիարբեքիրի մեջ թաքուն հայերու թիվը կանցնի հարյուր հազարը: Սուրբ Կիրակոս միայն կրոնական տեղ մը չեղավ, նաեւ մշակույթի կենտրոն է հայ պատմության, երաժշտության եւ արվեստներու մասին: Պետք է ասեմ, որ եկեղեցիին բացումեն անմիջապես հետո ես իբրեւ դաշնակահար եկեղեցվո մեջ հայկական համերգ տվի 2012 սեպտեմբերին (1915-ե ի վեր առաջին անգամ): 400-ի մոտ թաքուն հայեր եւ սփյուռքահայ հյուրեր ներկա գտնվեցան այս համերգին: Հայերեն լեզվի դասընթացքի մասնակցող 11 տարեկան քուրդ աղջիկ մըն ալ երկու հայերեն երգ երգեց: Այս համերգ նաեւ օգնեց եկեղեցիին զանգակատան շինության զանգերը հոգալու:

– Ձեր կարծիքով, այսօր ավելի շատ ինչի՞ կարիք ունեն մեր ոչ քրիստոնյա ազգակիցները, եւ Հայաստանը ի՞նչ քայլեր պետք է անի նրանց համար:

– Կրոնքե ավելի հայ լեզուն եւ մշակույթը պետք է տարածենք, թաքուն հայերու համար դեպի Հայաստան պտույտներ եւ նաեւ Հայաստանե դեպի Դիարբեքիր ու այլ Արեւմտահայաստանյան (Արեւելյան Թուրքիա) միջավայրեր հայ երգ, պար, մշակութային պտույտներ պետք է կազմակերպել, որպեսզի թաքուն հայերը տեսնեն, իմանան եւ մտածեն իրենց արմատներու մասին, քաջալերվին եւ համարձակին արտահայտվելու իբրեւ հայ: Ասոնցմե շատերը կուզեն եւ պիտի ուզեն Հայաստան ուսանիլ, հայերեն լեզու սովորիլ, թուրքոլոջի կամ այլ նյութեր ուսումնասիրել եւ երկխոսություն ստեղծել Հայաստանի եւ Թուրքիո միջեւ, հայ, թուրք եւ քուրդ ժողովուրդներու միջեւ:

– Շուտով նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այս համատեքստում ի՞նչ բացթողումներ ունեն Հայաստանն ու Սփյուռքը, եւ ինչպե՞ս հաղթահարել ցեղասպանվածի բարդույթը:

– Ցեղասպանությունը եւ ամբողջ գեշ հետեւանքները տեղի ունեցան Թուրքիո մեջ: Համոզված եմ՝ լուծումն ալ տեղի պիտի ունենա Թուրքիո մեջ: Համոզված եմ, որ երկխոսությամբ, թաքուն հայերու թիվը շատանալով լիբերալ քյուրդ եւ թուրք ոչ կառավարական կազմակերպություններու հետ համագործակցությամբ, նույնիսկ եթե կառավարությունը շարունակի ուրանալ, ժողովուրդներու ազդելով, մեզ հայերու պես մտածող մեդիա (opinion maker) կարեւոր անձնավորություններու միջոցավ պիտի կրնանք փոխել եւ ճնշել Թուրքիո մեջ, Պառլամենտի մեջ, մեդիայի վրա, որ 1915-ի իրականությունները լույս տեսնեն Թուրքիո մեջ: Ես համոզված եմ, որ օտար երկիրներու կառավարություններու աղաչելու տեղ, որպեսզի ճանաչեն ցեղասպանությունը, Թուրքիո մեջ թաքուն հայերը կազմակերպել շատ ավելի օգտակար պիտի ըլլա՝ թե անցյալի մասին, թե ապագայի մասին:

– Ձեր կանխատեսումներով՝ ե՞րբ կբացվի սահմանը, եւ ի՞նչ հնարավոր զարգացումներ են սպասվում հայ-թուրքական հարաբերությունների առումով:

– Ես համոզված եմ, որ սահմանը պիտի բացվի, երբ Էրդողանը պիտի սկսի Ալիեւին այլեւս կարեւորություն չտալ, երբ Ալիեւ սկսի կորսնցել իր դիրքը եւ իր ունեցած փետրոլը (նավթը) մի քանի տարիեն: Սահմանին բացվիլը շահավոր պիտի ըլլա թե հայ-թուրքական հարաբերություններու եւ թե Հայաստանի զարգացման: Վստահ եմ, որ Հայաստանի էկոնոմին պիտի զարգանա շուտով թե տուրիզմով, թե առեւտուրով:

– Armenian Weekly հանդեսում հրապարակված ձեր հոդվածներից հետո ի՞նչ արձագանքներ եք ստանում:

– Իմ հոդվածներս ընդհանրապես լավ արդյունք կուտան, շատերը կհավնին Ֆեյսբուք, օնլայն մեդիա՝ Սփյուռք եւ Հայաստան ընթերցողներու կողմե: Իհարկե, մի քանի քննադատողներ ալ կըլլան, մանավանդ «Հայը անպայման քրիստոնյա պետք է ըլլա» մտածողներու պես, եւ կամ «Թաքուն հայերը իրականություն չեն, անոնք վնասակար են մեր Ցեղասպանության դատը տկարացնելով, թուրքերուն օգնած կըլլան» մտածողներու պես: Բայց ընդհանրապես կգնահատվի գրածներս: Հետաքրքրական է, որ Թուրքիո մեջ հազարավոր հոգի կկարդա ամեն մեկ հոդվածը, ըլլա կառավարական, ըլլա ժողովրդեն՝ բազմաթիվ մարդիկ: Ամեն մեկ հոդվածես հետո իրենցմե կստանամ բազմաթիվ քոմենթներ՝ խիստ քննադատական կառավարական սահմաններե եւ շատ դրական ժողովրդի մեծամասնության կողմե եւ սպառնացող թելադրանքներ մի քանի մոլեռանդներե:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարում` Րաֆֆի Պետրոսյանը՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում:

«Առավոտ» օրաթերթ
19.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031