Լրահոս
Օրվա լրահոսը

Տրոմսյոյում Հայաստանի կանանց հավաքականն աննախադեպ արդյունք գրանցեց

Օգոստոս 22,2014 12:52

Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացված շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը թիմային 17 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը: Մեր շախմատիստուհիների վերադարձից հետո «Առավոտը» զրուցեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ:

– Որքան հիշում եմ, սա մեր կանանց ընտրանու ամենամեծ նվաճումն է համաշխարհային օլիմպիադաների պատմության մեջ:

– Հայաստանի կանանց հավաքականն առաջին անգամ մտավ աշխարհի հինգ ուժեղագույն թիմերի ցուցակ, ինչը հպարտություն է մեզ համար: Անցած օլիմպիադայում բաժանել էինք 5-րդ տեղը, բայց լրացուցիչ գործակիցներով հանգրվանել 6-րդ հորիզոնականում: Մի անգամ էլ 6-րդ տեղ զբաղեցրել էինք Դրեզդենում: Իսկ Եվրոպայում մեր ցուցանիշներն ավելի նշանակալի են:

– Սա ձեր հնարավորությունների բարձրակե՞տն էր:

– Կարծում եմ՝ ոչ: Բայց հաշվի առեք, որ մեր գլխավոր մրցակիցները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Հնդկաստանը եւ էլի մի քանի երկրներ աշխարհի ուժեղագույն շախմատային տերություններն են, իսկ նրանց հավաքականներում հանդես եկող շախմատիստուհիները համաշխարհային շախմատի էլիտան են կազմում: Այնպես որ, մենք հաղթել ենք այդպիսիներից շատերին: Բայց կարող էինք մեդալակիր էլ դառնալ, եթե 9-րդ տուրում հաղթեինք Ռուսաստանին, ինչին շատ մոտ լինելով, այնուամենայնիվ, պարտվեցինք:

– Մեր աղջիկների մրցելույթների մասին ի՞նչ կասես:

– Ամեն մի տուրում լարվածությունն ու ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է, որ սպառվում ես ու անգամ ընկերուհիներիդ խաղին հետեւելու ուժ այլեւս չի մնում: Այնպես որ, աղջիկների խաղի որակի մասին ոչինչ ասել չեմ կարող: Իսկ ընդհանրապես, եթե 136 երկրների մեջ գրավել ենք 5-րդ տեղը, ուրեմն լավ են խաղացել:

– Օլիմպիադայի մասնակիցներից շատերը դժգոհում էին, որ դահլիճում շոգ էր եւ հնարավոր չէր լավ խաղալ:

– Իսկապես, շատ տոթ էր: Դա ոչ թե շախմատային խոշոր մրցումներ անցկացնելու համար նախատեսված դահլիճ էր, այլ գարեջրի գործարանի պահեստ, որտեղ ոչ օդափոխություն կար, ոչ խաղալու պայման:

– Իսկ քո խաղից բավարարվա՞ծ ես:

– Երեւի թե՝ այո: Ես ավելի վատին էի սպասում, քանի որ դրանից առաջ միմյանց հետեւից երկու շատ լուրջ ու ծանր մրցաշարի էի մասնակցել եւ շատ հոգնած էի: Մեկը Վրաստանի «Grand Prix»-ն էր, մյուսը՝ Եվրոպայի անհատական առաջնությունը:

– Իսկ տղաների մասնակցության մասին կխոսե՞ս: Նրանք ըստ էության ձախողվեցին:

– Համաձայն չեմ: Սա շախմատ է, սպորտ, որտեղ ամեն բան էլ լինում է: Պարզապես, հայ շախմատասերը սովոր է, որ մեր տղաների հավաքականը 1-ին տեղում է լինում ու միշտ այդպիսի պահանջներ է դնում: Դա սխալ է: Այդպես հնարավոր չէ: Համաշխարհային օլիմպիադայում թույլ թիմեր չկան, բոլորն էլ ուժեղ են, իսկ ուժեղներն ավելի են ուժեղանում:

– Օլիմպիադայի վերջին օրը մռայլվեց երկու շախմատիստների մահով: Դա ազդե՞ց եզրափակիչ տուրում մեր շախմատիստների արդյունքի վրա:

– Բարեբախտաբար, ես արդեն ավարտել էի եւ արդեն դահլիճում չէի: Իրոք, որ շատ ցավալի էր: Բայց շախմատային օլիմպիադաներում սա առաջին դեպքը չէ: Էլի են եղել: Օրինակ, մեզ մոտ՝ Երեւանում, 1996 թվականին օլիմպիադայի ժամանակ շախմատիստ մահացավ: Նույնպիսի դեպք եղավ նաեւ 2008-ին՝ Դրեզդենում:

– Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունես:

– Մի քանի օրից Շարժայում մեկնարկում է կանանց «Grand Prix»-ի վերջին փուլը: Այն պիտի կայանար Մոնղոլիայում, բայց վերջին պահին տեղափոխել են: Հիմա մեկնելու եմ այնտեղ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031