Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանները վստահում ենք պաշտպանության նախարարությանը, համալիրը չե՞նք վստահում». ճարտարապետ

Օգոստոս 22,2014 14:50

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ճարտարապետ Լևոն Իգիթյանը և քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն անդրադարձան կառավարության երեկվա՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պաշտպանության նախարարությանը հանձնելու որոշմանը:
Իր խոսքում Լևոն Իգիթյանը նշեց. «Ես երեկ հեռախոսի զանգով եմ այս հարցն ինձ համար հայտնաբերել, տեղյակ չէի: Բայց եթե Մարզահամերգային համալիրի գործառույթը կատարվելու է, այն ծառայելու է հասարակությանը, ինձ համար մեկ է՝ որ գերատեսչությանն այն կպատկանի:

Երևի ինչ-որ վերլուծության, հաշվարկների արդյունք է նման քայլը, քանի որ պետությունը պետք է պատասխանատվություն կրի շենքի համար: Մյուս կողմից՝ ինձ մի այլ բան է հետաքրքրում. պաշտպանության նախարարությունը մեր թշնամի՞ն է, օտա՞ր է: Մեր սահմանները, մեր գոյությունը, ամբողջ երկիրը վստահում ենք ՊՆ-ին, մի շենք չե՞նք վստահում:

Չիմանալով հարցն ամբողջությամբ՝ չեմ կարող այլ կարծիք հայտնել. կա մի սահման, որից այն կողմ բարձրաձայնելը ճիշտ չի լինի: Ես չգիտեմ, թե երեկվա նիստում ինչ են խոսել ու քննարկել, նիստին ներկա չեմ եղել: Կուզեի տեսնել հետագա միջոցառումների, անելիքների ծրագիրը, որը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում, այս դեպքում ամեն ինչ ավելի պարզորոշ կլիներ»:

Ֆերդինանտ Առաքելյանը կիսվեց մտահոգություններով. «Պաշտպանության նախարարությունը ժամանակ ունի՞ շենքով զբաղվելու համար: Երկրի սահմանները խնդրի առջև են կանգնած: Ես շատ հարգում եմ մեր պաշտպանության նախարարությանը ՝ նախարարի գլխավորությամբ, իրենք փայլուն աշխատում են, բայց ինչո՞ւ են շենքն իրենց տվել: Տերն ասում է՝ տարի ու կես ինձ ժամանակ տվեք, որ փակեմ վարկը, թող տան, ինչո՞ւ ժամանակ չեն տալիս: Ինչով ուզում են թող զբաղվեն, միայն թե թող չդիպչեն շենքի բարոյական կերպարին. պատմությունը ցույց է տվել, որ եթե հետևողական չլինենք, կարող են Օպերայի շենքն էլ վաճառել ու, օրինակ, մեքենաների խանութ դարձնել:

Եվ հետո, ինչո՞ւ պետք է ՊՆ-ն այդքան գումար ծախսի Մարզահամերգային համալիրի վրա, երբ մենք զենքի, զինվորին կերակրելու հարց ունենք»,- խոսքը եզրափակեց քանդակագործը:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Լուսանկարը եւ տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031