Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոն ամենամեծ քաղաքական գործիքն է»

Օգոստոս 23,2014 14:00

Շվեդահայ ճանաչված վավերագրող Սյուզան Խարդալյանը՝
իր նոր ֆիլմի ու համամարդկային խնդիրների մասին

Օգոստոսի 22-ից Շվեդիայի մեծ ու փոքր քաղաքներում միաժամանակ կկայանա մի քանի տասնյակ ֆիլմերի հեղինակ, շվեդահայ ճանաչված վավերագրող ռեժիսոր Սյուզան Խարդալյանի հերթական ֆիլմը՝ «Ուղտը»: Այն անդրադարձ է «արաբական գարնանը», հեղափոխության մեջ կնոջ ունեցած դերին եւ այդ ամենի համատեքստում՝ արեւմտյան մեդիային:

Syuzan_Xardalyan_2

«Առավոտի» հետ սկայպ-հարցազրույցում ռեժիսորն ասաց, որ իր առջեւ խնդիր էր դրել նոր տեսանկյունից անդրադառնալ Միջին Արեւելքում կատարված իրադարձություններին: Աշխատաոճի հիմքում Միջին Արեւելքը լուսաբանող ռադիոլրագրողի աշխատանքն է, որին Խարդալյանը հետեւել է երեք տարի: Ռեժիսորի համոզմամբ, մեկ միլիոնանոց լսարան ունեցող լրագրողն ի վիճակի է ամենօրյա հեռարձակումներով «դաստիարակել» հանրությանը եւ համապատասխան կարծիք ստեղծել «արաբական գարնան» մասին: Սյուզան Խարդալյանը նշում է, որ կանանց մասնակցությունը հեղափոխությանը դարձել էր այդ լրագրող տիկնոջ աշխատանքի մեխը: Մեր զրուցակիցը փաստում է՝ արաբական աշխարհում սեռային բռնությունն օգտագործվում է իբրեւ քաղաքական զենք՝ կանանց քաղաքականությունից հեռու պահելու համար: Նրա համոզմամբ՝ կանայք հեղափոխություններում կարեւոր դերակատարություն ունեն, եւ, ցավոք, հեղափոխության ձախողումից, կամ տվյալ պարագայում «արաբական գարնան»՝ «խորը ձմեռվա» փոխվելու դառը պտուղները հենց կանանց են բաժին հասնում: Հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է ֆիլմը կրում «Ուղտը» վերնագիրը: Պարզվեց, որ դա գլխավոր հերոսի ծածկանունն է, բայց, ռեժիսորի ասելով, նաեւ խորհրդանշական իմաստ ունի. «Նախ՝ նա բոլոր շրջանակներու մեջ ծանոթ է որպես ուղտ, իր ծածկանունն է, եւ երկրորդ՝ ուղտը կարտացոլի արաբական ժողովրդի համբերությունը, դիմացկունությունը, տոկոնությունը, տաժանակիր տարիների հիմնական դժվարությունները, հույսերը… Ասեմ, որ որպես կին հեշտ չէ աշխատել Միջին Արեւելքի մեջ, բարդ է՝ քեզ լուրջ վերցնեն, ինտերվյուներ կընե, պետական մարդիկ ձայնագիրը կանջատեն, անարգանքի վերաբերմունքը կա: Նաեւ միաժամանակ որպես կին ավելի հեշտ է հասարակության մեջ մտնել, մարդկանց տուները մտնել, իմանալ բաներ, որոնց մասին դուրսը չի խոսվի, բայց տան մեջ կխոսվի»:

Syuzan_Xardalyan_1

«Ուղտը» ֆիլմի ազդագիրը:

Ֆիլմի հեղինակին հարցրինք՝ այն ե՞րբ հասու կլինի նաեւ հայ հանդիսատեսին:
Ասաց, որ գուցե «Ոսկե ծիրանին» դիմի, կամ եթե հետաքրքրվողներ լինեն, առաջարկեն, ֆիլմն անպայման Հայաստան կբերվի: Մյուս կողմից էլ Սյուզան Խարդալյանը զարմանք է արտահայտում. «Եթե ֆիլմը հայկական թեմայով է, շատ հայեր ավելի կհետաքրքրվին, կկապվին, կուզեն, բայց եթե ֆիլմերս ուրիշ նյութերու մասին են, ընդհանրապես հայերու կողմեն արձագանք չկա: Պետք է մտածենք, որ այն, ինչ տեղի է ունենում Միջին Արեւելքում, հսկայական հետեւանքներ պետք է ունենա նաեւ Հայաստանի համար, «արաբական գարնան» անդրադարձն այսօր կտեսնենք Իրաքի մեջ, մեզմե հեռու չէ էդ բոլորը… Հուսամ, որ հայ մարդը նույնքան հետաքրքրություն ցույց կտա ֆիլմի հանդեպ»:
Սյուզան Խարդալյանին հարցրինք՝ մտադիր չէ՞ մի ֆիլմ էլ իսլամացած հայերի մասին նկարել, մանավանդ վերջիններս սկսել են ավելի շատ խոսել իրենց արմատների վերաբերյալ: Արվեստագետը նշեց, որ նման գաղափար իսկապես ունի, ուղղակի սպասում է, որ թեման հասունանա. «Արդեն մտքիս մեջ կա այդ բանը, բայց ես արագ չեմ աշխատի, պիտի սպասեմ նախ նյութը հասունանա, տեսնեմ հնարավորությունները նկարահանելու, որովհետեւ դա ռեպորտաժ չէ, ես ռեպորտաժի ձեւով չեմ աշխատում, պետք է ժամկետ ըլլա՝ մեկ տարի, երկու տարի: Ամենեն կարեւորն այն է, որ մենք որպես բյուր հայեր, ինչպես պետք է վերաբերինք կամ կվերաբերինք այդ մարդկանց: Արդյոք այս անգամ պետք է որոշենք, որ գրկաբաց պետք է ընդունինք իրենց՝ բոլոր հետեւանքներով: Պատմության մեջ հայը, երբ մի քիչ իր ինքնությունեն բան փոխեց, մեծամասնությունը պատրաստ է դուրս դնելու իրենց: Ինձի համար տարբերություն չկա, ի՞նչ դավանանք ունի հայ մարդը: Ես հարց կտամ, եթե հայերը որոշեին բուդդիստ ըլլալ, արդյոք վա՞տ պետք է վերաբերեին իրենց, որովհետեւ երբեք վատ չենք վերաբերվի, օրինակ, Կալիֆոռնիայի հայերուն, որ միացած են տարբեր քրիստոնեական ուղղություններու: Ուրեմն ինչո՞ւ չենք ընդունում այդ դեպքում իսլամացած հայերին: Շատ հետաքրքրական թեմա է եւ կկարծեմ, որ մեծ կարեւորություն պետք է ունենա այս գալիք տասնամյակին մեջ»:

Syuzan_Xardalyan_4

Աշխատանքային պահ:

Դառնալով Միջին Արեւելքի կնոջը, վավերագրողն ասում է, որ նրանք խիզախ են, նպատակասլաց, չեն ընկրկել անգամ շարժումների հրապարակային բռնաբարությունից ու կտտանքներից հետո, անգամ իսլամիստ կանայք են դեմ գնացել շատ սկզբունքների՝ չնայած կրոնական արգելքներին: Ու այնպես չէր, որ բոլորը ավանգարդիստներ էին, Սարտր էին կարդացել, պարզապես այդ կանայք ցանկություն ունեին ինչ-որ բան փոխելու:
Իսկ Եվրոպային արեւելյան թեմաները հետաքրքրու՞մ են: Սյուզան Խարդալյանի ասելով՝ Ամերիկային, թերեւս, ոչ, բայց Արեւմտյան Եվրոպայում գիտակցում են, որ չեն կարող Արեւելքից անջատ ապրել: Ի վերջո, համընդհանուր անվտանգության, կայունության, պատերազմների ու էքստրեմիզմի կանխման հարցեր կան, Սիրիայի, Լիբանանի, Գազայի, Իսրայելի կոնֆլիկտներն էլ միայն իրենցը չեն:

Մեր դիտարկմանը, թե ի տարբերություն վավերագրականի, խաղարկային կինոյի պարագայում ավելի փայլ ու շուք կա, շքեղ ավտոմեքենաներ ու կարմիր գորգ, Սյուզան Խարդալյանը պատասխանեց. «Դոքյումենթարին չունի փայլքը, որ խաղարկային ֆիլմն ունի, եւ հետո ես Սյուզան Խարդալյան եմ, ոչ թե Քիմ Քարդաշյան, ես չեմ կարողանա իր կամ հրաշալի դերասաններու հետ մրցակցիլ: Սա կրթության հարց է, գիտեք, որ ամենեն շատ կինո կդիտվեն դոքյումենթարիները, օրինակ, մեզ մոտ սինեմայի սրահ կերթան դոքյումենթարի նայելու, սա երկարատեւ աշխատանք է, որ մշակույթի նախարարությունն այստեղ կտանի՝ դոքյումենթարին մեր մշակույթի երեսը դարձնելու համար: Կարմիր գորգեր չկան, բայց ես կարմիր գորգերի պետք չունեմ: Ես իմ ֆիլմերով ասում եմ այն, ինչ կանեի, եթե ակտիվիստ լինեի եւ իջնեի փողոց: Իմ պատկերացումով, այս ճամփով կկրնամ պատմիլ այն, ինչ կուզեմ մարդիկ իմանան Միջին Արեւելքի իրավիճակի մասին: Ֆիլմը կդառնա իմ ակտիվիզմը արտահայտելու միջոց: Իմիջիայլոց, կինոն ամենամեծ քաղաքական գործիքն է: Տեսեք, թե համաշխարհային պատերազմի մասին ինչքան ֆիլմեր են նկարվել փաբլիկի վրա ազդելու համար: Մինչեւ հիմա նախընտրական արշավների ժամանակ խաղակային ֆիլմերը չէ, որ մարդիկ նայում են, այլ վավերագրականը»:
Մեր զրուցակցին խնդրեցինք հետաքրքիր դրվագներ պատմել, որ պատահել է «Ուղտը» նկարելիս: «Շատ դժվար էր աշխատել, երբեմն տուրիստ կձեւանայինք, երբեմն տուրիստական ֆիլմ ընող մարդ, տեր եւ տիկին, որ պտույտի են եկել: Մի անգամ հրապարակի վրա նկարահանումի մեջ էինք, ամբոխը մեր վրա հարձակվեց, նույն օրը 3 լրագրող էր ձերբակալվել, ծեծվել էին, կամերան մեր ձեռքից վերցրին տարան, անընդհատ մասսայի բարկության առաջ էինք, փոքրիկ մի բանն անգամ կհրահրեր իրենց»,- պատմեց ռեժիսորը: Նա ասում է, որ Միջին Արեւելքում մարդիկ օտարերկրացու մեջ Ամերիկային կամ Իսրայելին ծառայող մարդու էին տեսնում, զայրանում էին, երբ օտարը հետաքրքրվում էր իրենց ներքին խնդիրներով: Իսկ ամենացավալին այն էր, որ նկարահանում էին դաժան իրողություններ, որոնց չէին կարող միջամտել կամ կանխել: Դրանցից մեկն էլ Ալեքսանդրիայում ղպտիների դեմ սկսված իսլամիստների արշավն էր, մարդկանց տներն էին հրդեհում, վնասում, իսկ իրենք անզոր էին օգնել. «Ցավալի էր, որ չես կարող օգնել, ինչ-որ բան փոխել այդ պահին, երբ դիմացդ զենք է, մարդկային հազար հոգանոց ամբոխ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում`  Ֆիլմի գլխավոր հերոսուհին:

«Առավոտ» օրաթերթ
22.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031