Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է կառավարում մեր աշխարհը

Օգոստոս 28,2014 17:47

Մեր անկախության տարիներին, վայրի կապիտալիզմի հաղթարշավից հետո, ժողովրդի կենսակերպում և արժեհամակարգում տեղի ունեցան մեծամեծ փոփոխություններ: Կարծում եմ, հայտնի բան է, որ մեզանում, արդեն վաղուց, առաջնային է դարձել մարմնական ամենապարզ կարիքների բավարարումը: Եթե առաջ, կարելի է ասել, որ ուտում էիր, որ ապրես (ու, մի քիչ բարձրագոչ ասած` արարես), ապա հիմա բանաձևը փոխվել է՝ ապրում ես, որ ուտես: Դա կյանքի ոճ է և նպատակ:

Մեզանում ամենահայտնի և ամենաբաղձալի կառույցի տեսակը «օբյեկտն» է (արտասանվում է «օբեկտ»): Ի՞նչ է դա: Համալիր, բաղկացած մի քանի մասից՝ իդեալում՝ ռեստորան, հյուրանոց, ֆիննական բաղնիք, խաղատուն: Ի՞նչի համար է դա: Որպեսզի մի լավ ուտես-խմես, «նանարի» հետ լողանաս, սեքս անես, «ղումար» խաղաս: Սա «օբեկտի» ճոխ, «էլիտար» տեսակն է: Սովորաբար բավարար է լինում երկու մաս՝ առաջինը և երրորդը: Միայն սնունդ և սեքս՝ այս երկու մարմնական, պրիմիտիվ կարիքներին և, եթե կարելի է այդպես ասել, «զգացումներին» հագուրդ տալու տեղ: Կարծես թե դրանք են դարձել մեր հասարակության հիմնական պահանջները:

Ի՞նչ կա որ: Աշխարհն այդպես է կառուցված: «Սերը և սովն են կառավարում աշխարհը»: Շիլլերի այս խոսքը, ըստ Մաքսիմ Գորկու, մարդկության տառապանքի անվերջանալի պատմության ամենաճշմարտացի և պատշաճ բնաբանն է: Բայց այդպե՞ս է արդյոք մեզանում:

***
Ջերմուկ, առողջարան «Գլաձոր»: Հանգստացողների մեծագույն մասը եկել է ապահովագրական «փաթեթով»: Դա մի գումար է, որը հնարավոր չէ այլ կերպ ծախսել, բացի առողջարան գնալուց: Թե չէ, այնքան կարևոր բաներ կան՝ երեխայի հարսանիք, հանգուցյալի գերեզմանի քար, պարտքեր և վարձեր, որոնք Նիագարայի պես իջնում են մեր քաղաքացիների գլխին, և այլն, և այլն: Զարմանքով նկատում եմ, որ «նանարների» կերպարներ չկան, կամ համարյա չկան: Բուժում՝ վաննաներ, այլևայլ պրոցեդուրաներ, զբոսանք մինչև կենտրոն՝ «գալերեա»՝ այդ կառույցի ճարտարապետությանն անհարիր այլանդակ խողովակներից բխող հանքային խմելու: Օրական երեք անգամ սնունդ: Ուտելիքը շատ է ու բազմատեսակ՝ մշտական շվեդական սեղան, մի քանի տեսակ սալաթ, միրգ, երկուական տեսակի ապուր և «երկրորդ ճաշատեսակ»՝ միս, հավ, ձուկ, վերջում, եթե դեռ կարող ես՝ երկու տեսակ շիլա, ապա՝ սուրճ և մի քանի տեսակ թեյ: Չկա դիետայի գաղափարը: Եթե Սովետի ժամանակ կային մի քանի տեսակ դիետաներ՝ «վեցերորդ», «տասներորդ» և այլն՝ տարբեր հիվանդությունների դեպքում սնվելու համար, ապա այժմ ազատություն է, ինչ և ինչքան ուզում ես կեր:

Առավոտյան և երեկոյան տրվում է քաղցրավենիք: Թխվածքը երբեմն շվեդական սեղանին է. ինչքան ուզում ես, վերցրու: Եվ վերցնում են: Ցենտներանոց տիկինները, որոնք առողջարան են եկել, կարելի է կարծել, կառուցվածքը կարգի բերելու համար, վերցնում են մի երեք-չորս հատ: Առավոտյան և երեկոյան մի հարյուրական գրամ կարագով, մեղրով ու ջեմով ուտելու համար: Առողջարանում տեղի է ունենում մի ահավոր լափոցի: «Կեր ու սուս»:

«Նանարներով» կերպարներ չկան կամ համարյա չկան, չեն երևում: Մարդիկ կամ միայնակ են, կամ ընտանիքներով:

Սենյակի պատշգամբից աներևակայելի գեղեցիկ տեսարան է բացվում: Արփայի ձորը, դիմացը՝ անտառապատ լեռ: Ներքևում՝ գետի ափին, փառավոր բազմել է «Ձորի ռեստորան» կոչվող «օբեկտը»: Այդտեղից, սկսած առավոտյան ժամը տասմեկից մինչև գիշեր, հրեշավոր ոռնոց է տարածվում: Ես, որ ծանոթ եմ մեր հայկական «մշակութային օջախների» ձայնային հնարավորություններին, ցնցված եմ: Հզորությունն աներևակայելի է: Իսկ բնությունը՝ դիմացի գեղատեսիլ լեռը, անդրադարձնելով ոռնոցը, «բարելավում» է ակուստիկան: Ռեստորանը սովորաբար դատարկ է: Երաժշտությունը «էստի համեցեքի» դեր է կատարում: Առողջարանի աշխատակիցները պատմում են, որ բողոքել են՝ դե, բուժական հիմնարկ է, մարդկանց հանգիստը պետք է ապահովել և այլն, բայց ապարդյուն՝ օբյեկտը ինչ-որ մեկինն է, կամ ինչ-որ մեկի մարդունը, և ուրեմն «խաղ չկա»: Երգացանկի գլուխգործոցն է «մի հորից չենք, մի մորից չենք, բայց մեզ ախպեր են ասում» ռաբիս հիթը:

***
Եվ այսպես, լափոցի: Ուտում են աներևակայելի չափով: Զուգահեռաբար հանքային ջուր են խմում, որը, թերևս, ավելի է բացում ախորժակը: Դե, մարդկանց տնտեսական վիճակը վատ է, իսկ այստեղ սնունդը փաստորեն ձրի է. չես կարող մեղադրել: Ովքեր հնարավորություն ունեն, կարող են երեկոյան ընթրիքից հետո գնալ «Ձորի ռեստորան», ընկերներով «մի կտոր հաց ուտել» և, լափոցին շարունակելով, «երաժշտություն» վայելել: «Մի հորից չենք, մի մորից չենք», այստեղ գործում է ընկեր բառի ստուգաբանական իմաստը՝ «ընդ կեր»: Բայց դրանք մեր առողջարանի կադրերը չեն, մերոնք «քյասիբների» դասին են պատկանում (երկտեղանոց սենյակը, առանց դուշի՝ օրական 12000 դրամ): Կան շատ ավելի թանկարժեք և «էլիտար» առողջարաններ և հանգստյան տներ:

Բայց չէ՞ որ մարմնական հաճույքների մեջ է մտնում նաև սեքսը: Ո՞ւր է այն: Չկա: Ապշելու բան է: Չկա, էլի: Այստեղ ոչ թե սեքսը կամ սերն է թագավորում, այլ ամուրիների «ընդկերությունը» և ամուսնական պրոզան: Կանանց հետ եկած տղամարդիկ հայացքով կամ կարճ խոսքով խեթում՝ «դաստիարակում» են իրենց կանանց, դե նրանք էլ համապատասխան հակադարձում են: Միայնակ տղամարդիկ զբաղված են իրար հետ զրուցելով ու ժամանակ անցկացնելով, կանայք՝ նույնպես իրար հետ, բամբասում են: Կան միայնակ հանգստացող տղամարդիկ և կանայք, բայց չկա ֆլիրտ, նույնիսկ միայնակ տղամարդիկ չեն փորձում կանանց «կպցնել», նույնը և կանայք: «Ամուսնական հավատարմությունը» և «մինչամուսնական ժուժկալությունը» գտնվում են իրենց «բարոյական բարձունքի վրա», այսինքն՝ հետամնաց ասիական անդնդում: Հիշում ես սովետական առողջարանների երանելի կենցաղը՝ հագեցած անթաքույց «կուրորտային սիրավեպերով», տխուր բաժանումներով, ընտանիքի գիրկը վերադառնալու և մեղավորությանդ պատճառով կնոջդ առավել սիրելու պատրաստակամության զգացումով:
Առողջարանի գրադարանը փակվել է երեք տարի առաջ: Այս մասին կարելի է շատ խոսել, բայց ո՞վ տեղյակ չէ հասարակության մեջ ընթերցանության անկման պատկերին: Մշակութային ճակատում պատկերը հետևյալն է: Որոշ հարկերի միջանցքներում կան հեռուստացույցներ: Կա սպորտային դահլիճ, որը հաճախում ենք ես և իմ ընկերուհիները՝ տասներկու տարեկան երկու աղջիկ՝ Գոհարիկն ու Անահիտը: Ուրիշ ոչ ոք: Կա սեղանի թենիսի և բիլիարդի երկուական սեղան: Առավոտյան, արդեն ժամը ութից, սպորտդահլիճի մերձակա սրահում տղամարդիկ զբաղված են նարդի գլորելով: Երկուսը խաղում են, չորսը դիտում և մեկ-մեկ մեկնաբանում՝ միայն մեկ տախտակ կա:

Առաջին մի քանի օրը մենակ էի ամբողջ հարկաբաժնում, բայց հետո եկվորները շատացան, և հարևաններ ունեցա: Գիշերը ժամը տասնմեկին դուռս թակեցին՝ չբացեցի, քնում էի: Թակեցին և առավոտյան՝ «կոֆեվարկա չունե՞ք»: Պատկերացնո՞ւմ եք. եկել են Ջերմուկ և մոռացել անմոռանալի «կոֆեվարկան»: Իրոք, էլ ի՞նչ ժամանակակից հայ, որ քնելուց առաջ մի երկու բաժակ սուրճ չխմի:

Եվ այսպես, չկա սեր, չկա սեքս, չկա ընթերցանություն, չկա սպորտ: Չկա ոչ միայն ֆիննական բաղնիք, այլև նույնիսկ դուշ: Ուտել, ուտել, ուտել: Եվ այստեղ տեսնում ես հայկական ժամանակակից կենցաղի ուղնուծուծը: Հաղթել է ամենապրիմիտիվ մարմնականի ամենա-ամենառաջնայինը՝ ուտելը: Ընդ որում, կերակուրը թեպետ և բազմազան է և շատ, բայց չկա խոհարարական արվեստ: Այսպես, «երկրորդ» ճաշատեսակը սովետական ժամանակաշրջանի «գրեչկան» կամ պյուրեն է, առանց սոուսի, խաշած մսի, ձկան կամ հավի կտորով: Սեքսի մեջ, ինչ էլ ասես, զգացմունք կա: Չէ՞ որ այն, այսպես թե այնպես, առնչվում է սիրո հետ: Գրքերում կա գիտություն, իմաստություն, արվեստ և այլն: Սպորտում կա գեղեցկություն, աշխատանք, ձգտում, հաղթանակի բերկրանք: Սեքսը և սպորտը նաև առողջարար են՝ հորմոններ, մկաններ և այլն: Բաղնիքում՝ մաքրություն, հիգիենա և մերկ մարմիններ՝ անտիկ և վերածննդի դարաշրջանի մեծ արտիստների ոգեշնչման հիմնական աղբուրը:

Այսպիսով, առողջարանի կենցաղը այսպիսի մի պատկեր է ներկայացնում: Մեր կյանքում նվազագույնի է հասցված հոգևորը՝ միայն մարմնական բավարարություն, և այն էլ դրա ամենապրիմիտիվ տեսակը՝ լափոցին: Սրա էլիտար տեսակն է «ընդկերության հետ մի կտոր հացը»: Վերջինիս զուգահեռ հոգևոր մասն է «մի հորից չենք, մի մորից չենք» հիմնը:
Մի կենսաբան ասել է. «Եթե բույսերն ու կենդանիները կարողանային խոսել, ապա կասեին մի բան՝ մենք ուզում ենք ավելի շատ սերունդ թողնել»: Ուրեմն, բույսերի չափ էլ չկա՞նք: Արա, ընկեր, «որին ախպեր են ասում», գոնե սերունդ թողեք, էլի: Ուտելուց հետո՝ բազմացում, «հիմնական բնազդ», Շիլլեր, Ֆրոյդ: Ախր էսպես, միայն ուտելով, կվերջանանք:

***
Բա նորակառույց եկեղեցինե՞րը, որ հանդիպում ես Երևանից Ջերմուկ գնալիս, կհարցնեն ոմանք: Բայց դրանք, կարելի է ասել, յուրահատուկ, կրոնական «օբեկտներ» են, նախատեսված հիմնականում լափոցիով ուղեկցվող «մերձհոգևոր» կարիքների համար՝ կնունք, հարսանիք, թաղում: Երկրում ամուսնական հասակի տղամարդիկ գրեթե չկան, գնում են Ռուսաստան՝ «խոպան», ոմանք, ավելի հաջողակները՝ Արևմուտք, ավելի լավ գործի: Երկրում գործ չկա: Քիչ թե շատ ապահովվածները՝ նարդի, լափոցի, ընդկերություն… Հասարակությունն իր ավանդույթով, «էլիտայի» զարգացման աստիճանով և եկեղեցով, խրախուսում է ադաթի «բարոյականությունը» և պարսավում արտամուսնական կապը: Միայնակ մայրությունը չի խրախուսվում՝ ոչ ադաթով, ոչ եկեղեցով: Մյուս կողմից, համաշխարհային ռեկորդի ենք հասել ընտրովի աբորտների (աղջիկ երեխաներին ոչնչացնելու) գծով: Այսպես գնա, շուտով կվերջանանք՝ էլ ոչ տղա կլինի, ոչ աղջիկ: Տղաները՝ այլ երկիր, աղջիկները՝ այն աշխարհ:
Բայց դա ուրիշ խոսակցության նյութ է:

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031