Լրահոս
Օրվա լրահոսը

Մագդա Մկրտչյանը նոր դերերգ է պատրաստում

Սեպտեմբեր 25,2014 14:00

Վաստակավոր արտիստը չի մանրամասնում՝ որ թատրոնում

Հայաստանում խորհրդային շրջանում թատերարվեստի ոլորտում առաջին անգամ 1925թ. հանրապետության պատվավոր կոչման արժանացան հայ բեմի երախտավորներ Հասմիկը, Արուս Ոսկանյանը, Հովհաննես Աբելյանը… Այս գործընթացը կասեցվեց, հետո վերականգնվեց 2002թ.: Բարձր՝ ժողովրդականի կոչման արժանացած առաջին արտիստների թվում էին Ժենյա Ավետիսյանը, Լորենց Առուշանյանը եւ մյուսները: Պետական տոների առիթով ՀՀ նախագահի հրամանագրով պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհումը շարունակվում է: Օրերս ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առիթով, այլ ոլորտների թվում, թատերարվեստի 5 վարպետ հրավիրվել էր նախագահի նստավայր. ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին շնորհվեց «Մովսես Խորենացի» մեդալ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Սամվել Փիլոյանին՝ վաստակավոր արտիստի, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, բեմադրիչ Շանթ Հովհաննիսյանին՝ վաստակավոր, Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանին՝ արվեստի վաստակավոր գործչի եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանին՝ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումներ: Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ նման դեպքերում անպակաս են տարատեսակ կարծիքները: Այս անգամ, օրինակ, Էվելինա Շահիրյանի անվան շուրջ հիմնականում պտտվում էր հետեւյալ խոսակցությունը. հետաքրքիր է՝ դերասանուհուն իր թատրոնը (նկատի ունեն Դրամատիկականը) ե՞րբ կներկայացնի ժողովրդականի… Նշենք, որ արտիստին պարգեւատրման կարող է ներկայացնել ոչ միայն թատրոնը, այլեւ նախարարությունը կամ հենց ինքը՝ արտիստը կարող է իր թեկնածությունն առաջադրել:

Magda-Mkrtchyan_1

Մագդա Մկրտչյանը՝ Ելենա Օբրազցովայի հետ:

 

«Առավոտը» կոչումներ ստացած, համընդհանուր սեր վայելող արտիստներից զրույցի հրավիրեց Մագդա Մկրտչյանին:

2009թ. Երեւան այցելած օպերային դիվա Ելենա Օբրազցովան մեզ հետ զրույցում խոսելով օպերային արվեստի, մասնավորապես՝ հայ վոկալիստների մասին, առանձնացրել էր հենց Մագդա Մկրտչյանի անունը: Վերջինիս խնդրեցինք գոնե տարիներ անց մեկնաբանել, թե ինչպես ինքը դարձավ Օբրազցովայի սիրելին, ավելին՝ մեծանուն երգչուհու հետ երեւանյան ծանոթությունից հետո նույն թվականին հրավիրվեց Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահ՝ մասնակցելու աշխարհահռչակ երգչուհու հոբելյանական երեկոյին: «Այդ տարի տիկին Օբրազցովան Երեւանում էր օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանի հրավերով, որն ինձ խնդրել էր միասին ուղեկցել նրան հայաստանյան պատմամշակութային վայրերով: Սուրբ Կաթողիկե եկեղեցում, այս պահին չեմ կարող հիշել, թե ինչու կամ ինչ առիթով, հնչեցրի Նարեկացու «Հավուն-հավունը»… Բայց շատ լավ եմ հիշում, որ տաղի ավարտից հետո մեծ երգչուհու աչքերը թաց էին, ավելին՝ Օբրազցովան անմիջապես կապվեց Սանկտ Պետերբուրգում կայանալիք իր հոբելյանական երեկոյի կազմակերպիչների հետ, որի արդյունքում հրավեր ստացա»,- հիշեց Մագդա Մկրտչյանը: Նաեւ հավելեց, որ մտքով անգամ չէր անցնի, որ այդ երեկո ինքը բեմ է բարձրանալու համաշխարհային օպերային այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Թերեզա Բերգանցան, Դինարա Ալիեւան, Կատյա Ռիչարելին, Պետեր Դվորսկին, Ֆիորենցա Չեդոլինզը, Եվա Մարտոնը… ֆիլհարմոնիկ նվագախումբն էլ ղեկավարելու է Ջուզեպե Սաբատինին:

Մագդա Մկրտչյանի դեբյուտը` 2000թ. Ազգային օպերային թատրոնում՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ, կայացավ Լեոնորայի դերերգով (Վերդի՝ «Տրուբադուր»), ինչից հետո 23-ամյա երգչուհուն մասնագետները խոստանում էին փայլուն ապագա: Այնուհետեւ նա հանդես եկավ գլխավոր դերերգերով Վերդիի «Նաբուկո», «Աիդա», Մոցարտի «Դոն Ժուան», «Կախարդական սրինգ» օպերային ներկայացումներում: Հայաստանում եւ արտերկրյա շրջագայությունների ժամանակ Մագդա Մկրտչյանը հանդես է եկել դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանի, Կարեն Դուրգարյանի, Էդուարդ Թոփչյանի, Սերգեյ Սմբատյանի, Հարություն Արզումանյանի, Զավեն Վարդանյանի, Լիոր Շամբադալի (Գերմանիա), Մարիո Մերիգոյի (Իտալիա), Պավել Կոգանի եւ այլոց ղեկավարությամբ: Ստեղծագործական կյանքում երգչուհին թողարկել է հոգեւոր եւ դասական երկերի 3 CD: Նա հիշում է. «2004թ. դաշնակահար-կոնցերտմայստեր Լեւոն Ջավադյանի հետ երկարատեւ համերգային շրջագայության էինք մեկնել Գերմանիա: Համերգներ ունեցանք տեղի ճանաչված համերգասրահներում՝ «Konzerthause», «Hendel halle» եւ այլն: Ի դեպ, հենց «Konzerthause»-ում կայացավ առաջին սկավառակիս շնորհանդեսը: Իսկ երկրորդ CD-ն ձայնագրեցի «Մխիթարյան» միաբանության առաջարկով»: Երգչուհին հայտնեց, թե ստեղծագործական ուղու ընթացքում հիշարժան դրվագներ շատ ունի: Դրանցից մեկն, օրինակ, 2006թ. Վատիկանում Բենեդիկտոս 16-րդ պապի ներկայությամբ իր կատարմամբ հայկական միջնադարյան շարականների մեկնաբանումն էր: Այդ ելույթը հեռարձակվել է 22 երկրում:

Կոչմանն արժանանալու առիթով մեր զրույցի ընթացքում երգչուհին երախտագիտությամբ հիշեց Երեւանի կոնսերվատորիայի իր պրոֆեսոր Գոհար Գալաչյանին, ինչպես նաեւ աշխատավայրի՝ օպերային թատրոնի կոլեգաներին:
Հետաքրքրությանը՝ վաստակավոր արտիստից առաջիկայում ի՞նչ սպասենք, Մագդա Մկրտչյանն ասաց, որ պատրաստում է Ելիզավետայի դերերգը՝ Վերդիի «Դոն Կառլոս» օպերայում: Նա չմանրամասնեց, Երեւանո՞ւմ, թե՞ արտերկրում կվայելեն նրա Ելիզավետան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Երգչուհին՝
Լեոնորայի կերպարում, 2000թ.:

«Առավոտ» օրաթերթ
24.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930