Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասահմանում ուսանող հայերն ինչպե՞ս պիտի պատասխանեն թուրքական հերյուրանքներին

Դեկտեմբեր 18,2014 20:46

Ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը գնալով ավելի մեծ թափ է առնում՝ ընդունելով նոր ձևաչափեր. եթե սկզբում այդ քաղաքականությունը տարվում էր կասկածի տարածման սկզբունքով՝ հիմքում ունենալով Հայոց ցեղասպանության եղելության հարցը քննող պատմաբանների խումբ հրավիրելը, ապա այսօր արդեն այդ ժխտողականությունը «վերափաթեթավորվում է»՝ «Հայոց ցեղասպանություն» բնորոշումը փոխելով. «Այսինքն՝ Թուրքիան այն ներկայացնում է որպես մեծ ողբերգություն՝ առանց անվանելու ցեղասպանություն»,- ասում է թուրքագետը:

Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի իր աշխատանքային խմբով հարցում է իրականացրել արտասահմանում ուսանող հայ երիտասարդների շրջանում՝ փորձելով պարզել՝ արդյո՞ք նրանք իրենց շրջապատում քննարկում են Հայոց ցեղասպանության հարցը: Հարցումները ցույց են տվել, որ նրանք գոնե մեկ անգամ իրենց ընկերներին պատմել են այդ մասին կամ ստիպված են եղել պատասխանել թուրքական հերյուրանքներին:

«Անշուշտ, մեր ոչ բոլոր ուսանողներն են մասնագետ, և նրանց մեջ Ցեղասպանության մասին շատ մակերեսային գիտելիքներ ունեցողներ էլ կան: Մինչդեռ թուրք երիտասարդները արտասահմանյան որևէ բուհ ընդունվելուց առաջ սովորում են, թե ինչ քարոզչություն պետք է տանեն այդ հարցի ուղղությամբ»,- ասում է Ա. Շաքարյանը:

Եվ ահա հայ երիտասարդներին օգնելու համար հրատարակվել է «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գիրքը, որում աշխատանքային թիմն անդրադառնում է Թուրքիայի կողմից հիմնականում շահարկվող հարցերին ու փորձում դրանց միասնական պատասխաններ տալ. «Թուրքերի կողմից շատ շրջանառվող թեմաներից մեկը, օրինակ, այն է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչ միայն հայերն են շատ զոհեր տվել, այլև թուրքերը: Գիրքն առաջարկում է այսպես պատասխանել դրան. «Երկրորդ համաշխարհայինի ժամանակ էլ են շատ ֆաշիստներ զոհվել, բայց ոչ մեկն այսօր չի հանդգնում Հոլոքոստի զոհերին զոհված ֆաշիստների հետ նույն հարթության վրա դնել»:

Շատ է շրջանառվում նաև 1.5 միլիոն թվի հարցը. թուրքական կողմը պնդում է, որ այդ տարիներին անգամ այդքան հայ չի ապրել Արևմտյան Հայաստանում: Սակայն օսմանյան վիճակագրությունը բավականին խախուտ է, և չի կարելի դրան վստահել, հատկապես որ այդ տարիներին հայերի թիվը դիտավորյալ շատ ավելի քիչ է ներկայացվել, քան եղել է իրականում: Թալեաթ փաշան, օրինակ, իր օրագրում նշում է, որ 900 հազար հայ է ոչնչացվել: Բայց այստեղ խնդիրը ոչ թե 900 հազարն է կամ 1.5 միլիոնը, այլ այն, որ պետականորեն ազգ ոչնչացնելու մասին որոշում է կայացվել»,- ընդգծեց թուրքագետը՝ հավելելով, որ մենք ավելի հանգիստ ենք, այսինքն՝ նախաձեռնող չենք, քանի որ արդար կողմն ենք, բայց, ինչպես նկատեց բանախոսը, մեր օրերում տեղեկատվական պատերազմը շատ լուրջ նշանակություն ունի. «Այսօրվա ուսանող երիտասարդները վաղվա ղեկավարներն են, և նրանք գոնե պետք է կարողանան իրենց շրջապատի օտարերկրացի երիտասարդներին ներկայացնել ճշմարտությունը»,- ասում է պարոն Շաքարյանը:

«Ուղեցույց երիտասարդ դեսպանին. փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գիրքը հրատարակվել է 200 օրինակով և հիմնականում տրվելու է այն կազմակերպություններին, որոնք ուսանողներ են ուղարկում արտասահման:

Սակայն գրքին կարելի է ծանոթանալ նաև առցանց: Գիրքն արդեն թարգմանվել է անգլերեն և լույս կտեսնի 2015 թ. հունվարին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031