Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Կրթությունը մեզանում դեռեւս խորհրդային է

Փետրվար 02,2015 17:30

Գրատախտակի մոտ կանչելը եւ գնահատելը՝ «սթրեսների բուն»

ԻՐ գործունեության վերջին շրջանում, մոտավորապես 2000-ական թվականներից սկսած, Apple ընկերության հիմնադիր եւ նախագահ Սթիվ Ջոբսը լրջորեն հետաքրքրվոմ էր կրթության խնդիրներով: Այդ բիզնեսմենի մոտ, ինչպես հայտնի է, փող աշխատելու, գերազանց արտադրանք ստեղծելու եւ մարդկությանը օգուտ բերելու խնդիրները սերտորեն միահյուսված էին միմյանց: Ջոբսը նկատել էր, որ ուսումը Միացյալ Նահանգների դպրոցներում եւ քոլեջներում, ի տարբերություն Եվրոպայի զարգացած երկրների, դեռեւս գտնվում է 20-րդ դարում՝ թղթե դասագրքերով եւ տետրակներով: Նա պլանավորում էր ստեղծել թվային դասագրքեր, որոնք, բնականաբար, կտեղադրվեին Apple-ի արտադրանքում՝ նրա համակարգիչներում, ipad-ներում եւ iphone-ներում` համապատասխան ուսումնական ծրագրերով:

Ըստ Ջոբսի՝ պետք է հասնել նրան, որ բարձր դասարանների աշակերտները աշխատանքները կատարեն տանը՝ թվային նյութի հետ, իսկ դպրոց կամ բուհ գան՝ ուսուցչի, դասախոսի ղեկավարությամբ քննարկելու եւ բանավիճելու հանձնարարված թեմայի շուրջ: Այդ խնդրի մասին Ջոբսը խոսում էր թե՛ իր գործընկեր բիզնեսմենների, թե՛ կրթության եւ գիտության պատասխանատուների եւ թե՛ բարձր պաշտոնյաների, այդ թվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ցավոք, տեղեկատվական ոլորտի մեծ հեղափոխականի մահը (2011 թվական) թույլ չտվեց իրականացնել այդ մասշտաբային բարեփոխումը:
Դրա համար Ամերիկայում կան նաեւ օբյեկտիվ պատճառներ՝ քաղաքականության ուղղվածությունը պակաս սոցիալական է, քան եվրոպական, հատկապես սկանդինավյան երկրներում: Ոչ մի բիզնեսմեն, նույնիսկ միլիարդատեր, չի կարող բարեփոխել կրթությունը, եթե կառավարությունը դա չի ուզում: Խնդիրը միայն փողը չէ՝ խնդիրը մտածելակերպի փոփոխությունն է:

Այսօրվա Հայաստանում ապրող մարդկանց կեսից ավելին կրթություն է ստացել խորհրդային դպրոցում, եւ չնայած շատերը (երբեմն արդարացիորեն) խոսում են այդ կրթության առավելությունների մասին, դրանք, իմ կարծիքով, նսեմացվում են այն հոգեբանական տրավմաներով, որոնք ստանում էինք մեր դպրոցական տարիներին: Սթրեսներից մեկն այն ժամանակ է «վրա հասնում», երբ երեխաներին ասում են՝ «արի՛ գրատախտակի մոտ», որից հետո սկսվում է հարցաքննություն՝ ստալինյան «էնկավեդե»-ի ոճով: Եվ կախված նրանից, թե որքանով են «քննիչին» դուր եկել «մեղադրյալի» պատասխանները, այնքանով նա խրախուսում է կամ պատժում վերջինիս՝ տարբեր գնահատականներով: Ժամանակակից տեխնոլոգիաները նույնիսկ Հայաստանում թույլ են տալիս խուսափել այդ ամենօրյա «կառափնարաններից»:

Գնահատականը պետք է աշակերտին կամ ուսանողին օգնի հասկանալ սեփական ուժեղ կամ թույլ կողմերը եւ չլինի պատժամիջոց: Նույն սկանդինավյան դպրոցներում, օրինակ, կիրառվում է հետեւյալ եռաստիճան մեթոդիկան. 1/ ուսուցչի գնահատականին նախորդում է աշակերտի ինքնագնահատականը, տարաձայնությունները դառնում են քննարկման առարկա, ընդ որում՝ քննարկվում են միայն օբյեկտիվ, չափելի երեւույթները, 2/ ինքնագնահատականն ունի տարբեր բաղադրիչներ, աշակերտը պետք է հասկանա, թե ինչն է նրան հաջողվել, իսկ ինչը՝ ոչ, 3/ ուսուցիչն ու դասարանը սկզբում համատեղ ջանքերով որոշում են «հարցերի արժեքը», եւ այդպիսով մի քանի հարցերի գնահատականը ներկայացվում է կոտորակի տեսքով՝ ասենք, 11/17, այսինքն՝ 11-ը 17-ից:

Կարող են լինել նաեւ բազմաթիվ այլ ձեւեր, որոնք կօգնեն ազատվել գրատախտակի մոտ կանչելու եւ գնահատականի «պատժամիջոց» լինելու պրակտիկայից: Իհարկե, պետք է զուգահեռաբար ճշտել առաջնահերթությունները: Օրինակ՝ ի՞նչն է ավելի կարեւոր՝ հիշել, թե քանի հարբած փիղ է մասնակցել այս կամ այն ճակատամարտի՞ն, թե՞ կարողանալ գրագետ ձեւով կազմել աշխատանքի հայտը՝ ռեզյումեն, power point-ով ներկայացնել սեփական գաղափարները կամ հաշվարկել, թե որ չափով, որ ժամկետով ու որ տոկոսով է պետք վերցնել վարկը՝ այս կամ այն նպատակն իրականացնելու համար:

Իսկ ամենակարեւոր բանը, որն, իմ կարծիքով, պետք է տա դպրոցը՝ մոտիվացիան է, ներքին խթանը, մղումը՝ գիտելիքներ ձեռք բերելու համար: Խթան, որը մարդու մեջ կմնա ամբողջ կյանքի ընթացքում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
31.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Անի says:

    Բայց ամենալավ դպրոցը եղել և մնում է սովետական դպրոցը,,Ե’վ լավ կրթություն էին տալիս,և’ լավ դաստիարակում:Գնահատման սիստեմն էլ 5 բալանի էր,ծրագրերը շատ ավելի ընկալելի էին ,քան 10 բալանոց այս աստիճան բարդ ու անկապ սիստեմը:

  2. Seyran says:

    Սովետական դպրոցի շրջանավարտը քայլող հանրագիտարան էր,բայց գործնականից կաղում էր,ի տարբերություն եվրոպական կամ ամերիկյան,որոնք սովորում են գրականությունից օգտվել և կիրառել գործնական աշխատանքում:Ինչպես նաև գիտական ոլորտում:Սովոտական գիտնականները հիմնարար գիտությամբ էին զբաղվում,իսկ դրա նվաճումներից օգտվում էին զարգացած երկրները:

  3. Tatevik says:

    Իսկ ամենակարեւոր բանը, որն, իմ կարծիքով, պետք է տա դպրոցը՝ մոտիվացիան է, ներքին խթանը, մղումը՝ գիտելիքներ ձեռք բերելու համար: Խթան, որը մարդու մեջ կմնա ամբողջ կյանքի ընթացքում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    իսկ ընտանիքը՞, ինչ էր տալիս երեխային խորհրդային տարիներին, ինչ է տալիս հիմա, և ըստ Ձեզ, ի՞նչ պիտի տա իր երեխային…

  4. Ara Kirakosyan says:

    Գրատախտակի գաղափարն այստեղ չի կարող էական լինել: Եթե դա սթրեսի հետ է կապվում, այստեղ էլ ուսումնական պրոցեսի ժամանակ սթրեսային գործոնները քիչ չեն: Տարբերությունները շատ են և լավի և վատի տեսանկյունից: Սակայն այն թյուր կարծիքը, որ Սովետական կրթությունը ամենալավն էր պետք է մոռանալ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728