«TeachSurfing» ծրագիրը 1 ամսով ամբողջ ուշադրությունը կսեւեռի Հայաստանի վրա (տեսանյութ)

«TeachSurfing» ծրագիրը 1 ամսով ամբողջ ուշադրությունը կսեւեռի Հայաստանի վրա (տեսանյութ)

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հիմնադրված «TeachSurfing» ծրագիրը միջազգային պլատֆորմ է, որը ճանապարհորդության սիրահարներին թույլ է տալիս, բացի զբոսնելուց, նոր վայրեր այցելելուց ծանոթանալ միմյանց հետ եւ գաղափարներ, գիտելիքներ ու մասնագիտական փորձ փոխանակել:

Այսօր Երեւանում մեկնարկած թվով յոթերորդ «Բարքեմփ Երեւան» ամենամյա միջազգային կոնֆերանսի ընթացքում «TeachSurfing»-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր Անժելա Հասասյանը, ներկայացնելով ծրագիրը՝ ասաց, որ գրանցվելու համար պետք է այցելել www.teachsurfing.org կայք, գրանցվել եւ նշել, թե տվյալ անձի գիտելիքները ինչ ոլորտներից են: «Հետո փնտրում եք տարբեր երկրներում գտնվող տարբեր կազմակերպություններ, անհատներ եւ մասնագետներ ու կապ եք ստեղծում նրանց հետ»:

«TeachSurfing»-ին արդեն միացել են 900 օգտատեր, 89 կազմակերպություն, 95 երկրներ եւ 300-ից ավել ուսանողներ: Անժելա Հասասյանը նշեց, որ իրենց համար թիրախային լսարան են կազմում այն մարդիկ, որոնք ինչ-որ փորձ ունեն: «Նույնիսկ եթե ինքը ուսանած մարդ չէ, բայց ունի ինչ-որ կարողություն, որ կարող է փոխանցել»:

Մանրամասները՝ տեսանյութում

«TeachSurfing»-ի Հայաստանում աշխատելու ընթացքում նպատակ ունի որոշել տեղական կրթական եւ փորձի փոխանակման կարիքները, անհրաժեշտ փորձով մարդկանց հրավիրել Հայաստան մասնակցելու համաժողովների, միջոցառումների: Անժելա Հասասյանը նշեց, որ այս տարի նախատեսել են անցկացնել «TeachSurfing» փառատոն եւ 1 ամսով ամբողջ ուշադրությունը սեւեռել Հայաստանի վրա:

«Մենք կհրավիրենք բոլոր այն մարդկանց, որոնք Հայաստան են գալիս որպես տուրիստներ, որպեսզի մասնակցեն «TeachSurfing» գաղափարին: Նրանք գնալու են դպրոցներ, որոնք իրենց գիտելիքների կարիքները ունեն: Օրինակ` մեկ օր կտրամադրեն դասախոսություն կարդալուն, մասնագետների հետ հանդիպումներ կազմակերպություն եւ այլն»,- ասաց նա:

Ծրագրի հասարակայնության հետ կապերի մենեջերը նշեց, որ «TeachSurfing» կամավորական սկզբունքներով կարող են աշխատել որպես դեսպաններ, որոնք կօգնեն տարբեր երկրների քաղաքացիների միջեւ կապ հաստատել. «Եթե օրինակ մի մարդ ապրում է գյուղում, ունի համակարգչային գիտելիքների, անգլերեն լեզվի պակաս, դեսպանը կօգնի նրան կապ հաստատել մյուս կողմի հետ: Այսինքն` նա կարող է թարգմանություններ եւ այլ աշխատանքներ կատարել»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք