Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն աշխարհում մեծ ճանաչում ունի». Արմեն Սմբատյան

Հունիս 06,2015 17:51

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է, և հենց այսօր էլ Երևանում կմեկնարկի կոմպոզիտորի անվան 11-րդ միջազգային մրցույթը՝ «ջութակ» մասնագիտությամբ։
«Միջազգային այս մրցույթը 11 տարիների ընթացքում հասել է նրան, որ այն աշխարհում մեծ ճանաչում է վայելում: Դրա ապացույցը նաև 17 երկրներից (Ռումինիա, Ավստրիա, Կորեա, Ճապոնիա, Իրան, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Չինաստան և այլն) Հայաստան ժամանած մասնակիցներն են։ Այս տարիների ընթացքում մրցույթը կարողացել է ներկայանալ օբյեկտիվորեն և այսօր այն արժանի տեղ է գրավում այնպիսի մրցույթների կողքին, ինչպիսիք են Չայկովսկու, Եղիսաբեթ թագուհու անվան և այլ միջազգային մրցույթներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի խորհրդական, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մրցույթին դիմած մոտ 60 ջութակահարներից ընտրվել են 25-ը, որոնցից 5-ը հայաստանցի երիտասարդ երաժիշտներ են։

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահը ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանն է։ Ժյուրիի կազմում են անվանի երաժիշտներ Իգոր Պետրոշևսկին (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Ինո Մերկովիչը (Խորվաթիա), Վլադիմիր Լանցմանը (Կանադա), Պաոլո Պետրոչելին (Իտալիա), Թոնգ Վեիդոնգը (Չինաստան)։

11-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Էդուարդ Թադևոսյանը ընդգծեց, որ խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է, ինչն ավելի պարտավորեցնող է։ «Ես ցանկանում եմ, որ Արամ Խաչատրյանի գունեղ, բազմերանգ, շռայլ տաղանդը ոգևորի մրցույթի երիտասարդ մասնակիցներին»,- հավելեց նա։

«Հեշտ բան չէ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ լինելը,- նկատեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը,- դա նշանակում է, որ այն աշխարհում միջազգայնորեն ճանաչված է և համապատասխանում է միջազգային չափանիշներին»։

Փոխնախարարը ողջունելի քայլ համարեց այն, որ մրցույթում 2016 թվականից ավելանալու է դիրիժորություն մասնագիտությունը։ «Նաև մեծ ձեռքբերում է, որ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 2016 թվականի գլխավոր վեհաժողովը տեղի կունենա Հայաստանում»,- հավելեց նա։

Մրցույթի գլխավոր հովանավոր «Յուքոմ» ընկերության մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է աջակցել այս մրցույթին. «Յուքոմը» ձգտում է լինել այն կազմակերպությունների կողքին, որոնք հանդես են գալիս հայկական մշակույթի զարգացմանը միտված ծրագրերով»,- ասաց նա։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930