Լրահոս
Օրվա լրահոսը

Բիբինները «մեր խաչը» չեն

Հունիս 19,2015 12:00

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` ՀԾԿՀ, չորեքշաբթի օրը միաձայն կողմ քվեարկեց 6,93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ ՀԷՑ-ը, ինչպես հայտնի է, իր հայտում պահանջում էր հոսանքը թանկացնել 17 դրամով։ ՀԾԿՀ-ն, փաստորեն, մասնակի բավարարեց ՀԷՑ-ի ներկայացրած հայտը, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93:
«Մենք պետք է օրենքով մեզ վերապահված գործառույթն իրականացնենք եւ չանենք այնպիսի մի բան, որը կդառնա անդառնալի եւ անշտկելի: Մենք քաղաքականացված մարմին չենք, որ քաղաքական խնդիր չենք լուծում, որեւէ մեկի շահերը չենք պաշտպանում: Իհարկե՛, մեզ համար դժվար է սակագնի վերանայման ժամանակ քվեարկել՝ որոշակի ձեւով հասկանալով, որ դա բեռ է դառնում մեր յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի վրա: Սա մեր խաչն է, պետք է տանենք: Ինչ-որ մեկը պետք է այս գործն անի»,- հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Վերոնշյալ որոշմանը զուգահեռ՝ ուշագրավ տեղեկություններ էին հայտնվում հայաստանյան մամուլում այն մասին, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին հասցրել է երկու նամակներ ուղարկել՝ նախազգուշացումներով ու «սպառնալիքներով», որ եթե ՀԾԿՀ-ն սակագինը չբարձրացնի իր պահանջած 17 դրամով, ապա էլեկտրաէներգիայի մատակարարումների հետ խնդիրներ կառաջանան՝ ընդհուպ մինչեւ այն, որ էներգամատակարարման համակարգի գործունեությունն ընդհանրապես կդադարեցնեն: Այսինքն՝ հնարավոր չի լինի Հայաստանում անխափան էներգիայի մատուցումը:

ՀԷՑ-ը սպառնում է էներգամատակարարման համակարգի գործունեությունը դադարեցնել: Բիբինը ՀԾԿՀ նիստին չէր ներկայանում, իսկ ըստ Ռոբերտ Նազարյանի` եթե նա խոսում է սպառնալիքներով, ապա համարժեք պատասխան կստանա: Միեւնույն ժամանակ նույն Նազարյանն ասում է` «սա մեր խաչն է, պետք է տանենք…»:

Ընկերության կողմից պարտավորությունները` ապահովել մատուցվող ծառայության որակը, բարելավել այն, ավելին` անհրաժեշտ ներդրումներ իրականացնել, ակնհայտորեն, երեւում է, որ այս տարիների ընթացքում չեն արվել: Դեռ ընդհակառակը` մասնավոր ընկերությունը հասցրել է մի իրավիճակի, որ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքը հայտնվել է, մեղմ ասած, աղետալի վիճակում: Սակայն հիմա Հայաստանի «պատկան մարմինների» ձեռքով ընկերությունն իր մեղքը բարդում է հասարակության վրա` պահանջելով սակագնի բարձրացում:

Ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքացիները վճարեն օտարերկրյա ընկերության պարտքերը. սա իսկապես անհասկանալի է: Խոսքը գնում է մի կազմակերպության մասին, որը աշխատում է վնասով արդեն երրորդ տարին, որը տարեկան մեկ տասնյակից ավելի միլիարդ դրամի շահույթ ստանալու փոխարեն` կրում է միայն վնասներ ու կուտակում պարտքեր:

2006-ից ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանյան «ԼվՑպՐ ՀԸԿ ժնհ» ընկերությանը, որի բաժնետերերից է նաեւ ռուսաստանյան պետությունը՝ ի դեմս «ՀՏրՌՎցքպրՑՉՏ» պետական գործակալության: Դեռ տարեսկզբին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ ռուսական ընկերության վատ կառավարման, ինչպես նաեւ դրամի կտրուկ արժեզրկման պատճառով սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում: Նա մանրամասնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 250 միլիոն դոլարից ավելի պարտք, ինչը գործող սակագնի պայմաններում չի կարող մարել։

Թե ինչ ավտոմեքենաներով են շրջում, ինչ ճոխ բնակարաններում են ապրում ընկերության աշխատակիցները, ինչ ցոփ ու շվայտ կյանք են վարում եւ ինչ գումարներ են ծախսում, օրինակ, ամենօրյա «ընդմիջումների» վրա՝ իսկապես ամենակարեւորը չէ, թեեւ ուռճացած աշխատակազմերի առկայությունն ու ավելորդ ծախսերն էլ արդարացված չեն, առավել եւս, եթե ընկերության վիճակը գրեթե աղետալի է:

Հայաստանում ու Ռուսաստանում խնդրով զբաղվելու ունակ, շահագրգիռ խմբեր չկա՞ն, որոնք կարող են հայ-ռուսական «բարեկամության» շրջանակներում կարգավորել խնդիրը եւ, բնականաբար, ոչ Հայաստանի հասարակության գրպանի հաշվին:

Ազգային ժողովում կուրծք ծեծող իշխող կուսակցության պատգամավորները, Բիբինին «մատ թափ տվողները» կարող են այսօր ասել՝ քանի որ ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց ՀԷՑ-ի ներկայացրած հայտը, հետեւաբար հունիսի 17-ի որոշումը կարելի է համարել մեր պատասխանը Բիբինին, քանի որ Բիբինի պահանջն ամբողջությամբ չի բավարարվել:
Բայց պարզ է, որ դրանով ՀԷՑ-ի խնդիրը չի լուծվելու, որովհետեւ այսօր՝ Բիբինի, մյուսը օրը մեկ ուրիշի պահանջներն են ի հայտ գալու: Անարդյունավետ աշխատող ընկերությունում նման իրավիճակ հենց այնպես չի ստեղծվել, նշանակում է՝ եղել են չարաշահումներ, նշանակում է՝ կան պատասխանատուներ: Ուրեմն նախ այս խնդիրը պետք է լուծել, որից հետո անցնել կուտակված պարտքերի վնասների հարցը կարգավորելուն, եթե անհրաժեշտ է` հայ-ռուսական պետական մակարդակով: Գործ ունենք ռուսական սեփականության հետ, եւ որքան էլ վախ կա ռուսական կողմի զայրույթը անհարկի չմեծացնելու, այնուամենայնիվ, արժանապատվության հարց է. ՀՀ քաղաքացի սպառողները պարտավոր չեն ինքնազոհողությունների գնալ անարդյունավետ գործող ընկերության ու նրա ղեկավարության մեղքով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Михаил says:

    Все дело в том, что Бибин исполняет приказ совершенно других “хозяев”,но на этот раз он проиграет со своими интриганами,которые действуют и против Армении и против России! А самый главный интриган поплатится своим портфелем! А вопрос решится после 17-го июля!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930