Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-վրացական «Բարեկամության» կամուրջ

Հուլիս 30,2015 17:00

Տնտեսական ծրագիր` քաղաքական հետեւանքներով

«Հայ-վրացական երկխոսությունը արդյունքներ է տալիս: Կարծում եմ՝ Վրաստանում նոր ուժի իշխանության գալուց հետո երկկողմ հարաբերություններն աստիճանաբար ավելի դրական հարթակ են տեղափոխվում, համագործակցությունն ավելի է խորանում: Բնական է, որ երկու երկրների քաղաքական ղեկավարության շփումներն ավելի խթանիչ երանգ են հաղորդում եւ նպաստավոր են հետագա զարգացման համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը` առանձնացնելով հատկապես երկու երկրների վարչապետների միջեւ վերջին երկու տարիներին ձեւավորված ջերմ հարաբերությունները:

Alik_Eroyanc

Զրույցի առիթը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին աշխատանքային այցն էր Վրաստան: Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով հուլիսի 25-ին մասնակցում էր Թբիլիսիում կայանալիք 2015 թվականի Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը: Այցի շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները այցելել են Դարիալի (Կազբեկի) սահմանային անցակետ: Երկու երկրների վարչապետները քննարկել են վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաեւ Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելու հետ կապված հարցեր, պայմանավորվել են հայ-վրացական սահմանին կառուցվելիք «Բարեկամության» կամրջի շինարարության ժամկետների մասին, քննարկել են Վրաստանը Ռուսաստանին կապող մայրուղու այն հատվածների հարցը, որտեղ մշտապես սողանքների, քարաթափման վտանգ կա:
Ալիկ Էրոյանցը հայ-վրացական հարաբերությունները կարեւորում է ոչ միայն զուտ երկկողմ, այլեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Ըստ նրա՝ Վրաստանի նախկին իշխանությունների ժամանակ էլ հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա էին, սակայն դրանք անհամեմատելի են ներկայիս հարաբերությունների հետ: Նա առանձնացնում է հատկապես վերջին մեկ տարվա կտրվածքով հայ-վրացական հարաբերություններում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց կյանքի կոչումը: Անցած տարի, մոտավորապես այս օրերին, Հայաստանում էր Վրաստանի վարչապետը: Այդ այցի ժամանակ երկու վարչապետները պայմանավորվեցին Բագրատաշենում «Բարեկամության» կամուրջ կառուցելու մասին: Ըստ Վրաստանում օրերս ձեռք բերված պայմանավորվածության՝ նախատեսվում է այս տարվա ընթացքում հայտարարել կամրջի շինարարական աշխատանքների կազմակերպման մրցույթը: Ակնկալվում է, որ կամուրջը կնպաստի ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը:

2-1-2

Սահմանային անցակետերի արդիականացման ծրագրով նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցակետերի ժամանակակից ենթակառուցվածքներ, հեշտացնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները: Ծրագրի համար կներդրվի 70 մլն դոլար: Վրացական կողմի վրա մի փոքր ավելի մեծ բեռ է ընկնում` ծախսերի 60 տոկոսը: 40 տոկոսը կհոգա հայկական կողմը` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գրասենյակի եւ միջազգային այլ կառուցների հետ համագործակցությամբ:
Մեր զրուցակիցը, սակայն, առավել ուշադրություն է հրավիրում հարցի առավելապես քաղաքական տարրի վրա` թե որքան են կողմերը կարեւորում միմյանց հետ շփումները, համագործակցությունը, ինչը նաեւ տարածաշրջանում, մեր անմիջական հարեւանների մոտեցումների ու քաղաքականության վրա է ազդեցություն ունենում: Խոսքը Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին է. «Հայ-վրացական հարաբերություններում զարգացման ցանկացած քայլ Ադրբեջանում եւ Թուրքիայում, բնականաբար, բացասաբար է ընդունվում, եւ բնական է, որ այս առումով նաեւ այդ կամրջի շինարարությունը շատ կարեւոր է` հատկապես հայկական կողմի համար»:

Անցյալ տարի, երբ Վրաստանը իր օրենսդրությունը ԵՄ-ին համապատասխանեցնելու բարեփոխումներ էր իրականացնում, պարզվեց, որ լրջագույն խնդիրներ են առաջանում Վրաստանում բնակվող հայերի, մասնավորաբար՝ ջավախահայերի համար: Հայտնի է, որ նրանք ՌԴ մեկնելու համար ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերում, ու համաձայն Վրաստանում միգրացիոն օրենսդրության փոփոխությունների՝ նրանց մուտքը Վրաստան սահմանափակվում էր: Դա խնդիր էր դառնում նաեւ ՀՀ-ի համար: Ալիկ Էրոյանցը նշում է, որ երկու երկրների վարչապետների, ԱԺ նախագահների հանդիպումների ընթացքում այդ խնդիրն անընդհատ բարձրաձայնվել է, ու միջանկյալ, ժամանակավոր լուծումներից հետո այն այժմ վերջնական լուծում է ստացել` ՀՀ քաղաքացիների համար այդ արգելքը հանվեց:
Անդրադառնալով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց եւ Վրաստանի` ԵՄ Ասոցացման պայմանագրին միանալուց հետո երկու երկրների հարաբերություններում, հատկապես տնտեսական ոլորտում կանխատեսվող խնդիրներին՝ փորձագետը նկատում է, որ մինչ այժմ որեւէ շոշափելի կամ ակնառու խնդիր չի առաջացել. «Բնական է, առաջիկայում կարող են լինել որոշակի խնդիրներ, խոչընդոտներ, ամեն դեպքում՝ այն շփումներն ու ջերմ մթնոլորտը, որը կա երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջեւ, բնական է, որ նպաստելու է հնարավոր խնդիրների հանգուցալուծմանը»:

2-1

Մեր զրուցակիցը ոչ պակաս կարեւոր է համարում նաեւ երկու երկրների վարչապետների վերջին համատեղ այցը Դարիալի (Կազբեկի): Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այս անցակետի աշխատանքային ժամանակը երկարաձգվեց եւս 3 ժամով. այն կգործի 05:30-ից մինչեւ կեսգիշեր, ինչը թույլ կտա խուսափել կուտակումներից եւ առաքվող ապրանքները անխափան եւ ժամանակին տեղ հասցնել: Ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների երկխոսության շնորհիվ Լարսի անցակետի աշխատաժամանակը երեկոյան 18:00-ից հասցվեց 21:00-ի:
Հայաստանյան, թուրքական, ադրբեջանական, նաեւ վրացական բեռնափոխադրող ընկերությունների համար մեծ խնդիր առաջացավ, երբ Վրաստանը որոշեց Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը կրճատել: Նախկին 24-ժամյա ռեժիմի փոխարեն՝ անցակետն ութժամյա աշխատանքային ռեժիմի էր անցել` 9:00-18:00-ը: Հայաստանից հիմնական արտահանումները հենց այդ ճանապարհով են, ու ծիրանի արտահանման բուռն շրջանում հայկական բեռնափոխադրող ընկերությունները բավական ծանր կացության մեջ էին:

«Շատ լավ է, որ վրացական կողմն էլ ուշադիր հետեւում է այդ խնդիրներին եւ հայկական կողմի առաջարկները չի անտեսում՝ մի բան, որը Վրաստանի նախկին իշխանությունների ժամանակ այդպես չէր»,- ասում է փորձագետը:

Նա երկկողմ հարաբերությունների համար դրական է համարում Վրաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված հրավերքը` մասնակցել Թբիլիսիում կայանալիք 2015 թվականի Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի բացման արարողությանը, քանզի հրավիրյալների ցանկը բավական սահմանափակ է եղել: Ըստ Ալիկ Էրոյանցի՝ շատ ակնառու էին Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների ջերմ շփումները, վրացական կողմի հատուկ ուշադրությունը հայկական կողմին. «Թեկուզ աչքի համար այդ ամենը շատ հաճելի է, քանզի Վրաստանի նախկին իշխանությունների ժամանակ նման իրավիճակներ գրեթե չէին հանդիպում:

Հայտնի է, որ Սաակաշվիլին պրոթուրքական եւ պրոադրբեջանական քաղաքականություն էր վարում` ջանալով հաճոյանալ այդ երկրների ղեկավարներին՝ մի բան, որը չի կարելի ասել Վրաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության մասին: Սաակաշվիլին ինքն էլ քանիցս մեղադրեց Վրաստանի ներկայիս իշխանություններին` հակաթուրքական եւ հակաադրբեջանական քաղաքականության համար: Իհարկե, այդպես չէ: Վրաստանի ներկայիս իշխանությունն ուղղակի հավատարիմ է իր որդեգրած եւ հայտարարած քաղաքականությանը` հավասարակշռված քաղաքականություն վարել հարեւանների հետ: Ակնառու է արդեն այն հանգամանքը, թե որքանով այդ հավասարակշռման քաղաքականությունն աշխատեց ի նպաստ հայ-վրացական հարաբերությունների զարգացման ու խորացման»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031