Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոբուսով երթեւեկելու առավելությունը (պատմվածք)

Սեպտեմբեր 02,2015 12:50

Գիշերվա աշխատանքային հերթափոխից հետո առավոտյան տուն էի վերադառնում:

Սովորություն է` ավտոբուս նստելուց հետո անմիջապես ընտրում եմ մի ազատ տեղ, հարմարվում իրականությանը ու սկսում դիտարկել շուրջս, ապա որսալ ուղևորասրահում տեղի ունեցող այն իրադարձությունները, որոնք շատերը չեն նկատում կամ բանի տեղ չեն դնում, հետո տանը տպավորություններս հանձնում եմ համակարգչին, երբ ազատ ժամանակ եմ գտնում:

Իսկ եթե բախտս բերում է և ուղևորասրահում ազատ նստարան է լինում և նստելու տարբերակ եմ ունենում, ապա անհանգիստ եմ դառնում` անընդհատ մտածելով տեղս ինձնից տարեցին կամ երեխամորը զիջելու մասին: Ավելի լավ է չնստեմ և հանգիստ կանգնած մնամ:

Մարդկանց դեմքերի վրայով սահեցնելով հայացքս` փնտրում եմ անհրաժեշտ այն պահերը, որոնք հետագայում գրելու նյութ են տալիս իմ ուղեղին: Նրանց դեմքերի վրա կարդում եմ վիշտ, ուրախություն, հրճվանք, անտարբերություն, զարմանք, չարություն… Ես փորձում եմ մտնել նրանց բարդ ու խորհրդավոր հոգեկան աշխարհը:

Ահա ավտոբուսի ուղևորասրահ բարձրացան այս երկուսը` տարեց կինը, որը ոտից գլուխ սև է հագնված, հայացքը ցրված, ձեռքերը դողդոջուն, անտարբեր ու հոգնած, դեմքի վրա դաժան կյանքի կնճիռները դրոշմված, սպիտակ մազերը գլխաշորի տակ թաքցրած: Նրա հետ է մի աղջնակ, 13-14 տարեկան, արբունքի հասած, փթթուն ծաղիկ, կայտառ ու կյանքով լի: Գուցե ծեր կնոջ թոռնիկն է: Իրար կողք-կողքի են` հինն ու նորը: Հինը` թորշոմած, տկար, անտարբեր, հայացքը ցրված, աչքերի լույսը մարած, իսկ նորը` թարմ, ուրախ, կյանքով լեցուն, չարաճճի, վառվռուն աչքերով ու եռանդով լի:

Թոռնիկը, ես այդպես եմ կարծում, անընդհատ ուզում է տատիկին ցույց տալ իր առավելությունները` նրան պահել իր տեսադաշտում և խիստ հսկողության տակ: Երևի մայրիկն է այդպես նրան հրահանգ-առաջադրանք տվել կամ ինքն է արդեն ամեն ինչ անում իր հասկացողությամբ:

-Նստի’ր այստեղ,-չոր ու վճռական հրամայեց նա տատիկին` ցույց տալով հենց նոր ազատված նստարանը, որը նոր էր լքել հերթական կանգառում իջած ուղևորը:

Տատիկը հլու-հնազանդ ենթարկվեց հրամանին: Թոռնիկը նստեց նրա դիմացի նստարանին, որը նույնպես նոր էր ազատվել, մեծավարի ծամածռեց նուրբ ու կամակոր շուրթերը, ձեռքի փաթեթը դրեց ծնկներին ու լռեց:

-Շալդ տու’ր ինձ,-նորից չոր դիմեց նա տատիկին:

Տատիկը խոժոռվեց, բայց նորից ենթարկվեց նրա հրամանին` վախենալով, որ հանկարծ չնեղացնի թոռնիկին: Իսկ թոռնիկը վերցրեց շալը, երկտակ ծալեց այն, գցեց իր մերկ ազդրերին ու նորից երկու ձեռքով ամուր բռնեց ցելոֆանե փաթեթը:

Մի քանի կանգառ հետո թոռնիկը անհանգիստ շարժումներ սկսեց անել, մեկ տեղից վեր էր կենում, մեկ էլ նորից նստում, երևի մտածում էր թե ինչպես պիտի ուղևորավարձը վճարի: Հետո սաստող հայացքով տատիկին հասկացրեց, որ տեղում նստած մնա, իսկ ինքը վեր կացավ և դանդաղորեն մոտեցավ վարորդի խցիկին, նրան պարզեց ձեռքի թղթադրամը` երկուսի համար վճարում կատարեց, ստացավ դրամի մանրը, ծամածռեց դեմքը, մեծավարի շուրջը նայեց, շնորհակալություն հայտնեց վարորդին, հետո վերադարձավ իր տեղը, հպարտորեն նստեց` ցույց տալով, թե ինքն էլ կարող է վճարում կատարել:

Վարորդը չզարմացավ փոքրիկի վարմունքից և հանգիստ վերցրեց իրեն մեկնած թղթադրամը և տվեց հասանելիք մանրը:

Իսկ ես զարմանքից շշմել էի` տեսնելով, թե ինչպես է այս փոքրիկը տիրապետում կյանքում հաստատված վարվեցողության կանոններին:

Սակայն տատիկը նստած տեղում նեղվում էր և անհանգիստ շարժումներ անում, երևի չէր կարողանում ավտոբուսի ընթացքին հակառակ նստած մնալ: Նա շուտով տեղափոխվեց այլ նստարան, որն ընթացքի ուղղությամբ էր, առանց թոռնիկի հայեցողության, իսկ թոռնիկը մի խիստ հայացք նետեց տատիկի կողմը, հասկացնելով, թե առանց ինձ զգուշացնելու ինչու փոխեցիր տեղդ, հետո անընդհատ տեղից վեր էր բարձրանում ու նայում տատիկի կողմը և իր արածից գոհ` հպարտորեն նայում շուրջը:

Ես սևեռուն հայացքով նայեցի նրա կողմը սաստող հայացքով, հասկացնելով, որ չի կարելի տատիկին այդպես նեղացնել, իսկ նա առհամարհանքով լիզեց նուրբ շրթունքները, տեղից մի փոքր բարձրացավ, նայեց տատիկի կողմը ու նորից նստեց:

Հետո ավտոբուս բարձրացան այլ ուղևորներ, նրանց հետ նաև այս սիրունատես օրիորդը, որը գրավեց իմ ուշադրությունը և շեղեց այն թոռնիկ-տատիկ հարաբերությունից:

Ես դժբախտաբար չտեսա, թե ինչպես տատիկ ու թոռնիկ ցած իջան ավտոբուսից, քանի որ նոր օբյեկտը ամբողջովին շեղել էր իմ ուշադրությունը, բայց երկար ժամանակ հիշում էի այդ փոքրիկ, բայց մեծականով գործող աղջնակին…

Այս գեղեցկուհի օրիորդը իր համար հարմար տեղ ընտրեց ավտոբուսի ետնամասում և կորավ իմ ուշադրության տեսադաշտից: Բայց շուտով ուշադրությանս արժանացան ավտոբուս բարձրացած հայրը և երկու փոքրիկները` ձեռք-ձեռքի տված: Հայրը սափրված չէր, տխուր դեմք ուներ: Աչքերը, գուցե անքնությունից կամ վշտից արնակալել ու փոքրացել էին, դեմքը մեռելային դեղնություն ուներ:

-Բարի’ երեկո, քեռի’,-ասաց երեխաներից մեկը վարորդին:

-Բարև’, փոքրի’կս,-ժպտաց անծանոթ վարորդը:

-Տղա’ս, ասա` բարի լույս,-որդուն ուղղեց հայրը,-դեռ երեկո չէ:

Իսկ փոքրիկի համար միևնույնն էր` երեկո է, թե առավոտ. նա ինքնահաստատման փորձ էր անում:

Ավտոբուսը այնքան էլ մարդաշատ չէր ուրիշ օրերի նման: Դռան մոտ գտնվող երեխաների և հաշմանդամների համար նախատեսնված տեղերից մեկը հաջորդ կանգառում ազատվեց և ես նստեցի: Ցրված հայացքով պատուհանից դուրս էի նայում: Ավտոբուսը հանգրվանեց հերթական կանգառում և դռները բացեց: Հանկարծ մեկը ներքևից տաբատիս ներքևից քաշեց. ծեր կին էր, որը ճգնում էր վեր բարձրանալ առջևի դռնից: Ես, իհարկե, տեղից վեր թռա, օգնեցի նրան, որ բարձրանա և իսկույն էլ տեղս զիջեցի նրան: Նա նստեց, կերկերուն ձայնով ռուսերեն լեզվով շնորհակալություն հայտնեց: Նրա աշնան չորացած տերևների նմանվող այտերի վրա սառել և հետք էին թողել աչքերից ցած թափված արցունքի կաթիլները: Ձախ աչքի տակ խոշոր չափերի մի կապտուկ կար, որը ծեծի հետևանք կարող էր լինել կամ անհաջող վայր ընկնելու:

Նստելուց հետո, տարեց կինը գրպանից հանեց թաշկինակը, որը բավականին տհաճ, կեղտոտ գույն ուներ, սրբեց ջրակալած աչքերը, քիթը, շաղված հայացք նետեց շրջապատի մարդկանց, հատկապես ինձ ու աշխարհի վրա: Ու ինձ թվաց, թե նա շա¯տ դժգոհ է այս աշխարհից, մարդկանցից և ընդհանրապես, իր կյանքից:

Թողնելով տատիկին իր մտքերի հետ, ես ուշադրությունս սևեռեցի ուղևորասրահի մեջտեղի նստարանին նստած երևի 50-ն անց մի տղամարդու վրա, որի երկարաճիտ կոշիկները ամբողջովին ցեխի մեջ կորած էին, իսկ հայացքը քնատ ու անտարբեր էր: Նայում էր զարմացած իմ և մյուսների փայլփլուն կոշիկներին ու գուցե զարմանում կամ տխրում: Դեմքը կարմիր ճակնդեղի էր նման, աչքերը` մկան աչքերի պես փոքր էին, քիթը գրավում էր դեմքի զգալի մասը:

Բայց հաջորդ կանգառում ուշադրությունս գրավեց ավտոբուս բարձրացող ռուսազգի մի գեր լեյտենանտ, որը նստեց հենց առաջին նստարանին: Վիզը փետրահան արած հավի մաշկ էր հիշեցնում: Կինը նստեց նրա կողքին, որը հաստ շուրթեր ուներ, դեմքը ողողված էր կարմրավուն բշտիկներով:

Սակայն հաջորդ կանգառում ավտոբուս բարձրացող առաջին ուղևորի հետ առջևի մասում իրարանցում առաջացավ: Պատանին և ջահել աղջիկը վեր կացան և քաղաքավարի կերպով իրենց տեղը նրան առաջարկեցին: Նա նույնպես քաղաքավարի կերպով հրաժարվեց առաջարկությունից:

-Շուտով իջնելու ենք,-արդարացավ աղջիկը:

-Եթե այդպես է, կնստեմ,-ասաց նա ու նստեց առաջարկված տեղում,-ապա հարցրեց,-ինչպես եք:

-Լավ ենք, դուք ինչպես եք,-ասաց աղջիկը:

-Սովորականից մի քիչ լավ,-փորձեց կատակել տղամարդը:

Փաստորեն նրանք հին ծանոթներ էին: Տղան ավելի զուսպ էր, աղջիկը` հետաքրքրասեր:

-Ինչպես են ձկները,-հարցրեց աղջիկը ծանոթ տղամարդուն:

-Լավ են, նորերն ենք ավելացրել, մեծերից:

Հետո թեման փոխելով` աղջիկը պատմեց եղբոր մասին, որը ամուսնացել էր, երեխա ուներ, բայց ծույլիկի մեկն է:

-Քիչ է մնում մի լավ խրատեմ նրան,-հպարտացավ աղջիկը:

Մի քանի կանգառ հետո նրանք հրաժեշտ տվին և լքեցին ավտոբուսը:

“Դե, արի ու այս մակարդակով եվրոմիություն գնա”,-մտածեց տղամարդը, չգիտես ինչու:

Հանկարծ հայացքս տեղափոխվեց ավտոբուսի այն մասը, որտեղ իրարանցում էր տեղի ունենում: Երիտասարդ աղջիկը հազիվ էր զսպում արցունքները, հոգեկան խռովքը արտահայտվում էր դալուկ դեմքի վրա: Գուցե շուկայում ժամացույցն էին հանել կամ դրամապանակը թռցրել: Ուզում էի մոտենալ, հարցնել: Չհարցրեցի: Իսկ ուղևորներից մի միջին տարիքի կին հարցրեց:

-Ինչ է պատահել, աղջիկս:

-Ոչինչ,-լացակումած պատասխանեց աղջիկը:

-Իսկ դու հուզված ես,-պնդեց ուղևորը:

-Կանգառում մի տղա թքեց և հարվածեց նրա դեմքին,-շշնջաց կողքին նստած գիրուկ պառավը:

-Ոստիկանություն կանչե’ք,-հանկարծ դղրդաց ավտոբուսը:

-Ինձ հանգի’ստ թողեք,-բողոքեց աղջիկը:

Բայց ավտոբուսը դժժաց.

-Հիմարի մեկը…

-Խուլիգա’ն…

-Այլանդա’կ…

-Ես դրա…

Աղջիկը շփոթված, գունատված նստել ու ամոթից ծածկել էր դեմքը: Հետո սթափվեց ու տխուր ժպտաց: Ինչ լավ է, որ այդքան պաշտպաններ ունի, գոնե հիմա, թեկուզ ուշացած…

Իսկ նրա դեմքին հարվածող ապիկար տղան այլևս կանգառից անհետացել էր:

Շա~տ հետաքրքիր ու խորհրդավոր է, երբ հարմարվում ես ավտոբուսի մի խաղաղ անկյունում և դիտարկում շրջապատի մարդկանց ու նրանց հետ տեղի ունեցող իրադարձությունները մի կարճ ժամանակահատվածում, ապա տուն հասնելուն պես նստում համակարգչի մոտ և նրան հանձնում քո տպավորությունների մասին, որոնք քիչ առաջ տեղավորվել են քո հիշողության մեջ, երբ գտնվում էիր ավտոբուսի ուղևորասրահում:

 

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930