Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանում կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Շարիս Մելքոմ Աբգարի` «ԱՄԻ» գրքի շնորհանդեսը

Հոկտեմբեր 13,2015 17:48

«Արաքս» շաբաթաթերթ, 13 հոկտեմբերի 2015թ.: Շաբաթ հոկտեմբերի 10-ին, Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի «Սայաթ Նովա» սրահում, կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Շարիս Մելքոմ Աբգարի` «ԱՄԻ» գրքի շնորհանդեսը:

Ծրագիրը վարում էր «Րաֆֆի» համալիրի վարչության անդամ, իրավաբան եւ փաստաբան Ժոզեֆ Ամիրյանը, ով, շնորհավորելով Մշակույթի օրվա եւ Թարգմանչաց տոնի առիթով, հակիրճ տողերում բացատրեց ձեռնարկի մասին, ապա ներկայացրեց ուսուցիչ եւ բանաստեղծ՝ Շարիս Մելքոմ Աբգարի կենսագրականը:

Նա նշեց, որ «Շարիսը գրելն սկսել է 11 տարեկանից: Պարմանուհին հիվանդ մորը թախտին գամված տեսնելով, խորասուզվում է մտքերի մեջ, որից էլ ժայթքում են նրա բանաստեղծության առաջին բառերը, հիմնականում նվիրված մորը:

Նրա ապրումներն ու ամենօրյա աղոթքները՝ մոր ապաքինման համար, Շարիսին օրըստօրե ավելի կապեցին Աստծու հետ: Եվ այդպես էլ նա մտավ հոգեւոր գրականության դաշտ»:

Ամիրյանն հավելեց. «Առ ժամանակ անց Շարիսի գործերը հայտնվեցին մամուլի էջերում, իսկ հետո հրատարակվեց նրա առաջին գիրքը՝ «Հորիզոնից այն կողմ լռություն էր լոկ…» եւ ապա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «ԱՄԻ»-ն, որը հրապարկ եկավ Մեծ Եղեռնի իրականությունն ապացուցող լուսանկարների հեղինակ՝ գերմանացի գրող, հրապարակախոս, իրավագետ եւ բժիշկ Արմին Թեոֆիլ Վեգների հիշատակին»:

«Եվ այդպիսով իրանահայ համայնքն հարստացավ հոգեւոր գրականության մի ներկայացուցչով: Որը կրկնություն չէր այլ լիովին նորություն»,- եզրակացրեց Ամիրյանը:

Այնուհետ ծրագրի վարողը հերթաբար բեմ հրավիրեց օրվա բանախոսներ՝ գերաշնորհ Տ. Մակար եպիս. Աշգարյանին, դոկտ. Անդրանիկ Սիմոնյանին, գրքի խմբագիր Մովսես Քեշիշյանին եւ վերջում Շարիս Մելքոմ Աբգարին:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդի տեղապահ Տ. Մակար եպիս. Աշգարյանը համապարփակ եւ ամբողջական խոսեց հոգեւոր գրականության ու նրա կարեւորության մասին: Նա իր խոսքն սկսեց Աստվածաշնչի թարգմանությունից ու տարածվեց մինչեւ մերօրյա հոգեւոր գրականությունը եւ շեշտեց, որ «Հոգեւոր գրականությունը մարդ արարածին փոխանցում է լույս, մաքրություն եւ քաջություն եւ ամենակարեւորը փոխանցում է արդարություն»:

Սրբազան Հայրը նշեց, որ «Հոգեւոր գրականությունը գալիս է հոգու մաքրությունից եւ ես վստահ եմ, որ մեր քույր Շարիսի գրականությունն էլ նույն մաքրությունից է ակունք առնում»:

Ապա` խոսքը փոխանցվեց Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի նախագահ դոկտ. Անդրանիկ Սիմոնյանին:

Վերջինս անդրադառնալով հայ գրականության պատմությանն ու հոգեւոր գրականության ծննդին ու զարգացմանը հասավ մինչեւ մեր օրերը:

Նա նաեւ անդրադառնալով եղեռնի թեմայով մեր գրականության մեջ ստեղծված պոեմների ստեղծագործական առանձնահատկություններին եւ ծանրանալով հատկապես Ե. Չարենցի՝ «Դանթեական առասպել», Պ. Սեւակի՝ «Անլռելի զանգակատուն» եւ Վ. Դավթյանի՝ «Ռեքվիեմ» պոեմների վրա, մատնացույց արեց «ԱՄԻ» պոեմի յուրահատուկ հոգեւոր բնույթը, երբ հեղինակը տեսնել տալով իր ազգի դառը ճակատագիրը, Աստուծո հետ երկխոսության մեջ է մտնում եւ ցավ հայտնում, որ աղետը Արարչի համար եւս ծանր ու անտանելի փորձություն է եղել, եւ Նա էլ իր հոտի հետ ծանրությամբ տանելով աղետի ողջ դառնությունը մխիթարանքի ու հույսի առիթ է համարում հավիտենական կյանքին ու փառքին արժանանալու իր ժողովրդին սփոփող ակնկալիքը, որին լիովին արժանի է պոետի խոր հավատ բացող տրամաբանությամբ լուսաբանված մտորումների արդյունքում:

Դոկտ. Սիմոնյանը բարձր գնահատելով Շարիս Մելքոմ Աբգարի գրական գործունեությունը, կարեւորեց գրական այդ ժանրի պահպանումը Շարիսի եւ սակավաթիվ իր նմանների ձեռքով:

Այնուհետ խոսեց «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը, ով խմբագրել էր նաեւ «ԱՄԻ» գիրքը:

Նա ի մասնավորի ասաց. «Երբ առաջին անգամ ծանոթացա «ԱՄԻ» գրքի բովանդակությանը, այնտեղ գտա Խայամին, Պ. Սեւակին, անգամ Նարեկացուն, ու պարտավորված կարդացի կրկին ու կրկին եւ եզրակացրի, որ այստեղ եւ կան այդ մեծերը եւ չկան: Կան որովհետեւ Խայամի պես Աստծու հետ երկխոսության մեջ է մտնում Շարիսը, Սեւակի պես պատկերում է Եղեռնը եւ ի վերջո Նարեկացու պես ի խորոց սրտի խոսք է ուղղում առ Աստված: Եվ Չկան որովհետեւ այստեղ ուրիշ է: Այստեղ Շարիս Մելքոմ Աբգարն է»:

«Սիրելի Շարիս, «ԱՄԻ»-ն գեղեցիկ մուտք էր հոգեւոր գրականություն: Քեզ բարի երթ»,-ասաց Քեշիշյանը:

Ապա բեմ հրավիրվեց գրքի հեղինակը՝ ուսուցչուհի եւ բանաստեղծ Շարիս Մելքոմ Աբգարը: Երիտասարդ բանաստեղծուհին նախ ամփոփ բացատրություն տվեց իր գրական գործունեության մասին եւ ապա հերթաբար շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց ովքեր հայտնվել են իր կյանքում, հատկապես ծնողներին, քրոջը եւ անհայտ հեռուներում եղբորը: Ու նաեւ նրանց, որ գրքի կազմելու մեջ իրեն օժանդակել են: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց նաեւ Շնորհանդեսը կազմակերպող կառույցներին՝ Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրին, Իրանահայ ազգային եւ մշակութային միությանը, Նարմաք քաղաքամասի Աշխարհատեսների հայկական կենտրոնին եւ «Արաքս» շաբաթաթերթին:

Միջոցառմանը ներկա էին Իրանի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տ. Նշան արք. Կարաքեհեյանը, Հայ Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ վեր. Սերգեյ Շահվերդյանը, միությունների եւ մամուլի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, հեղինակի հարազատները, եւ հարյուրի հասնող հյուրեր:

Ծրագիրն ավարտվեց համեստ հյուրասիրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031