Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե կարող ես, կոշիկ հագցրու, եթե չես կարող, ժողովրդիդ պես բոբիկ եղիր». Միքայել Պողոսյան

Նոյեմբեր 20,2015 12:09

«Ինձ համար լավագույն դերասանը նա է, որը կարող է ամեն ինչ խաղալ, բայց այլևս չի ուզում ամեն ինչ խաղալ: Այսինքն՝ պրոֆեսիոնալիզմի և «փեշակի» առումով նա կատարյալ է այդքան: Ինձ համար դերեր խաղալն ինքնանպատակ չէ, մանավանդ հիմա: Ես ոչ ինքնահաստատվելու կարիք ունեմ, ոչ էլ ժամանակ վատնելու ինչ-որ ֆիլմերում կամ բեմահարթակներում կերտելու ինչ-ինչ դերեր: Ես ինքս եմ ընտրում իմ դերերը, որոնք պետք է շարունակեն իմ մարդկային պոռթկումները, իղձերը, մտորումները, փիլիսոփայությունը…»,- «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում նոյեմբերի 19-ին կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ Միքայել Պողոսյանը:

Դերասանը հատկապես զգուշանում է «դրսից» առաջարկվող այն դերերից, որոնք կապված են հայի կերպարի մարմնավորման հետ. «Դրսից հրավեր ստացա նկարահանվելու մի ֆիլմում, որի հերոսը Բաքվի հայ էր: Նա Բաքվի դեպքերի ժամանակ մի կերպ պահել էր իր ադամանդները և փախել Ռուսաստան: Հետագայում, երբ արդեն դասավորել էր կյանքը, ընտանիք ուներ, մտքից դարձյալ դուրս չէին գալիս ադամանդները: Եվ ծրագիր է մշակում, թե ինչպես հասնի այդ գանձերին: Նա ուզում է անգամ անունը փոխել, գնալ գանձերի հետևից, բայց ամենամեծ աբսուրդն այն է, որ տղան, իմանալով հոր ծրագրերի մասին, ասում է՝ ես կգնամ, և հայրը թույլ է տալիս: Ամբողջ ֆիլմի ընթացքում վազքն է ադամանդների հետևից:

Mikael_Pogosyan_3 Mikael_Pogosyan_1 Mikael_Pogosyan_4

Սցենարը կարդալուց հետո ես զանգահարեցի և անպատվեցի ռեժիսորին: Ասացի, որ այդ սցենարը միայն այն դեպքում կարող էր կայանալ, եթե ադամանդների փոխարեն տոհմական գիրք լիներ, որն ինքը սրբության պես պահել էր…»,- պատմեց Մ. Պողոսյանը՝ ընդգծելով, որ պետք է կարողանաս հատկապես օտար ափերում բարձր պահել հայկականը, չգնաս գումարի հետևից, կարողանաս կերտել հայի մի կերպար, որը ցուցադրելն ամոթ չի լինի:

Նա հիմա աշխատում է մի սցենարի վրա, որը դերասանի մասին է: Դերասանի, որն իր դերերի հետևում թաքնվում է իրականությունից. «Նա չի ուզում տեսնել այս իրականությունը: Նույնիսկ ներկայացումից հետո չի ուզում վերադառնալ իրականություն ու շարունակում է որպես այդ կերպար ապրել այնքան ժամանակ, մինչև որ կխաղա մի ուրիշ կերպար ու կսկսի արդեն նրա կյանքով ապրել: Մի «գեղեցիկ» օր էլ փակվում է թատրոնը, որովհետև հանդիսատես չկա, և այս մարդը կանգնում է այն փաստի առաջ, որ չի կարողանում ապրել, վախենում է այս իրականությունից: Ինչ-ինչ իրադարձություններից հետո նա աստիճանաբար սկսում է մտնել իրականության մեջ, որտեղ, պարզվում է, անբուժելի հիվանդ մի աղջիկ կա: Նա փորձում է ամեն ինչ անել՝ գումար գտնելու և աղջկան բուժելու համար: Բայց այդ ամենը չի օգնում աղջկան: Պարզվում է, որ նրա ամենամեծ խնդիրն ուշադրության, ջերմության պակասն է»:

Սցենարիստի խոսքով՝ իմաստն այն է, որ արվեստը չի կարող արվեստի համար լինել. արվեստը պետք է ծառայի մարդկանց. «Եվ եթե դու կյանքում ոչ ճիշտ բանաձևով ես ապրում ու փորձում ես արվեստի միջոցով սրբանալ կամ մաքրվել, այդպես դու առաջ չես գնա, այդպես քո արվեստը բանի պետք չէ: Պիտի կարողանաս կյանքում գործել արարքներ, որոնց արձագանքը կերևա բեմում»,- ասաց Մ. Պողոսյանը:

Հարց-դիտարկմանը, թե ինչու են լռում մեր մտավորականները, ինչու են փախչում իրականությունից, երբ հասարակությունը կարոտ է մտավորականի խոսքին, ուղղորդմանը, Միքայել Պողոսյանը պատասխանեց, որ իր ասելիքը ինքն անձամբ իր գործերի միջոցով է փորձում տեղ հասցնել. «Հիշենք, օրինակ, «Երևան ջան»-ը, «Երևան բլյուզ»-ը, «Խաթաբալադա»-ն: Եթե հիշում եք, «Երևան ջան»-ն սկսվում է նրանով, որ իմ հերոսը, հանկարծ տեսնելով պրեզիդենտի շքերթը, բացականչում է՝ բա՜րև, պրեզիդե´նտ ջան, և թիկնապահը գալիս հարվածում է նրան: Ես գեղարվեստի միջոցով ներկայացրել եմ այն, ինչ տարիներ առաջ տեղի ունեցավ «Պապլավոկ»-ում, երբ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը սպանեց մի մարդու, որն ուղղակի ասաց՝ Ռոբիկ ջան, բարև… Ֆիլմի վերջում, երբ իմ հերոսը գնում և «նաֆսից հանում է» քաղաքը, վերջինս հանկարծ կերպարանափոխվում է: Եվ երբ հերոսն ասում է՝ բարև, պրեզիդենտ ջան, նա մոտենալով մեկնում է ձեռքը, ապա բաց է թողնում թիկնապահներին և հարցնում՝ քայլե՞նք: Ու մենք շրջում ենք Երևանով: Նա ինձ է պատմում, ես՝ իրեն, թե ինչ է կատարվում մեր քաղաքում, և կամաց-կամաց մեզ միանում է ժողովուրդը: Ի վերջո, մենք հայտնվում ենք Մոնումենտում, բարձունքից նայում ենք քաղաքին, և հանկարծ պրեզիդենտի աչքն ընկնում է իմ ոտքերին, նա տեսնում է, որ ես բոբիկ եմ կանգնած, հետո նայում է շուրջը, տեսնում է՝ ողջ ժողովուրդն է բոբիկ կանգնած: Դադարից հետո նա կռանում է ու սկսում իր կոշիկները հանել… Այսինքն՝ եթե կարող ես, կոշիկ հագցրու, եթե չես կարող, ժողովրդիդ պես բոբիկ եղիր: Սրանից ավելի ուժեղ լոզունգ ես չեմ պատկերացնում»,- ասաց Միքայել Պողոսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բրավո, շատ լավ էր: Մնում է կարդալ տալ համապատասխան այրերին

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30