Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ անգամ գոնե մարդ կարո՞ղ է հավատալ ինչ-որ մի առաջնորդի. եթե դա մեղք է` ես պատրաստ եմ մինչեւ կյանքիս վերջն այդ մեղքը քավել». Միքայել Պողոսյան

Նոյեմբեր 28,2020 18:23

«Իշխանությունը հոգեվարքի մեջ է եւ ի վիճակի չէ որեւէ լուրջ գործողություն իրականացնի: Ես խորը հիասթափություն եմ զգում, որովհետեւ ժամանակին հավատացել եմ: Այսօր ուղղակի ինձ տապալված եմ զգում: Եվ ոչ միայն ես»,- Ազնավուրի հրապարակում, մտավորականների հավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը:

Մտավորականներն այսօր, հիշեցնենք, Ազնավուրի հրապարակում հավաք էին կազմակերպել: Պահանջները հետեւյալն են` ստիպել ադրբեջանական կողմին ազատել հայ գերիներին, թույլ չտալ հայ գերիների պատվազրկումը Բաքվի շքերթում, շուտափույթ վերադարձնել հայ զինվորների դիերը հարազատներին: Դրանք ուղղված են միջազգային հանրությանը:

«Գերագույն նպատակը միաբանվելն է` հանուն այն տղաների, որոնք անելանելի վիճակում են գտնվում: Այն ատելությունը, որը շարունակվում է ադրբեջանցիների կողմից, արդեն դառնում է գրական հրեշավոր պատմության առիթ: Այսօր մեր ուշքն ու միտքը պետք է դառնա տղաներին ետ բերելը: Չգիտեմ դա ո՞նց պետք է անենք, բայց պետք է անենք: Այստեղ մեր արժանապատվության խնդիրն է»,- ասաց Միքայել Պողոսյանը` հավելելով, որ մենք պետք է սովորենք նորից ապրել այս պայմաններում: Նա համոզված է որ դա կանենք` աշխարհին ապացուցելով, որ հայի տեսակը, հայի գենը կոտրելն այդքան էլ հեշտ չէ: Դերասանը կոչ է անում հայությանը վերականգնվել, միաբանվել եւ սխալներին օբյեկտիվ նայել:

Միքայել Պողոսյանը պատերազմի սկզբից է հիասթափվել իշխանությունից, իշխանությանը մեղավոր է համարում այս պատերազմի համար. «Դավաճանություն է, ուղղակի ակնհայտորեն. բոլոր փաստերով, վերլուծություններով, ինտուիցիաներով, դու զգում ես, որ ուղղակի չէր կարող հայ զինվորը պարտվել»:

Միաժամանակ, նա այս պարտությունը բոլորիս մեղքն է համարում` «եկեք չբարդենք մեկ հոգու վրա»: Դիտարկմանը, որ այդ մեկ հոգին չի ուզում հրաժարական տալ, Միքայել Պողոսյանն արձագանքեց. «Այդ մեկ հոգին այսօր հոգեվարքի մեջ է: Չգիտեմ իրա վերջը ի՞նչ է լինելու, բայց լավ չի լինելու: Ես ցավով եմ դա ասում: Ես դա չեմ ուզում, ամեն մեկս հայ ենք, բայց էդպիսի սխալ գործելը, էդպիսի դավաճանությանն աջակցելը…  չգիտեմ»:

Հիշեցմանը, որ շատ մտավորականներ 2018-ին «իշխանության կողմն անցան», Միքայել Պողոսյանը հակադարձեց. «Իշխանության կողմն անցնելը ո՞րն է: Մենք ողջունեցինք, բայց մենք չենք ստորագրել, որ այդ մարդիկ կկարողանան այս տարիների ընթացքում իրենց ճիշտ դրսեւորեն: Նրանք ուղղակի տապալեցին`եւ մեր իղձը, եւ մեր երազանքը… հիմա ի՞նչ դրանից: Մենք պետք է շարունակենք ապրել սխալներն ուղղելով»:

Մեկ այլ դիտարկմանը, որ շարքային քաղաքացին կարող էր սխալվել, ինչպե՞ս ստացվեց, որ մտավորականը սխալվեց եւ չկարողացավ ճիշտ ուղղորդել հանրությանը, նա պատասխանեց. «Չեմ ուզում արդարանալ, ոչ մի կերպ դա միտումնավոր չի եղել, եղել է ուղղակի… եթե իմ ստեղծագործություններին ծանոթ եք` միշտ քննադատել եմ այն, ինչ որ եղել է այդ օրվա հետ կապված`«Խաթաբալադա», «Երեւան բլյուզ», «Երեւան ջան» եւ այլն: Ես անտարբեր չեմ եղել, որպես քաղաքացի: Այս անգամ, չգիտեմ… մեկ անգամ գոնե մարդ կարո՞ղ է հավատալ ինչ-որ մի առաջնորդի: Եթե դա մեղք է`ես պատրաստ եմ մինչեւ կյանքիս վերջն այդ մեղքը քավել»:

Նա տեղեկացրեց, որ նոր ներկայացում կամ ֆիլմ է պատրաստվում կյանքի կոչել, որը կլինի «Խափաբալադա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30