Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր թաղի ագռավը

Նոյեմբեր 21,2015 15:00
merujan Ter-Gulanyan

Ասացի բարի գիշեր, ես գնում եմ քնելու, գնացի ու դարձյալ չկարողացա քնել:
Մտածում էի` լավ է ուշ, քան ավելի ուշ, անքնության պահին կրկնում էի մտքումս` հիշելով ու հաստատելով իմ կյանքն ու իմ գործը, քանի որ երբեքը վերջն է ընդամենը, երբեքը մահն է այլեւս:

Եվ այս նախաստեղծ ու սպասելի միտքը կրկնում էի շարունակ` մեր տան պատշգամբից նայելով լուսաբացի մեջ լվացվող մեր Զաքիյան փողոցին… Երբ որ ճիշտ ժամանակին երեւաց իմ հին ու ծանոթ ագռավը, որի անունը ես իմ մտքում դրել էի Պո, հայտնվեց փողոցի կենտրոնում, երբ դեռ երթեւեկը չէր սկսվել:

Ենթադրում եմ, որ ինքն ինձ չէր տեսնում, մտածում եմ նաեւ, որ ագռավը չէր զգում, որ ես հետեւում եմ իրեն, թե ինչպես էր ինքը անցնում լվացված, դատարկ, անմեքենա փողոցով: Ու զարմանալիորեն անցնում էր փողոցի կենտրոնով` հանդիսավոր, հոծ գծի վրայով, այնինչ այդ ընթացքում չղջիկները պատշգամբի տակ խաղ էին անում կատվի հետ, երբ կատուն ուզում էր բռնել չղջիկներից մեկին ու չէր կարողանում…

Երբեք, երբեք, այլեւս երբեք,- կրկնում էր Էդգար Պոն, չնայած որ իմ ծանոթ ագռավը իր ագռավը չէր… գուցե նույն ագռավն էր, Տեր Աստված, որը տեսել էր Էդգար Պոյին, գիտեր նաեւ, թե ինչպես է հեռացել Խաչատուր Աբովյանը:

Այսինքն թե` լուսաբացին ագռավն ինձ հիշեցնում էր մարդկանց, ովքեր երբ ապրում էին, զարդարում էին կյանքը, իսկ երբ հեռացան, հողը զարդարեցին եւ մեր հիշողությունը: Եվ քանի որ նրանք գնացին, ու մենք շարունակում ենք ապրել, իրենց մասին մտածում ենք ու խոսում, թեկուզ անձայն, սակայն ծանրագույն խոսքն անձայնն է…

Քունս չի տանում, Աստված իմ, որքան չասված խոսքեր կան եւ որքան ասված անխոսություն…

Եվ ես` քնատս, լուսաբացի հոգեւոր ծփանքի մեջ, հստակ զգում ու տեսնում եմ, թե ինչ լավ է, որ մեր թաղի ագռավի եւ իմ զրույցը չի անցնում փոխադարձ ստորության պայմաններում, ինչը թերեւս Էդգար Պոյի, Աբովյանի եւ իմ ամենօրյա կյանքում է պատահում ու շարունակում է պատահել:

Ինչպես վերջերս պատահեց Փարիզում՝ աշխարհի սիրո քաղաքում, եւ պատահեց միակողմանի ստորությամբ, ու հիմա այս լուսաբացով լվացված աշխարհի մեջ ինձ կեղեքում է մի միտք՝ ովքե՞ր են նրանք, որ այդքան դաժանն են երազում:
– Ի՞նչ գիտես, Պո՛, ասա ինձ, այդ դաժան երազանքի մասին: Չէ՞ որ դու հին երազանքի մարդ ես: Երբ դու երազում էիր, մենք չկայինք եւ նույնիսկ երազներ չէինք տեսնում:
Միգուցե դու, Պո՛, որ մեր թաղի ագռավն ես, գուցե դու գիտես պատասխանը, բայց ինչո՞ւ ես այդքան հանգիստ քայլում մեր Զաքիյան փողոցով:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30