Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մենք պիտի ունենանք ժողովրդին պատկանող հանրապետություն՝ առանց արյունահեղության»

Նոյեմբեր 27,2015 19:27

2013 թ. ապրիլին  9-ին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, կանգնած լինելով երկընտրանքի առջեւ, չանսաց «մինչեւ վերջ» գնալու եւ «նախագահականը գրավելու» կոչերին, եւ հնարավոր արյունահեղությունը կանխելու նպատակով, ընտրեց այն ուղին, որը մեկ տարի անց կոչեց «ինքնուրացման, եթե կուզեք՝ հոգեհանգստի» օր:

Նա այդ օրվանից ի վեր՝ բազմաթիվ հարցազրույցներում եւ ասուլիսներում պնդել է՝ եթե ապրիլի 9-ին այլ ուղիով գնար, արյունահեղությունն անխուսափելի կլիներ, կունենայինք «ողբերգության Հայաստան »:

Սակայն, կարծես, ժամանակները փոխվել են: «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն, օրինակ, ՖԲ իր էջում Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի մասին գրել է.  «էսօրվա «ահաբեկիչներին» համարում եմ կարգին հայեր, ովքեր միգուցե այլ լուծումներ էին տեսնում երկիրն էս վիճակից դուրս բերելու համար, ու միգուցե քայլերի էին գնալու, որ մենք այդքան խիզախություն չունենք նրանց նման մտածելու »:  Կուսակցության մեկ այլ անդամ՝ Հովսեփ Խուրշուդյանը, նույն խմբի մասին հետեւյալ կարծիքն է հայտնել.  «Փաստորեն երեկ ձերբակալվածները կարգին տղերք ու աղջիկներ են! Շատ էլ որ զենք էին պահում. ինչ գիտեք, թե ինչի համար էին պահում»:

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո «Առավոտը» պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ «Ժամանակին դուք արյունահեղություն թույլ չտալու համար չգնացիք մինչեւ վերջ, դադարեցրիք պայքարը, բայց հիմա ձեր կուսակիցները կարծես դեմ չեն առճակատմանը»: Պարոն Հովհաննիսյանը ասաց. «Նախ՝ մենք չենք դադարեցրել երբեք: Ես չեմ ուզում մեկնաբանել Հովսեփի եւ Դավիթի ասածները, չգիտեմ, թե դա ինչ համատեքստում եւ ինչու են ասել, բայց ես վստահ եմ, որ իրենք որեւէ բան չեն ասել, որը մեր Սահմանադրական խաղաղ, օրինավոր, իրավական պայքարից դուրս է: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ մենք չենք դադարեցրել մեր պայքարը: Ապրիլի 9-ից հետո մենք ունեցել ենք քաղաքապետական ընտրություններ, հանրահավաքներ Երեւանում եւ ամենուր, այն ժամանակ կոչ ենք արել «Նոր Հայաստանի» ներքո շարունակել պայքարը, եւ եթե որոշ պահ ընդմիջում եղավ, դա դադար չէր, դա ուղղակի ռեսուրսի խնդիր էր»:

«Ամեն դեպքում, եթե, Աստված չանի, երբեւէ նորից Ձեր առջեւ կանգնի այն երկընտրանքը, ինչ ապրիլի 9-ին էր՝ արյունահեղությո՞ւն, թե մինչեւ վերջ առաջ գնալ, ո՞րն է լինելու Ձեր ընտրությունը»,-  մեր այս հարցին պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մարտավարական առումով՝ գուցե տարբեր լինի, բայց ռազմավարական նշանաբանն այն է, որ՝ այո, մենք պիտի ունենանք մեր իշխանությունը, ժողովրդին պատկանող հանրապետություն՝ առանց արյունահեղության»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարոն Հովհաննիսյանը սիրուն նամակ մը թող գրէ Կաղանդ Պապային/Ձմեռ Պապուկին, որպէս նուէր անկէ խնդրելու համար իշխանափոխութիւն

    եթէ բարի տղայ եղել է տարուայ ընթացքում,
    երեւի ստանալու է

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30