Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Երիցյան. «Ազգային կոխը պատմականորեն մեզ հասած մասունք է»

Մարտ 02,2016 13:00

Հայ ժողովրդի դարավոր մշակույթի մեջ իր առանձնակի տեղն ունի ֆիզիկական դաստիարակությունը եւ ռազմական արվեստը: Երկրորդը մեր մեջ նստած է գենային մակարդակով: Բազմաթիվ տեղեկություններ փաստում են, որ հայ ժողովուրդը կերտել եւ զարգացրել է ռազմաֆիզիկական վարժությունների եւ խաղերի բազմաթիվ ձեւեր, որոնց մեջ յուրահատուկ տեղ է գրավում Ազգային կոխ ըմբշամարտը:

«Առավոտը» զրուցել է Հայաստանի ազգային կոխ ըմբշամարտի փոխնախագահ Բագրատ Երիցյանի հետ:

-Մոտ երկու տարի առաջ Ազգային կոխի ավանդույթները վերականգնելու նպատակով ընտրվեց ֆեդերացիայի նոր նախագահ՝ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, նոր ղեկավար կազմ, որի առջեւ խնդիր է դրվել ավանդույթները վերականգնելով՝ այն արմատավորել եւ տարածել հանրապետությունում: Գործերն ինչպե՞ս են ընթանում:

-Մեր ազգային ռազմամարզական բազմաթիվ ավանդույթներից որպես մասունք մեզ հասել է միայն կոխը, որը եղել է այն ժամանակների մարզաձեւերից հերթականը: Կոխը մենամարտային մարզաձեւ է, որտեղ բազմաթիվ հնարքներ կատարելով՝ կարող ես մրցակցիդ գետնել: Բայց այսօր ցավալի երեւույթներ են կատարվում, որոնք ինձ շատ են մտահոգում ու պետք է լուրջ մտահոգեն նաեւ մարզական պատկան մարմիններին: Ազգային կոխը ներկայացնում են այլ տարազներով, ինչը մեր անմիջական եւ հեռու հարեւաններին դրա հայկական ծագումը կասկածի տակ դնելու տեղիք կարող է տալ: Օրինակ, կան այսպես կոչված Շիրակի կոխը եւ Լոռվա կոխը, որոնք թեեւ անցկացվում են հայկական ազգային երաժշտության ներքո, սակայն առաջինում մարզիկները գոտեմարտում են սեւ վարտիքով՝ վերեւի մասը մերկ, իսկ երկրորդում՝ սամբոյի մարզազգեստով: Սեւ վարտիքով գոտեմարտում են թուրքական «գյուլաշում», երկրորդը՝ արդեն ասացի: Դրանք երկուսն էլ հայկական Ազգային կոխի հետ որեւէ առնչություն չունեն: Դա, մեղմ ասած՝ սխալ է:

-Մարզահագուստը, կոխի դեպքում՝ տարազը, ի՞նչ կարեւորություն ունի:

-Կոխը ունեցել է եւ մարտական եւ, այսպես ասած, ցուցադրական տարբերակներ: Հայաստանում պսակադրությունների ժամանակ հարսնացուի եւ փեսացուի հարազատների միջեւ կոխի մրցումներ են կազմակերպվել: Հարսանքավորները շրջան են կազմել ու երկու կողմերի ամենաուժեղ մարդիկ գոտեմարտել են: Նրանք գոտեմարտել են այն հագուստով (տարազով), ինչով եղել են: Հանել են միայն մորթե ժիլետները: Հայերը երբեք սեւ տաբատով ու մերկ մարմնով կամ սամբոյի չուխայով չեն գոտեմարտել: Այնպես որ, կոխը առանց հայկական տարազի գոյություն չունի:

-Իսկ կոխի եւ մյուս մենամարտերի հնարքների միջեւ տարբերություններ կա՞ն:

-Կոխն իր մեջ ներառում է հունահռոմեական, ազատ ոճերի ըմբշամարտերի, ձյուդոյի, սամբոյի եւ արեւելյան ու մենամարտային այլ ձեւերի հնարքները, որոնք կիրառվում են սկսած շորի կամ մարմնի բռնվածքներից, ընդհուպ՝ մինչեւ խեղդող, ցավեցնող եւ կոտրող հնարքները: Դրանց կիրառման տարբերությունը կապված է հագուստի հետ: Եթե հունահռոմեական ըմբշամարտում մենամարտել կարելի է միայն գոտկատեղից վերեւ կոնտակտ ունենալով, կոխում դա էլ կա, ազատ ոճի պես ոտքերն էլ կարելի է օգտագործել, ձյուդոյի ու սամբոյի նման հագուստից բռնվածքներ կիրառել: Լինելով ռազմարվեստ՝ կոխ ըմբշամարտում, ինչպես պատերազմի դաշտում, հաղթելու բոլոր հնարքներն էլ թույլատրելի են: Կոխը նաեւ ազգային արվեստին տիրապետելու հիանալի միջոց է: Գոտեմարտն ընթանում է հայրենասիրական ու մարտական երաժշտության ուղեկցությամբ, որի ներքո մրցակիցները ազգային ռազմական պարեր են պարում: Կոխի կանոնների մեջ նաեւ մարդասիրական տարրեր կան, որոնք կանխում են մրցակցին «նվաստացնելու» հնարավորությունները: Օրինակ, հաղթելու համար ամենեւին էլ պարտադիր չէ, որ մրցակցիդ գետնես: Եթե նրան բարձրացրել ես ուսերիդ ու պտտեցրել (ՎպսվՌՓՈ), մարտը դադարեցվել է: Այսինքն, այդքան բանը կարողանալով՝ կարող ես նաեւ գետնել (ՑցՔպ): Եղել է նաեւ, որ գոտեմարտը ի հայտ չի բերել ավելի ուժեղին: Այդ դեպքում հաղթանակը շնորհվել է ավելի լավ պարողին:

-Հայտնի՞ է, թե մեր ազգային կոխը քանի տարեկան է:

-Շատ հին է, բայց դժվար է դարաշրջան նշել: Վանա լճի Սուրբ Խաչ եկեղեցում կոխի պատկերներով քանդակներ կան, որոնք 10-րդ դարի են: Ու եթե քանդակվել են, ուրեմն դրա արմատները անհամեմատ ավելի հին են: Չեմ կարծում, թե որեւէ մեկը, կասի, թե այն ժամանակվա կոխի հայ ըմբշամարտիկները սամբոյի չուխա կամ գյուլաշի հագուստ են կրել: Ընդորում, դրանք մինչեւ այժմ հայտնի այդ թեմայով ամենահին քանդակներն են: Թուրքերը Անատոլիա եկել են 11-րդ դարում, 1453 թվականին կործանել Կոստանդնուպոլիսը եւ հետագայում այն կոչել Ստամբուլ: Իսկ ռուսական սամբոն ստեղծվել է 20-րդ դարի կեսերին միայն: Ասեմ նաեւ, որ նույն Սուրբ Խաչ եկեղեցու պատերին քանդակներ կան, որոնց վրա պատկերված դրվագները այսօրվա մարտեր առանց կանոնների մրցաձեւերի հնարքներն են:

-Ազգային կոխի ֆեդերացիայի նոր ղեկավար կազմը առաջընթաց գրանցե՞լ է դրա արմատավորման ու զարգացման ուղղությամբ:

-Որոշ բաներ արվել է, բայց շատ բան դեռ հին կարգավիճակում է: Մասնավորապես, կա կանոնադրությունը, ես նկարագրել եմ հնարքների նկարագրությունը, գրել մրցավարական կանոնները, տերմինաբանությունը, որը պետք է տպագրվի դասագրքի տեսքով: Բայց քանի որ լուսանկարներ չկան, հետաձգվում է:

-Ի՞նչն է խանգարում լուսանկարներ ունենալուն:

-Տարազը: Անհրաժեշտ է մեր բազմաթիվ տարազներից կազմել մի միջին, ընդհանուր ընդունելի տարբերակ, որով կարող ենք ներկայանալ: Թե չէ, այսօր դասագրքում դնել մի բան, որը հետագայում կարող է փոխվել՝ իմաստ չեմ տեսնում: Ի դեպ, տարազը կոխի միայն մեկ բաղկացուցիչն է:

-Ազգային կոխի արմատավորման ու զարգացման ուրիշ խոչընդոտներ կա՞ն:

-Շատ: Երաժշտությունը, որը եղել եւ գալիս է դարերից: Այսօր հատուկ արեւելյան մարտարվեստների համար Հայաստանում արեւելյան ելեւէջներով երաժշտություն է գրվում ու հրամցվում է տարբեր մրցումներում: Ես հարցի լուծումը տեսնում եմ այսպես. մրցումներ կոխի կանոններով եւ ազգային տարազով մարզիկներ կամ մարտիկների պայքար՝ հայկական ռազմահայրենասիրական երաժշտության ուղեկցությամբ: Իսկ դրա՝ մեր սրբություններից Ազգային կոխը առօրյա մտցնելու համար շատ բան պետք չէ: Կարելի չէ՞ այն ներառել դպրոցական ծրագիր՝ հատկապես մարզերում, գյուղական համայնքներում, որտեղ դրա հիմքերն ավելի ամուր են: Ուսուցանել, սովորեցնել: Լուծել նշածս առաջնային խնդիրները, որոնք առանձնապես մեծ ներդրումներ չեն պահանջում: Պետական լուրջ մոտեցում լինելու դեպքում, վստահ եմ, որ մեր ազգային կոխը կարճ ժամանակում միջազգային ճանաչում ձեռք կբերի, ինչպես, օրինակ, կուրաշը: Մանավանդ, որ ազգային մենամարտային մարզաձեւերին վերջին շրջանում սկսել են ուշադրություն դարձնել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
01.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031