Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ տարածքներն ամրագրված են Արցախի սահմանադրությամբ». ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը` «խաղաղություն` տարածքների դիմաց» սկզբունքի մասին

Մայիս 27,2016 17:21

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսօր` մայիսի 27-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում զարմացրեց լրագրողներին` իր մի շարք կուսակիցների պես չասելով, թե Արցախյան հակամարտությունը հնարավոր է լուծել փոխզիջման` «խաղաղություն` տարածքներ դիմաց» սկզբունքով:

Նա շեշտեց, որ փոխզիջման համատեքստում ներկայացվող տարածքներն ամրագրված են Արցախի սահմանադրությամբ. «Ապրիլյան դեպքերից հետո կարեւոր է Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխավորումը եւ Արցախի ժողովրդի անկախության միջազգային ճանաչումը: Հիմա առաջնահերթ է ԼՂՀ-ի` միջազգային ճանաչումը: Բանակցություններ չկան, բանակցային սեղանին առաջարկ դրված չէ: Ադրբեջանի նպատակն է` հայաթափել Արցախը: Եթե բանակցային գործընթացը վերսկսվի, առաջնահերթությունը պետք է տրվի Արցախի ճանաչմանը»:

Մելիքյանը կարեւորեց Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ բազմակողմ  հանդիպումը. «Հանդիպումը հետեւանք էր Ադրբեջանի կողմից հրադադարի խնդրանքի իրականացման: Հաղթեց հայկական կողմը` Ադրբեջանին պարտադրելով հրադադար մուրալ օտար ափերում: Կարծում եմ` հրադադարը կլինի ժամանակավոր: Բանակցային գործընթաց տեղի չի ունեցել, դա հանդիպում էր: Հիմա էլ չենք կարող ասել` հունիսին հանդիպում կկայանա, թե ոչ: Ցանկալի է, որ մինչեւ հանդիպումը լուրջ քայլեր կատարված լինեն ՀՀ-ի հնչեցրած երեք առաջարկությունների ուղղությամբ: Ադրբեջանական կողմն էլ կփորձի նոր առաջարկություններով հանդես գալ»:

Գագիկ Մելիքյանը հնարավոր է համարում, որ Մինսկի խումբը կարող է հանդես գալ հասցեական հայտարարություններով, որոնց հիմքերը եղել են. այլ է հարցը, որ Մինսկի խումբը «հավասարության նշան» դնելու սկզբունքով է աշխատում:

Գագիկ Մելիքյանն անդրադարձավ նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի` «կորցրած 800 հեկտարը չմշակվող եւ ամայի տարածքներ են»  են հայտարարությանը: Նա ասաց, որ հայկական կողմի կորցրածը 2 հենակետեր  են` Արցախի հյուսիսում եւ հարավում. «Դրանք կորցրած համարել չի կարելի, պատերազմական գործողությունների ընթացքում տարբեր հենակետեր ձեռքից ձեռք են անցնում: Տարածքները կորսված կարելի է համարել այն դեպքում, երբ դրանց մասին լինեն վերջնական համաձայնագրեր: Այդ տարածքները վերջնական կորսված չեն, դրանք ցանկացած պահի կարող են նվազագույն կորուստներով հետ վերադարձվել»:

Բանախոսը նկատեց, որ ապրիլյան պատերազմում Ադրբեջանի բանակի զինծառայողների կողմից Արցախի խաղաղ բնակիչներին  սպանելը եւ զինվորներին գազանաբար խոշտանգելը  պետք է դատապարտի միջազգային հանրությունը, եւ այդ ուղղությամբ հայ իրավաբաններն աշխատում են:

Հայկական միջուկային զենքի մասին Ադրբեջանում հնչող հայտարարություններն էլ ՀՀԿ քարտուղարը լուրջ չի համարում, այլապես միջազգային կառույցների ներկայացուցիչները ՀՀ-ում վաղուց փնտրելիս կլինեին արգելված զենքը:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, Մելիքյանի խոսքով` ժամանակը պատեհ չէ, քանի որ փորձ է արվում սկսել բանակցային գործընթացը` այդ խնդիրը լուծելու համար:

Մայիսի 25-ին կայացած  ԸՕ նախագծի շուրջ էլ Մելիքյանն ասաց, որ նախագծի ընդունումը խոսում է լուրջ կոնսոլիդացիայի մասին, թեեւ որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր պնդում են, որ կոնսենսուս չի եղել. «Դասական առումով կոնսենսուս չկա, բայց պետք է խոսել լուրջ կոնսոլիդացիայի մասին: Այն առաջարկությունները, որոնք կհնչեցվեն քաղաքական ուժերի կողմից, առաջիկայում կարող են քննարկման առարկա դառնալ: Դրանց մի մասը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում: Դրանք կհամարվեն ընդունելի, եթե միջազգային դոնորները ֆինանսավորեն»:

Այլ մանրամասները քիչ ուշ` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031