Հնարավոր է` 2016-ին ընդունվի «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը

Հնարավոր է` 2016-ին ընդունվի «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում 30 կին է սպանվել զուգընկերոջ կամ ընտանիքի այլ անդամների կողմից:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ընտանեկան բռնության և կանանց սպանության դեպքերը Հայաստանում․նոր զեկույցի ներկայացում» թեմայով քննարկմանը, անդրադառնալով զեկույցում գրանցված տվյալներին, «Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչ, հետազոտության հեղինակ Անի Ճիլոզեանը նշեց. «Կնասպանության դեպքեր Հայաստանում գրանցվել են հիմնականում 20-40 տարեկան կանանց շրջանում: Զոհերի մեծամասնությունը եղել են գյուղական պայմաններում ապրող (63 տոկոս), հիմնականում Արարատի և Արմավիրի շրջաններում: Սպանությունների մեծամասնությունը եղել է հենց տանը: 30 զոհից 21-ը ապրում էին բռնարարի հետ նույն տանը, երբ սպանությունը եղել է, առնվազն 4-ը փորձում էին խզել հարաբերությունները բռնարարի հետ, 3-ը խզել են հարաբերությունները սպանությունից առաջ: Հիմնականում կանանց սպանությունները կատարվել են դանակահարելով, վիզը կտրելով, բութ առարկայով ծեծելով և խեղդամահ անելով, այսինքն` դաժան կերպով»:

Նշենք, որ կնասպանություն իրականացրած հանցագործների ազատազրկման միջին ժամկետը 9-ը տարի է եղել, 30-ից միայն 4-ն են այս պահին դատապարտված: 16 դեպքերի համար դատավճիռ չկա, թեև երկար ժամանակ է անցել: Ընդհանրապես գործ չի հարուցվել մեկ դեպքի համար. այն որակվել է որպես ինքնասպանություն, իսկ կնասպանության 9-ը դեպքերի քննության ընթացքը դեռ անհայտ է:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս ոլորտում ՀՀ-ում իրավիճակը բավականին վատ է. «2010-ին կատարված վերջին հետազոտության տվյալներով` ամեն հինգերորդ կին ենթարկվում է բռնության: Վեց տարվա ընթացքում պատկերը փոփոխված կլինի, քանի որ քաղհասարակությունն ավելի ակտիվ սկսեց զբաղվել ընտանեկան բռնության դեպքերով: Կնասպանության դեպքերը ավելացան, քանի որ սկսեցին ավելի շատ խոսել դրանց մասին»:

Կնասպանության դեպքերի կանխարգելման հարցում, ըստ հետազոտության, իրավապահ մարմինները հիմնականում անգործություն են ցուցաբերում:

Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբան Էլինա Դանիելյանն առանձնացրեց իրավական թերացումները. «Խնդիր կա ոստիկանության աշխատողների հետ, իրենք անհրաժեշտ արձագանք չեն տալիս հաղորդումներին և հետևողական չեն լինում: Հետևաբար սպանությունները չեն կանխվում»:

Իրավական կարգավորումների մասին խոսելով` Զառա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ պետությունն իր վրա պարտավորություն է վերցրել 2016-ի 4-րդ եռամսյակում ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը. «Այն երկու անգամ ԱԺ-ից վերադարձվեց: Այժմ նախագծի մշակման երրորդ փուլն է: Նախագիծը ներառում է հենց կանխարգելիչ միջոցառումներ, որոնք հնարավորություն կընձեռեն զոհին ու բռնարարին որոշակի ժամանակ իրարից հեռու ապրել: Կան մի շարք կանխարգելիչ մեխանիզմներ. օրինակ` ապարանջաններ են հագցնում ձեռքերին, որ 100 մետրից ավելի չմոտենան և այլն: Ըստ մեր վերջին տեղեկությունների`Հայաստանը միջազգային մարմինների առաջ պատասխանատվություն է վերցրել այս խնդրի լուծման հարցում. մասնավորապես ֆինանսական աջակցությամբ մարզերում կացարաններ բացել, այլ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք