Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի Պապի այցը որևէ բան կփոխի՞ մեր հոգիներում

Հունիս 26,2016 21:04

Արդյոք Հռոմի Պապի այցը որևէ բան կփոխի՞ մեր հոգիներում…: Հարց, որի պատասխանից է կախված, բովանդակային իմաստով արդյո՞ք արդարացված էր Հռոմի պապի այցը Հայաստան, թե այն ընդամենը մի մեծ ներկայացում էր, որը երեք օր շարունակ բեմադրվեց Հայաստանում /ի նկատի ունեմ զուտ իշխանությունների և ժողովրդի ընկալումը/: Իրականում, ավելորդ է խոսել, թե ինչպիսի անասելի մեծ նշանակություն ունի Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցը: Սակայն, մի բան ակնհայտ է, եթե նման այցը չծառայի իր բուն նպատակին, ապա դրա արդյունքը մեր ժողովրդի համար, աննկարագրելի թատերական ներկայացումից այն կողմ անցնել չի կարող, որը կարող է լինել ոչ այլ ինչ,   քան մեր ժողովրդի ապրած հերթական ողբերգությունը:

Լինել առաջին քրիստոնյա երկիրն աշխարհում, դեռ չի նշանակում լինել ամենահավատավոր ժողովուրդը: Անկեղծ ասած, ես ո՞վ եմ, որ դատեմ մի ամբողջ ժողովրդի հավատքը: Սակայն, շատ պետք է ուզենայի, որպեսզի մեր ժողովուրդն իրոք լիներ ամենահավատավորն աշխարհում: Այնքան վստահ եմ մեր ժողովրդի իմաստնության վրա, որ պետք է ուզենայի, որպեսզի մեր երկրի այսօրվա ողբերգական վիճակը չհարվածեր նրա հավատքին, քանզի միայն հավատքով կարելի է հաղթահարել դժվարին վիճակները, հաշվի առնելով, որ մարդկությանն այլ գործիք՝ դեռևս հայտնի չէ: Հավատքին համազոր ուժ չկա և եթե հավատքով որևէ խոչընդոտ չհաղթահարվի, ապա այդ խոչընդոտն ընդհանրապես անհաղթահարելի է:  Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի ժողովուրդը հայտնվել է ողբերգական՝ իրավական, տնտեսական, սոցիալական վիճակում և այդ վիճակից դուրս գալու բոլոր քայլերին զուգահեռ, ժողովուրդն էական առաջընթաց կգրանցի մի դեպքում միայն, եթե լցված լինի մեծ հավատքով, որն էլ իր հետագա քայլերում հաղթանակի՝ դժվարությունները հաղթահարելու հարցում մեծ լիցքեր կհաղորդի նրան: Ուշադիր հետևելով ժողովրդի հետաքրքրվածությանը՝ Հռոմի Պապի այցի նկատմամբ, կարելի է արձանագրել, որ այն շատ-շատ մեծ էր, որն էլ շատ դրական է խոսում Հայաստանի ժողովրդի հավատավոր լինելու մասին:

Հռոմի Պապի այցի և նրա աղոթքների ամենամեծ արգասիքն այն պետք է լիներ, որ մեր հոգիներում մեծ ալեկոծություն լիներ առ Աստված, որ դրանով մենք ավելի ամրանայինք, ավելի մաքրվեինք և կարողանայինք վեր կանգնել նյութից, շնությունից, նախանձից, որկրամոլությունից, հպարտությունից, գոռոզությունից,…, միմյանց նկատմամբ լցվեինք սիրով ու բարությամբ, և ողջ ժողովրդով դառնայինք մեկ ամբողջություն: Միայն այդ կերպ մենք կկարողանանք լուծել՝ առաջին հերթին Արցախի, հետագայում նաև մեր բոլոր ներքին խնդիրները…

Բազմիցս ներկա լինելով 1988թ.-ին ազատության հրապարակում տեղի ունեցած բազմամարդ միտինգներին /դրանք քանակապես ավելի բազմամարդ էին, քան Հռոմի Պապի այցի հետ կապված մարկանց հավաքը/,  որևէ անգամ ժողովրդի կողմից անկարգություններ չարձանագրեցի: Այս պարագայում, ուղղակի շատ զարմանալի է, թե ինչու այդ նույն խառնվածքով ժողովուրդը պետք է այնպիսի անկարգություններ թույլ տար, որն ուղեկցվեր ոստիկանության կողմից մի շարք ձերբակալություններով: Չփորձելով խախտել անմեղության կանխավարկածը, այնուամենայնիվ ես մնում եմ այն կարծիքին, որ չհաշված եզակի դեպքերը, ես այդ ամենի բացատրությունը կապում եմ ոստիկանության ոչ ճիշտ կազմակերպված գործունեության հետ: Զգուշությունն՝ զգուշություն, սակայն չի կարելի ամեն վայրկյան սահմանափակել մարդկանց ազատ շարժի իրավունքը, ավելին՝ այդ օրերին ոստիկանության կողմից իրականացված մի շարք ձերբակալությունները պատիվ չի բերում և մեր ժողովրդին, և մեր պետությանը: Համենայնդեպս, եթե կարճ ձևակերպենք, ապա ոստիկանության գործելակերպի փոփոխության վեկտորը դրական չի գնահատվում: Հռոմի Պապի այցելությունը չափազանց բացառիկ երևույթ է և բոլորն են ցանկանում մոտիկից տեսնել նրան և մոտիկից օրհնություն ստանալ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ինչ-ինչ նամակներ հանձնել, որը լիովին տեղավորվում է ժողովրդավարական երկրին հարիր տրամաբանության մեջ: Հռոմի Պապի այցելությունը պատիվ է բերում ցանկացած երկրի, այդ թվում նաև Հայաստանին:

Միայն Տիրոջն է հայտնի, թե որքանով է հավատավոր մեր ժողովուրդը և ինչ ձեռք բերեց Հռոմի Պապի եռօրյա այցելությամբ, որքանով ավելի ամրապնդվեց այդ հավատքը: Եթե այդպես չէ, ապա հաստատաբար կարելի է պնդել, որ մեր ժողովուրդը գնում է ինքնաոչնչացման, իսկ երկիրը՝ կործանման…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930