Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆիլմն ինչ-որ չափով ինքնանկար է»․Էմիլիանո Դանտե

Հուլիս 14,2016 23:40

Վավերագրողներ Ֆլո Ֆլամեն և Էմիլիանո Դանտեն առաջին անգամ են Հայաստանում։ Մասնակցում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։ Փառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ներկայացված են Ֆլամեի «Կարոտ» և Դանտեի «Բնակավայր․ անձնական գրառումներ» ֆիլմերը։

«Կարոտը» պատմում է օվկիանոսի թակարդն ընկած կուբացիների ավագ սերնդի մասին։ Կես դար առաջ Կարիբյան ավազանում կղզին կտրվեց աշխարհից ու մեկուսացավ գլոբալացումից: Այն, ինչ  թվում էր փոփոխությունների և առաջընթացի հեղափոխություն, վերածվեց անջրպետի: Հեղափոխության գաղափարներին չհամապատասխանող արտաքին աշխարհն էլ դարձավ արգելված ու անտեսանելի: Մի ամբողջ սերունդ համակվեց անմեղ ինքնախաբեությամբ: Մարդկանց աշխարհայացքն ու  իդեալները կամաց-կամաց աղճատվեցին: Կապիտալիզմի օգնությամբ սոցիալիզմը փրկելու վերջին շրջանի փորձերը հաջողվեցին, բայց դրա հետևանքով մի սերունդ մնաց ապակողմնորոշված:

Ֆիլմի հերոսները ապակողմնորոշված սերնդի ներկայացուցիչներ են, երեք տարեցներ, ովքեր կորցրել են հինը, նորի հետ էլ դժվարանում են շփվել։ Ծեր Լուիսը, Կարմելոն ու Էռնեստոն կարոտում են անհետացած իդեալները, սերը, անցած ժամանակն ու նույնիսկ այն վայրերը, որ երբեք չեն տեսել։ Նրանց միջոցով ռեժիսորը փորձում է ցույց տալ երկրում տիրող իրավիճակը։

Բելգիացի ռեժիսոր Ֆլո Ֆլամեն արվեստի մեջ է եղել մանկուց։ Հայրը նկարիչ է։ Ֆլամեի մանկությունն անցել է թատերախմբում։ Ավարտել է Բրյուսելի LUCA արվեստի դպրոցն ու մասնագիտացել վավերագրական կինոյում: «Կարոտը» Ֆլամեի առաջին լիամետրաժ ֆիլմն է։

«Կերպարներից մեկը՝ պոետը, Կուբայի փողոցներից մեկում ինձ վաճառեց իր գրած պոեմը այնպես, ինչպես վաճառում էր մյուս զբոսաշրջիկներին։ Բոլորը նրա հետ նկարվում են, այն խաբկանքի մեջ էր, թե բոլորն իրեն ճանաչում են, և այդ միտքը նրան երջանկացնում էր, բայց ամեն երեկո տուն գնալիս զգում էր, որ մենակ է։

Յուրաքանչյուր կերպար անհատական մոտեցում է պահանջում, քանի որ իր ձևով է պայքարել ու սպասել երազանքի իրագործմանը, բայց բոլոր կերպարները միասին կարող էին մեկ հավաքական կերպար դառնալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆլամեն։

Ռեժիսորը շատ բան չգիտի հայկական կինոյի մասին։ Ասում է՝ «Ոսկե ծիրանը» լավ հնարավորություն է նոր ֆիլմեր, պատմություն պատմելու նոր ձևեր բացահայտելու համար։

Էմիլիանո Դանտեն ոչ միայն «Բնակավայր․ անձնական գրառումներ» ֆիլմի ռեժիսորն է, այլև ֆիլմի օպերատորը, սցենարի, երաժշտության հեղինակը, պրոդյուսերը։

Ֆիլմը պատմում է 2009թ․-ին Լ’Ակուիլա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների մասին, ինչպես նաև ցույց տալիս, որ կյանքը շարունակվում է։ Հերոսները վրանային ճամբարներից մեկում ապրող տղամարդիկ են՝ Ալեսսիոն, Պաոլոն և ինքը՝ ռեժիսորը։

«Սեփական փորձս ցույց տալու համար եմ ինձ որպես կերպար ընդգրկել ֆիլմում։ Որպես քաղաքացի խոսում եմ իմ քաղաքի խնդիրների մասին։ Ինչ-որ չափով ինքնանկար է»,- նշում է Դանտեն։

«Բնակավայր․ անձնական գրառումներ» ֆիլմը ներկայացնում է երկրաշարժից հետո կառավարության կողմից անօթևանների համար կառուցվող տների օտար իրականությունը։ Ինչպես այդ տների մյուս բնակիչները, այնպես էլ Էմիլիանոն, բախվում են այն իրողությանը, որ  դրանք ինքնությունից զուրկ վայրեր են, որոնք կապ չունեն քաղաքի, տեղի պատմության ու մշակույթի հետ:

Ֆիլմը ներկայացվել է աշխարհի բազմաթիվ երկրներում և «Լավագույն ֆիլմ» ճանաչվել Հռոմում, Կազերտայում, Ստամբուլում, Գրոսսետոյում կայացած կինոփառատոների ժամանակ։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031