Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ դուք այլեւս ժամանակ չունե՛ք

Հուլիս 26,2016 22:00

Երբ «Բարեւ, Ռոբ» արտահայտության համար երեւանյան սրճարաններից մեկում բոլորի աչքի առաջ մարդ սպանեցին եւ չպատժվեցին, երբ Հոկտեմբերի 27-ի՝ անջատված մասով գործը դեռ իբր հետաքննվում է, իսկ Մարտի 1-ի գործը մնում է «ընթացքում», ապա դժվար չէ փաստել, որ պետությունը կորցրել է իր գլխավոր հատկանիշը՝ արդարության եւ արդարադատության վրա հիմնված բռնության մենաշնորհի երաշխավորի դերը: Դրանով պետությունը կորցրել է նաեւ բարոյական իրավունքը խափանելու ուրիշների՝ բռնությամբ ուղեկցվող քայլերը: Իսկ սա նշանակում է պետության աղետ, պետական համակարգի էրոզիա:

Իշխանությունը «նկարում է» ցանկացած օրենք, նույնիսկ Սահմանադրություն, բոլոր առարկությունները խորհրդարանում ճզմում իր «կոճակասեղմիչ հարյուրյակով», այնուհետեւ ինքն իրեն դնում օրենքից վեր, օրենքից դուրս, իսկ մնացածին դնում «օրենքների սահմաններում»: Շատ ժամանակ պետք չէ, որպեսզի այսպիսի «կոնստրուկցիան» վերածվի անցքերը եռակցված եռացող կաթսայի, որի կափարիչը վաղ թե ուշ կխփի դրա «ինժեների» ճակատին: Մանավանդ, երբ տնտեսությունում իշխում են մենաշնորհները, իսկ բիզնեսը սերտաճած է քաղաքականության հետ:
Գուցե շատերի համար վիճելի թվա, բայց մեր հասարակության մեջ, այնուամենայնիվ, չկա բռնության գործադրմամբ քաղաքական հարցեր լուծելու մշակույթ, բռնությունը քաղաքական հարցերում մնում է մերժելի հասարակության մեծամասնության մոտ: Դա է գլխավոր պատճառը, որ հուլիսի 17-ին տեղի ունեցածը, երբ զինված մարդիկ գրավեցին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, որեւէ կերպ չստիպեց, որպեսզի Հայաստանի քաղաքացիները դուրս գան փողոց եւ սկսեն ջարդուփշուր անել այն ամենը, ինչը կապված է իշխանության կամ իշխանական դասի հետ:

Եվ ամենամեծ ու ամենավտանգավոր հիմարությունը կլինի կարծել, որ դա իշխանության «շնորհքն» է, կամ մարդիկ, ասենք, «վախենում» են ինչ-ինչ «վճռական» գործողություններից, կամ էլ շատ են «սիրում» իշխանությանը, եւ դա վկայում է իշխանության «բարձր ռեյտինգի» մասին:

Պետությունը նման կառավարման համակարգի պարագայում կորցնում է հետադարձ կապը հասարակության հետ, այլեւս հաշվետու չէ քաղաքացուն, օտար է քաղաքացու համար, իսկ այդ դեպքում անխուսափելի իր գործելակերպով այն վերածվում է մարդկանց համար չարիքի:

Սա լրջագույն խնդիր է, քաղաքական խնդիր, սա քաղաքականություն է, որը պետությունը լցոնել է քաղաքական աղբով, իսկ պետական ինստիտուտները վերածվել են իրենք իրենց ծաղրանկարի: Մարդկանց Ռուսաստան «արտահանելով», որ «չմնան հեղափոխություն անեն», ինչպես ժամանակին «կատակով բացատրեց» ներկայումս ԵՏՄ գործադիր ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը, խնդիրը չի լուծվելու, եթե մի կողմ թողնենք նման քաղաքականության վտանգավորությունը, իսկ բարոյական առումով՝ ստորությունը:

Այս ամենը չէր կարող չբերել պայթյունի եւ ցնցման: Եթե մինչ այդ «բարդ հարցերը», այն է՝ անվտանգություն, ռազմաբազա, էներգետիկա եւ այլն ռուսներին հանձնելով՝ թվում էր, թե «մի բան կանենք», ապա այստեղ հարցի լուծումը ռուսներին չգիտեմ ինչ հանձնելով՝ չի լուծվելու:

Կիրակի օրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կոչ հրապարակեց՝ ուղղված զինված մարդկանց խմբին, ովքեր գրավել են Ոստիկանության ՊՊԾ գունդը, հորդորելով հանձնվել եւ հավելելով. «Դուք դեռ ժամանակ ունեք»:
Իսկ դուք, պարոնա՛յք, այլեւս ժամանակ էլ չունե՛ք: Հայաստանի իշխանությունն իր վտանգավոր քաղաքականությամբ կանգնեցրել է պետությանն ու հասարակությանը լրջագույն սպառնալիքի առաջ: Անհրաժեշտ է պաշտպանել պետությունն իշխանությունից, մաքրել քաղաքական դաշտ կոչվածը քաղաքական աղբից, որը հասարակությանը զրկում է որոշումներ ընդունելու, ընդունված որոշումները վերահսկելու լեգալ մեխանիզմներից: Սակայն խնդիրը ոչ միայն իշխանությունն է, այլեւ ընդհանրապես քաղաքական դաշտը, որը կապ չունի իրականության հետ եւ ի զորու չէ սպասարկելու քաղաքացիների շահը, այլընտրանքային գաղափար բանաձեւելու, չունի կառավարման տարրական ունակություն, դրա մասին պատկերացում:

Ի վերջո՝ իմաստ չունի խորհուրդ տալ, թե ինչպես հանգուցալուծել իրավիճակը ՊՊԾ գնդում, քանի որ չկա այն չկրկնվելու որեւէ երաշխիք: Երկրում, կրկնեմ, սպանված է քաղաքականությունը: Իսկ քաղաքականությունը ոչ թե պարապ ժամանակվա թզբեհ է, որով «հետաքրքրվում» են կամ ոչ, «սիրում» են կամ ոչ, «զզվում» են կամ ոչ եւ այլն, այլ միակ երաշխիքն է եւ միջավայրը, որտեղ պետությունը կարող է սպասարկել քաղաքացու շահը, ինչպես ասում են՝ «օրենքի սահմաններում»: Կամ էլ մենք ունենալու ենք նոր «ՊՊԾ գնդեր» եւ կդառնանք Սոմալի: Կա՛մ օրենք բոլորի համար, կա՛մ «ջունգլիի օրենք» բոլորի համար: Երրորդը չկա: Երրորդը վտանգավոր պատրանք է: Իսկ օրենքը սկսվում է լեգիտիմ, լեգիտիմության առումով խնդիր չունեցող իշխանությունից, որին ընտրությունների միջոցով կտրվի արդարության եւ արդարադատության վրա հիմնված բռնության մենաշնորհի երաշխավորի դերը:

Դուք դեռ «զզվո՞ւմ» եք քաղաքականությունից: Դուք դեռ «բան չե՞ք հասկանում» քաղաքականությունից: Դուք դեռ կողմ եք, որպեսզի խնդիրները «չքաղաքականացվե՞ն», ինչպես «Էլեկտրիկ Երեւանի» օրերին էիք կողմ կամ հակասանիտարական «մարշրուտնի»-ներից օգտվելու գնի բարձրացման դեմ բողոքների ժամանակ: Դուք դեռ կո՞ղմ եք, որ քաղաքականությունը չքաղաքականացվի: Իսկ դուք ինչի՞ն եք կողմ:

Ռուբեն Մեհրաբյան

Լուսանկարը՝ Snob.ru

«Առավոտ»

26.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031