Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակի ելույթներից .«Չի հասկացվում` Ղարաբաղում ժողովուրդ կա՞, թե՞ տարածք է»

Օգոստոս 05,2016 23:28

Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցները կամաց-կամաց հեռանում էին մի քանի անձանց ելույթներից հետո: Հարթակից մեկը, դիմելով մարդկանց, ասաց՝ «Ժողովուրդ ջան, մի գնացեք էլի»: Լսվեց արձագանք՝«Ելույթ ունեցեք, ժողովուրդը չգնա»:

Հետո մի երիտասարդ տղամարդ, որը չներկայացավ, մոտեցավ բարձրախոսին եւ, անդրադառնալով ոստիկանության երեկվա գործողություններին՝ Ազատության հրապարակից քաղաքացիներին բերման ենթարկելուն, ասաց, որ նպատակը հարթակը դատարկ թողնելն է, ինչն էլ ստիպել է իրեն հարթակ բարձրանալ.« Ճիշտն ասած, ճամարտակելու շնորհք չունեմ, տենց բառեր ասելու, բայց սա երեւի ամառային ակցիա է՝ «Սերժիկ, հեռացիր» ակցիա է, ով որ գոռում է Սերժիկ հեռացիր, տանում են ոստիկանություն, հետո էլ շքամուտքերի մոտ հատուկ ծեծի են ենթարկում»: Ու այս երիտասարդի հորդորով հավաքվածները  սկսեցին վանկարկել՝ «Սերժիկ, հեռացի՛ր, Սերժիկ, հեռացի՛ր»:

Հարթակից ելույթ ունեցողն ասաց, որ իշխանությունը փորձում է  ժողովրդին ստրուկ դարձնել.«Մի մարդ իր վարչակազմով դառել ա  չարիք մեր պետականության գլխին: հարգելի ղարաբաղցիներ դուրս եկեք փողոց, էսօր Ղարաբաղում ժողովուրդը դառել ա տարածք, չի հասկացվում՝ էդտեղ ժողովուրդ կա՞: Միջազգային հանրությունն էլ չի հասկանում, էդտեղ ժողովուրդ կա՞, թե տարածք է: Դուրս եկեք փողոց ու դիմեք ղեկավարությանը, ասեք՝ մենք չենք ընդունում ղարաբաղյան հակամարտության ոչ մի լուծում, որտեղ մեր պետության ղեկավարը մասնակցություն չի ունեցել, չենք ստորագրում ոչ մի փաստաթուղթ, որտեղ ղարաբաղյան պետության ստորագրությունը չկա»:

Հարթակում մի քանի ելույթներից հետո որոշեցին՝ վաղը կրկին Ազատության հրապարկում պետք է հավաքվեն ժամը 19.00-ին:

«Հիմնադիր խորհրդարանի» աջակից Անի Նավասարդյանն էլ հարթակից հիշեցրեց՝ «Ովքեր, որ սրտացավ են, կարող են վաղը ժամը 2-ին գալ Էրեբունի հիվանդանոցի մոտ: Մեր երեք տղաներն էնդեղ են: Ուղղակի ովքեր ուզում են, կարող են գալ»: Անի Նավասարդյանը նաեւ հիշեցրեց նկարների ակցիայի մասին, որ մարդիկ «Սասնա ծռերի» անդամների լուսանկարներով մասնակցեն հավաքներին.«Ես ուզում եմ առաջարկել մարդիկ իրենց տան լուսամուտների ներսից ու դրսից  փակցնեն, ովքեր ուզում են՝ քաղաքում տարբեր տեղեր փակեցնել՝ գաղտնի ձեւով»:

Այս անգամ, ինչպես նախկին հավաքների ժամանակ էր լինում, երթ չեղավ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031