Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն քահանան գաղտնի ձայնագրել է Վահան Սրբազանի հետ զրույցը»

Սեպտեմբեր 14,2016 15:23

Ըստ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանի (լուսանկարում), Վեհափառը մերժել է ծանոթանալ ներկայացված ձայնագրությանը

– Վերջերս Հոլանդիայում ծառայող տեր Արմեն քահանա Մելքոնյանի քահանայագործության վերաբերյալ բազում քննարկումներ տեղ գտան մամուլի հրապարակումներում և սոցիալական ցանցերում, հնչեցվեցին նաև մեղադրանքներ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին: Ինչպիսի՞ն է Մայր Աթոռի դիրքորոշումը այս հարցում:

– Նախ և առաջ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արմեն քահանա Մելքոնյանը ժամանակին ձեռնադրվել է Հալեպում, կարճ ժամանակ քահանայագործել Տեր Զորում և Լիբանանում, ապա՝ շուրջ քսանհինգ տարիներ առաջ ստացել է ազատ վիճակի թուղթ և այլևս Կիլիկիո Կաթողիկոսության իշխանության ներքո չի գտնվում: Այնուհետև նա ծառայության է անցել Գերմանիայի հայոց թեմում և այսօր էլ շարունակում է մնալ այդ թեմի հոգևորականաց շարքերում իբրև այցելու հովիվ: Չլինելով հաստատագրված ծառայության մեջ` նա ժամանակ առ ժամանակ թեմի կողմից հրավիրվում է Ս. Պատարագների և այլ արարողությունների:

Ամիսներ է, անգամ մեկ տարուց ավելի է, ինչ Արմեն քահանայի հետ քննարկվում է իր ծառայության հարցը Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակության ենթակայության ներքո, նկատի ունենալով նաև իր բնակության վայրը, ինչի առնչությամբ իրենից և պահանջվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր: Նա նաև Մայր Աթոռ է ժամանակին եկել այդ կապակցությամբ:

Որևէ պաշտոնանկության մասին խոսք չի կարող լինել, քանի որ որևէ տնօրինություն Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի կողմից նրա ծառայության առնչությամբ չի էլ եղել:

Հետևաբար, այս պահին որևէ կերպ հարցը առնչել Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ցույցին նրա մասնակցության հետ՝ տեղին չէ և հարկ չկա Տեր Արմենի, ինչպես նաև որոշ շրջանակների կողմից շահարկելու խնդիրը:

Տեր Արմենը հայտարարել է, որ փաթեթ է ուղարկել, որտեղ տեղեկություններ են ներկայացված Վահան Սրբազանի առնչությամբ: Արդյոք ստացվե՞լ է նման փաթեթ և ինչ է այն բովանդակում:

– Այո՛, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ստացվել է Արմեն քահանայի նամակը կից ձայնագրությամբ: Պետք է նշել, որ ձայնագրությունը բովանդակում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի շուրջ արտահայտություններ:

Դատապարտելի և անընդունելի նկատելով այն, որ Արմեն քահանայի կողմից գաղտնի ձայնագրվել է Վահան Սրբազանի հետ իր ունեցած զրույցը` Վեհափառ Հայրապետն անգամ մերժել է ծանոթանալ ներկայացված ձայնագրությանը: Նման քայլը հարիր չէ հոգևորականին, առավել ևս երբ խոսքը գնում է երկու հոգևոր եղբայրների հարաբերությունների մասին: Նման երևույթը պետք է բացառվի ներեկեղեցական կյանքում և չի կարող ճանապարհ հանդիսանալ խնդիրների բարվոք կարգավորման:

Մայր Աթոռից արդարադատություն ակնկալող եկեղեցականն ինքն իրեն նախ չպետք է թույլ տար նման պահվածք և առավել ևս սեփական քայլերի արդարացման համար դիմեր նման միջոցների:

– Ինչպիսի՞ն է խնդրի հանգուցալուծումը:

– Պարտ է ճշմարտությունը ներկայացնել, այլ ոչ թե ճամարտակել: Հստակ է, որ նման վիճակ չի կարող հանդուրժվել. չի կարող որևէ հոգևոր սպասավոր այստեղ կամ այնտեղ ծառայելու կամայականությամբ առաջնորդվել:

Նկատի ունենալով եկեղեցականների անհրաժեշտությունը Եվրոպայի համայնքներում` այո, քննարկվել են տարբերակներ, որպեսզի Արմեն քահանան մշտական ծառայության կոչվի և ոչ թե մնա այցելու հովվի կարգավիճակում:

Սակայն հոգևոր ծառայությունը, ինչպես և ուխտագրում ասված է, ենթադրում է հնազանդություն եկեղեցական կանոններին և եկեղեցական իշխանությանը: Ես, իբրև եկեղեցական, չեմ կարող պատարագել կամ որևէ խորհրդակատարություն անել որտեղ որ սիրտս կամենա առանց տվյալ տարածքի եկեղեցական իշխանության, այս դեպքում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի գիտության և արտոնության: Սա, կարծում եմ, նաև քաջ հայտնի է Արմեն քահանային, որի օծումը, որքան էլ որ Աստծուց է, սակայն Աստծու կողմից եկեղեցական իշխանությամբ օժտված մարդկանց միջոցով է: Կրկնեմ. լինելով Գերմանիայի հայոց թեմի սպասավոր` ըստ եկեղեցական օրենքների նա չի կարող Ս. Պատարագ և այլ խորհրդակատարություններ կատարել թեմի տարածքից դուրս, այլ հոգևոր իշխանության ներքո գտնվող համայնքներում առանց տվյալ տարածքի հոգևոր առաջնորդի գիտության: Հետևաբար, պետք չէ պատեհապաշտությամբ առաջնորդվել, խնդիրն արհեստականորեն բարդացնել և փորձել դրան համազգային հնչեղություն հաղորդել:

Այս իմաստով է նաև, որ համայնքային կյանքը երկփեղկման չառաջնորդելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորով Հայրապետական պատվիրակ Վահան Սրբազանի կողմից արտոնվել է վերջին պատարագների մատուցումը: Բացարձակ անազնիվ է նաև մեր ծառայակից եղբոր կողմից, համայնքային վարչությանն ուղղված առաջնորդի խնդրանքները ներկայացնել սեփական «հերոսացման» լույսի ներքո:

Մայր Աթոռը վստահ է, որ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդն անհրաժեշտ քայլերը կձեռնարկի շտկելու իր թեմի սպասավորի կողմից որդեգրած այս վարքագիծը: Մայր Աթոռը նաև սթափության կոչ է ուղղում Արմեն քահանային. եկեղեցականի առաքելությունը համայնքում խաղաղություն և օրհնություն բերելն է և ոչ թե անտեղի խռովությունների պատճառ դառնալ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930