Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Մանուկյան. «Գնումների բողոքարկման համակարգը դերակատարում չունի»

Սեպտեմբեր 27,2016 17:16

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 27-ին ներկայացրեց ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքները:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ասաց, որ պետական գնումների նպատակը նաեւ տնտեսությանը խթանելն է՝ որպես կանոն, փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության բավականին լուրջ գործիքակազմ է կիրառվում:

«Եղել են փոփոխություններ գնումների մասին օրենքում էլեկտրոնային ձեւերի մեջ, բայց պետության ամենակարեւոր մոտեցումը նոր օրենքի նախագծի առկայությունն է: Օրենքի նախագիծը պայմանավորված է նաեւ ԵԱՏՄ անդամակցությունից բխող հետեւանքներով: Մենք հրավիրվել էինք նաեւ ֆինանսների նախարարության նոր մոդուլի շնորհանդեսին, անկեղծ ասած, առաջին հայացքից բավականաչափ խնդիրներ կային, դեռ գործուն արդյունավետ մեխանիզմ չէ»,- ասաց նա:

Արտակ Մանուկյանը նշեց, որ իրենք կարեւորել են օֆշորային ընկերությունների վերջնական շահույթների թափանցիկ տեղեկությունների հայտարարագրման մեխանիզմների ներդրումը. «Երբ մենք ուսումնասիրեցինք նաեւ ՊՈԱԿ-ները, մենք տեսանք, որ այդտեղ բավականին լուրջ անարդյունավետություններ կան: Մրցակցային ուղղություններում ոչ մրցակցային սկզբունքների կիրառությունը բավականին ռիսկային է: Տեսնում ենք տարբեր խորհրդատվական ծառայությունների, կրթական ծառայությունների, վերապատրաստման ծառայությունների դրամաշնորհներ են տրամադրվում, եւ հարց է առաջանում՝ ինչ է խանգարում այդ նույն ուղղություններով, որոնք, որ մրցակցային են, իրականացնել մրցութային գործընթաց»:

Տնտեսագետը ներկայացրեց նաեւ որոշ ռիսկեր պարունակող բողոքարկման դեպքեր: Նա որպես օրինակ բերեց «Լոկատոր» ՓԲԸ-ին, որն արտադրում է հակակարկտային կայաններ, սակայն չի եղել մի դեպք, երբ ինքը մրցույթում հաղթի: Հաղթում է «Բարվա» ընկերությունը, որը թանկ գներով գնում է կայաններ. «Կոնկրետ այս մարդն այնքան է հոգնել, որ չի էլ մասնակցում գնումներին: Մի անգամ փորձել է պայքարել իր իրավունքների համար եւ ներկայացրել է բողոք, որ Մեծ Մանթաշի գյուղապետարանը արդեն այնպես է կազմել տեխնիկական բնութագրերը, որ միայն «Բարվան» կարողանա մասնակցել: Ի դեպ սա միակը չէ, էլի կա: Պետք է նշել, որ այս բոլորի մեջ գնումների բողոքարկման համակարգը դերակատարում չունի: Գնումների բողոքարկման համակարգի տրամաբանությունը հետեւյալն է՝ տեսնում ենք օրենքի խախտում, օրենքը կա, մեծ հաշվով օրենքը պահպանվում է: Այս մարդու բողոքը բավարարվել է, ընդունել են, որ այս մարդու շահերը ոտնահարվել են: Բայց խնդիրն այն է, որ նույնիսկ եթե ոտնահարվում են, այս մարդը չի կարողանում պայմանագիր ստանալ»:

Արտակ Մանուկյանը առանձնացրեց նաեւ այն դեպքը, երբ ընկերությունը հաղթող է ճանաչվում, սակայն ասում են, որ հարկայինի տվյալներով նա ժամկետանց պարտք ունի. «Գնում եք բողոքում եք, կռվում եք, 30 հազար դրամ եք վճարում, ջանքեր, նյարդեր փչացնում եք, վերջում բողոքարկման համակարգը հանուն արդարության ասում է, որ ձեր բողոքը ճիշտ է: Բայց ասում է՝ կներե՛ս, մենք չենք կարող քեզ հաղթող ճանաչել, ընթացակարգ կհայտարարենք, գնա նորից մասնակցի: Սա շատ մեծ համակարգային խնդիր է, որը չի կարող բերել զարգացման»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930