Համալսարանը դո՛ւ չես

Համալսարանը դո՛ւ չես

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ
Սամվել Կարաբեկյանը՝ ոլորտի մարտահրավերների մասին

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով կրթության ոլորտի մասին` փաստում է, որ կրթության հարցերին մեզանում ընդունված է անդրադառնալ մեկ-երկու առիթներով, դիցուք, ընդունելության քննությունների շրջանում կամ ասենք` որեւէ առիթով արվող հայտարարության ու մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա ձեւակերպմամբ, ցավոք սրտի, սա արտացոլում է կրթության հարցերի հասարակական ընկալման մակարդակը: «Մեր դիցույթներից մեկն է, որ իբր կրթությանը շատ մեծ տեղ տվող ժողովուրդ ենք, իրականում այդպես չէ: Մենք դա տեսնում ենք ամենուր եւ տարբեր դրսեւորումներում` ընդհուպ քաղաքական կյանքում, այդ թվում այնպիսի հարցերում, որոնք սուր են դրված այսօր՝ մասնավորապես ընտրական գործընթացներում: Բոլոր կեղծիքները, արատավոր երեւույթները, ըստ էության, գալիս են նրանից, որ մեր հասարակության կրթական մակարդակը, մեղմ ասած, պատշաճ չէ: Դրանց պատճառների զգալի մասը գալիս է հենց կրթական համակարգից։ Մյուս կողմից, ինչպես շատ հաճախ մեր պաշտոնյաներն են սիրում ասել բանակի հարցերին նվիրված քննարկումների ժամանակ, թե բանակը հասարակության մի մասն է, հետեւաբար բոլոր բացասական երեւույթներն իրենց բնական դրսեւորումներն ունեն այնտեղ, նույն բանը կարող ենք ասել կրթական համակարգի մասին»,-նշում է փորձագետը:

Ինչպես Հայաստանում նենգափոխվեց Բոլոնիայի գաղափարախոսությունը

Սամվել Կարաբեկյանի ձեւակերպմամբ, կրթական համակարգը կոնսերվատիվ, դանդաղ փոփոխությունների ենթարկվող, հսկայական ինքնակարգավորվող մեխանիզմ է, ու նրա առաջ ծառացած մարտահրավերների շարքն անծայրածիր է, ուստի ինքը առանձնացրեց հիմնական խնդիրները:

«Արդեն 10 տարի է՝ մի մեծ ինտեգրացիոն շարժման մեջ ենք, որը կոչվում է Բոլոնիայի գործընթաց: Հիմնական նպատակը՝ մասնակից երկրների ջանքերով եվրոպական կրթության ընդհանուր տարածք ստեղծելն է, որտեղ գործեն քիչ թե շատ նույն կանոնները եւ ապահովվի որակավորումների ճանաչելությունը, կրթական պրոցեսի այլ հատվածների թափանցիկությունը` բոլոր անդամ մասնակից երկրների համար: Սա միշտ չէ, որ ճիշտ է ընկալվում հասարակության կողմից, որովհետեւ տարածված կարծիք կա, թե Բոլոնիան միջազգային մի կառույց է, որին մենք անդամակցում ենք, եւ որը մեզ պարտադրում է ինչ-որ կանոններ: Բոլորովին այդպես չէ, ու անդամակցության իմաստը հենց այն է, որ յուրաքանչյուր մասնակից երկիր իր անհրաժեշտ ներդրումը կատարի այդ տարածքը ձեւավորելու համատեղ գործում: Դա կամավոր եւ դեմոկրատական գործընթաց է, որին ազատ են մասնակցել անդամ երկրների համալսարանները: Երբ 2005թ. մենք միացանք Բոլոնիայի գործընթացին, քանի որ համալսարանական բավարար ազատություններ չունեինք, նոր գաղափարախոսությունը փորձեցինք ներմուծել հին սովորական գործիքներով` հրամանով, կարգադրությամբ, օրենքով… Մի պահ, օրինակ, հայտարարվեց, որ այսինչ ուսումնական տարվանից բոլորն անխտիր պիտի անցնեն կրեդիտային համակարգի, կամ կրթական ծրագրերը պետք է դարձվեն երկաստիճան` բակալավրիատ, մագիստրատուրա` անկախ նրանից, տվյալ հաստատությունը պատրա՞ստ էր դրան, թե՞ ոչ: Արդյունքում` առաջացան բովանդակային աղավաղումներ:

Առհասարակ, Հայաստանում, երբ խոսվում է համալսարանի մասին, ընդունված է համարել, որ համալսարանը ռեկտորն է, պրոռեկտորները, վարչակազմը, մինչդեռ համալսարանն, ըստ էության, դասախոսներն ու ուսանողներն են եւ նրանց գործունեության շրջանակը՝ կրթական ծրագրերը, այսինքն նրանք, որոնք եւ պե՛տք է իրագործեն բարեփոխումների գործընթացը եւ այն, ինչը եւ, ըստ էության, պիտի բարեփոխվի: Եվ եթե իրականացնողները պատշաճ տեղեկատվություն, գործիքներ ու ինքնավարություն չունեն` այդ խնդիրներն իրագործելու համար, բնականաբար, կատարողական մակարդակում այդ պրոցեսը պարզապես արգելակվում է: Բոլոնիայի գաղափարախոսության առանցքում համալսարանական ազատություններն են: Հենց այստե՛ղ է հիմնական ելակետը՝ ես ազատ համալսարան եմ, եւ ուզում եմ, որ իմ կրթական ծրագրերը, որակավորումները մյուս համալսարանների կողմից ճանաչվեն, դրա համար ես պետք է մշտապես աշխատեմ որակի վրա, համապատասխան պայմաններ ստեղծեմ կրթական ծրագրերն իրականացնող դասախոսների եւ ծրագրերում ներգրավված ուսանողների համար, որպեսզի այդ ծրագրերը զարգանան եւ համապատասխան մեխանիզմներ ներդնեմ, որպեսզի իրավական եւ մյուս կողմերը եւս ապահովվեն»,-իրավիճակը ներկայացնում է պարոն Կարաբեկյանը:

Ընդամենը 2 միավոր՝ հայաստանյան համալսարանների ազատությանը

Մեր հարցին` եթե ամենաշատը 10 միավորանոց սանդղակով գնահատելու լիներ հայաստանյան համալսարանների ազատության մակարդակը` որպես բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, առավելագույնը քանի՞ միավոր կտար բուհերին, կրթության փորձագետը պատասխանեց` ոչ ավելի, քան երկու միավորը:

«Եթե կառավարությունում եւ Ազգային ժողովում հարցնեք, ձեզ անշուշտ կասեն, որ մեր համալսարաններն ինքնավար են, ազատ: Ֆորմալ առումով` գուցե ճիշտ գտնվեն, բայց հարցն այստեղ այլ կողմ էլ ունի. համալսարանն, ինչպես նշվեց, դա վարչակազմը չէ: Այդ վարչակազմը որոշումներ ընդունելու տեսանկյունից որոշակիորեն (այն էլ ոչ լիարժեք) ազատ է, բայց վարչական մակարդակից այն կողմ` դասախոսների, ուսանողների, կրթական ծրագրերի մակարդակում, ազատությունը որեւէ կերպ արտահայտված չէ: Ինչպես Լյուդովիկոս 14-րդն էր ասում պետությունը ես եմ, այնպես էլ մեր բուհերի շատ ղեկավարներ համոզված են, թե համալսարանն իրենք են: Նրանք, այո՛, հաճախ իրենց համար թույլատրելի սահմաններում պայքարում են ինքնավարության համար, բայց իրականում ընկալելով դա որպես սեփական ինքնավարություն, իսկ համալսարանի ներսում գործում են նույն մեթոդներով, որոնց դեմ պայքարում են:

Մյուս կողմից, նույնիսկ այդ ֆորմալ ինքնավարությունն էլ առանձնապես մի բան չէ, քանի որ մեզանում բազմաթիվ հարցեր լուծելու համար գոյություն ունի «հրաշալի մի գործիք»՝ բանավոր հեռախոսային կառավարում, որն, ի դեպ, հաջողությամբ կիրառվում է նաեւ համալսարանների ներսում տարբեր ակադեմիական եւ, ինչպես ընդունված է ասել, կադրային հարցեր լուծելիս:

Մյուս հանգամանքը, որ խանգարում է լիարժեք կերպով համապատասխանելու բոլոր այն չափանիշներին, որ նախատեսում է եվրոպական բարձրագույն կրթության տարածքը, հետեւյալն է` հենց Բոլոնիայի գործընթացում ներգրավվելու պահից` 2005թ.-ից սկսած, տեղի ունեցավ բարձրագույն ուսումնական հաստատությունների կարգավիճակի այնպիսի կտրուկ վատթարացում, որը հակասում էր Բոլոնյան գործընթացով նախատեսված սկզբունքներին: Գրչի մեկ հարվածով բոլոր բուհերը դարձան ՊՈԱԿ-ներ, ստեղծվեցին կառավարման խորհուրդներ: Վերջիններս էլ ձեւական բնույթ կրելով` դարձան քաղաքական վերահսկման մեխանիզմ: Այդ համակարգի ամենածաղկուն շրջանում նույնիսկ առանց լրացուցիչ ուսումնասիրությունների, կարելի էր պարզ տեսնել, թե որ բուհը վարկանշային սանդղակի որ հատվածում է գտնվում, քանի որ մեկի կառավարման խորհրդի նախագահը պետության ղեկավարն է, մյուսինը` կառավարության ղեկավարը, հետո` ԱԺ ղեկավարը…եւ այսպես շարունակ»,-փաստում է փորձագետը: Նրա խոսքերով. «Փաստորեն, այս ամբողջ բացասական միտումները զուգահեռաբար ընթացան Բոլոնիայի գործընթացին: Ստացվել է այնպես, որ մենք մասնակցում ենք մի գործընթացի, որը որոշակի չափանիշներ է դնում, պահանջներ է սահմանում, մենք էլ վերցնում ենք այդ պահաջների զուտ մակերեսային, կառուցվածքային հատվածը ու ներդնում վարչական մեթոդներով, հետեւաբար դրանք չեն գործում՝ բովանդակության չեն վերածվում»:

Ռեկտորը պաշտոնավարում է, եթե բավարարում է քաղաքական վերադասի պահանջները

Մեր զրույցի ընթացքում Սամվել Կարաբեկյանը համալսարանների` հիմնադրամ դառնալուն էլ անդրադարձավ. «Երկու տարի առաջ, կարծես հակառակ պրոցեսը վերջապես սկսվեց, եւ ինչպես աշխարհի մեծ մասում, համալսարաններին հիմնադրամի կարգավիճակ տալու գործընթացը: Ցավոք, երբ մեր երկրում որեւէ բարեփոխում ենք իրականացնում, ապա փորձում ենք հատուկ շեշտադրել այն հատվածները, որոնք առավել ձեռնտու են վերահսկման մեխանիզմները կարգավորելու առումով: Հիմնադրամների ստեղծումն այս պահի դրությամբ լուծեց երկու խնդիր` բուհերին որոշակի ֆինանսական ազատություն տվեց՝ ՊՈԱԿ-ի կարգավիճակի հետ համեմատ, մյուս կողմից՝ հանեց համալսարանների ռեկտորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները, ինչը մեր քաղաքական մշակույթում նշանակում է` քանի դեռ դու բավարարում ես քաղաքական վերադասի պահանջները, ուրեմն կմնաս, եթե ոչ` գիտեք, դե դա մեզ մոտ ինչպես է արվում»:

Սամվել Կարաբեկյանից հետաքրքրվեցինք` արդյոք այս միտումը միայն Հայաստանո՞ւմ է, թե՞ նախկին խորհրդային այլ երկրներում` նույնպես:

«Ինչպես մերոնք են սիրում ասել` ընդհանուր «մենթալիտետային» խնդիր է, մյուս կողմից էլ` որքան էլ ցանկանանք մասնագիտական հարցերը շոշափելիս հեռու մնալ քաղաքական, մասնավորապես` արտաքին քաղաքական հարցերից, հնարավոր չէ: Ակնհայտ է, որ այն հսկայական մշակութային (քաղաքական մշակույթը նկատի ունի-Գ.Հ.) ճնշումը, որ գալիս է Հյուսիսից` Ռուսաստանից, զգալի արգելակող ազդեցություն ունի: Մանավանդ հիմա Ռուսաստանում կա կրթության մի նախարար, որն արդեն անուն է հանել խնդիրների իր ոչ ստանդարտ լուծումներով: Նա նույնիսկ հարց է դնում, որ պետք է սահմանափակել Բոլոնիայի գործընթացին Ռուսաստանի մասնակցությունը: Մեկուսացման տանող քաղաքականությունը, որը առկա է Ռուսաստանում` բոլոր ոլորտներում, հասել է նաեւ կրթությանը, ինչը, բնականաբար, վտանգներ է պարունակում մեզ համար: Փառք Աստծո, որ որոշ արտաքին պարտավորություններ դեռ հաջողվում է պահպանել, այն էլ, որքան էլ պարադոքսալ է, այն պատճառով, որ, ինչպես նշվեց, կրթության ոլորտը մեր առջեւ կանգնած բազմաթիվ ներքին եւ արտաքին վտանգների ֆոնին մի տեսակ լուսանցքում է»,-նշում է բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Սամվել Կարաբեկյանի հարցազրույցի մանրամասները` առաջիկա համարներից մեկում:

Լուսանկարը՝ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից:

 

«Առավոտ»

01.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք