Լրահոս
Օրվա լրահոսը

«1 միլիոն դոլարանոց առանձնատուն Մոսին որտեղի՞ց կարող է ունենալ». Սուրեն Սարգսյանը՝ Վահան Բադասյանի հարցաքննության մասին

Նոյեմբեր 21,2016 20:12

Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավոր Վահան Բադասյանն այսօր կեսօրից Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է, նրան հրավիրվել են հարցաքննության իր իսկ հայտարարությունների հետ կապված: Արդեն ավելի քան հինգ ժամ է անցել, ինչ պարոն Բադասյանը հարցաքննվում է:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը մամուլին տված հարցազրույցներում հայտարարել էր, որ «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ»:

Aravot.am-ը ազատամարտիկ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ հնարավոր համարո՞ւմ է, որ հարցաքննության արդյունքում նախաքննական մարմինը հիմնավոր չհամարի Վահան Բադասյանի փաստարկները եւ արդյունքում քրեական պատասխանատվության  ենթարկվի հենց Բադասյանը՝ սուտ մատնության հոդվածով, ոչ թե այն անձը, ում հասցեին ուղղված էին նրա մեղադրանքները:

«Մենք ապրում ենք մի իրականության մեջ, ուր ամեն ինչ հնարավոր է: Չնայած զավեշտալի կլինի, որ Վահան Բադասյանը հայտարարում է՝ Մոսին թալանում է, մեկ միլիոն դոլարանոց առանձնատուն ունի, դա որտեղի՞ց, ու Բադասյանին ենթարկեն պատասխանատվության: Ինչ է նշանակում ապացույց, թող պարզ հաշվարկ անեն, մեկ միլիոն դոլարանոց առանձնատուն Մոսին որտեղի՞ց կարող է ունենալ: Մոսին ո՞վ է, էդ որ աշխատավարձով, հարյուր տարի նրա աշխատավարձը չի հերիքի: Եթե քննություն են ուզում անցկացնել, թող նորմալ քննություն անցկացնեն, ու հերթական թող փչոցին չլինի…

Վահան Բադասյանն անձնական խնդիր չի լուծում, նա ուզում է լուծել մեր երեխաների  անվտանգության խնդիրը, որոնք ապրում են առաջնագծում, սահմանամերձ գյուղում, ու որեւէ գեներալ, որ բանակը թալանում է, զինվորի հացը գողանում է, նշանակում է՝ խոցելի է դառնում տարածքի բնակիչների կյանքն ու անվտանգությունը»,- ասաց ազատամարտիկը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն այսօր «Ազատություն»  ռադիոկայանին ասել էր, թե իր տեղեկություններով. «գլխավոր շտաբի պետն է պնդել, որպեսզի գործ հարուցվի և մանրամասն քննվի այդ գործը։ Ես լրիվ համոզված եմ, որ դատախազության պարզելուց հետո մենք կիմանանք, որ Մովսես Հակոբյանը նմանատիպ գործարքների չի գնա երբեք։ Դա ինչ-որ թյուրիմացության, սխալ ինֆորմացիայի արդյունք է։ Այդպիսի բան կապել Մովսես Հակոբյանի հետ, կարծում եմ, որ ազգային շահերի տեսակետից սխալ է, և այսօր անգամ դատախազությունը չնայած իր պահանջով է դա արել, համենայն դեպս մեծ հարված է մեր բանակին»: Պարոն Սարգսյանը պատգամավորի տեղեկություններն արժանահավատ չի համարում:

Պարոն Սարգսյանը ի պատասխան մեր հաջորդ հարցի, թե հավատո՞ւմ է, որ Վահան Բադասյանի հայտարարությունների հետքերով իսկապես բացահայտումներ կլինեն ու մեղավորները կպատժվեն, ասաց. «Առջեւում ընտրություններ են, թե ինչ խաղ են խաղում կերեւա, բայց որ ասեմ՝ բացահայտման լուրջ քաղաքական կամք եմ տեսնում, ծիծաղելի կլինի: Ինչ է  Վահա՞նը պետք է ասեր, որ իրենք տեսնեին, որ գեներալները բանակը թալանում են: Իրենք շատ լավ գիտեն, հիմա ինչ-որ աղմուկ է  բարձրացել, տա Աստված, որ դա իմիտացիա չլինի, չնայած ես չեմ հավատում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    //Այդպիսի բան կապել Մովսես Հակոբյանի հետ, կարծում եմ, որ ազգային շահերի տեսակետից սխալ է ….// – Բա ո՜նց, Մոսիին կպնես թե Հայ ազգ ու բանակի տունը քանդես, պարզ չէ՞
    Էս հասարակ բանը ոնց չեն հասկանում ,,ազգի դավաճանները:,, Դրանց 5 ժ քննելը քիչ է, հարկավոր է 50, 500, տո ըտենց բանի համար ցմահն էլ կարելի է: Թե չե ըսենց որ գնաց էգուց էլ անտուն խաչատուրի տունն ու բլյրդանոցն են ցույց տալու ու եսիմ ինչեր – բանակի արժեքը լրիվ 0 – կդառնա՜:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930