Լրահոս
Օրվա լրահոսը

Չքանդվող բառը

Նոյեմբեր 26,2016 18:00
merujan Ter-Gulanyan

Օրեր առաջ մինչեւ լույս տեղացած ձյունից հետո, որը բացվող լույսի հետ աննկատ հեռացավ ու անէացավ, այսինքն թե՝ լույսը իր հետ տարավ ձյունը նաեւ, սկսվեց տերեւաթափը:

Թերեւս ժամանակից շուտ սկսվեց, բայց մենք ո՞վ ենք, որ չափենք ժամանակը, եւ անչափելի ժամանակի ու թափված տերեւների միջով ես տնից դուրս էի եկել ու քայլում էի Զաքիյան փողոցով. տերեւաթափն այնքան անսպասելի էր, որ տերեւները դեռեւս կենդանի էին, ապրող, եւ ես մի քանի անգամ ետ պտտվեցի նույն ճանապարհով, որպեսզի սգամ կամ գուցե վերապրեմ ժամանակից շուտ ծառը լքած տերեւների կյանքով:
Երեւի թե պտույտս երկար տեւեց, որովհետեւ իմ հարեւան վարսավիրը, երբ արդեն անցնում էի կողքով, ինձ հարցրեց՝ գուցե ինչ-որ բա՞ն եմ կորցրել, ասացի՝ ոչ, պարզապես տերեւաթափ է: Այո, ասաց նա, այս տարի շուտ սկսվեց, եւ ես զգացի, որ նրա աչքերի մեջ նույնպես թախիծ կար, որովհետեւ այլեւս վարսավիրանոցի մուտքի մոտ չէր կարող նստել:
Ու երբ քայլելով հասա աշխատանքի իմ սենյակը, հասկացա, որ հարեւանս սխալմամբ ճիշտ էր հարցրել. այո, ես կորցրել էի, եւ կորցրել էի իմ տարին ու տերեւների մեջ հուսահատ փնտրում էի կորուստս այլեւս անցած: Հետո, երբ սենյակում մենակ էի, հիշեցի, որ մոտենում է իմ ծննդյան օրը, գիտեի, որ այդ երեկո կգան իմ ընկերները, հարազատները, թոռնիկները՝ շնորհավորելու ինձ՝ չիմանալով, որ նշում են իմ կորցրած տարին, ինչպես ընկած տերեւ…

Մտածում էի ու վախեցա նրանց կյանքի ու բախտի համար, քանզի իմ ապրած կյանքի ընթացքում անվերջ լսում էի խոստումների եւ նոր կյանքի բառախեղդ մի հողմապտույտ՝ պաթետիկ ու հանդիսավոր, ինչպես Պետրա՝ տեսքից հմայիչ, բայց այլեւս դատարկ քաղաքը, որի կամարները շքեղ էին, բայց ներսում ապրելու տեղ չկար, կամ ինչպես Աքսում, ուր երկնաքերեր էին կառուցվում ոգիների համար, բայց ոչ ապրողների:
Մի անհաստատ տրտմություն էր իջել վրաս: Հիմա լավ չեմ հիշում՝ Եսենի՞նը, թե՞ Ալեքսանդր Բլոկը տարիների հեռվից շշնջում էին ականջիս՝ մայրս ինձ աշխարհ էր բերել աշնանային մի տխուր ժամանակ…

Մտածում էի նաեւ, որ երկար երազելուց ոչ միայն երազանքն է մաշվում, այլ նաեւ երազողը: Այնինչ, կյանքն անցնում է տիեզերքում զնգալեն՝ հուշելով, որ պետք է ապրել եւ շարունակել զորացնել այն, ինչ այսօր ունենք, եւ ափսոսալ ու չքանդել բառը: Եվ ինչպես անհուսահատ Չարենցն է խոստանում՝ հանգի՜ստ, հանգի՜ստ, ինչքան էլ տերեւաթափը տրտում է, հիշիր եւ չմոռանաս, միեւնույն է՝ էլի գարուն կա, կբացվի վարդը…

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

25.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930