Լրահոս
Օրվա լրահոսը

Գնումներում պատվիրատուներին էլ պետք է սեւ ցուցակ գցել

Փետրվար 01,2017 16:30
pox

Կառավարությունը պետական գնումների համակարգում փոփոխություններ է նախաձեռնել, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցվեն կամ ընդհանրապես բացառվեն: Թե այս համակարգում ինչպիսի խոչընդոտներ կան, կամ արդյոք նոր օրենքի պայմաններում ռիսկ չկա՞ կոռուպցիայի՝ այս հարցերի շուրջ զրուցեցինք ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանի հետ:

Պարոն Մանուկյանի խոսքով՝ վերջին 6-7 տարիներին կառավարությունը նման փորձեր անում է, սակայն այդ փորձերն այդպես էլ իրականությունը չեն փոխում: Դրա պատճառը, ըստ Արտակ Մանուկյանի, ոչ թե Գնումների մասին օրենքն է, այլ իրավակիրարկումը, քանի որ Գնումների մասին օրենքը, պարոն Մանուկյանի խոսքով, համահունչ է եղել եվրոպական փորձին:

Այդուհանդերձ, Գնումների մասին նոր օրենքը, որը նաեւ համապատասխանեցվել է ԵՏՄ օրենսդրությանը եւ արդեն քանի օր է՝ ուժի մեջ է, հնի համեմատությամբ որոշակի փոփոխություններ կրել է: Մասնավորապես, եթե նախկինում կար 7 մրցույթի ձեւ, ներկայումս 4-ն է, կամ նախկինում բողոքարկման հանձնաժողովը կարող էր տնտեսվարողին 6 ամսով, մեկ տարով կամ 3 տարով սեւ ցուցակ գցել, հիմա այդ ժամկետը հստակ սահմանվել է 2 տարի: Գնումների մասին նոր օրենքում Արտակ Մանուկյանը բացասական զարգացում է համարում այն, որ ԵՏՄ անդամ երկրներին տրվում է գնային 15 տոկոս նախապատվություն մինչեւ 70 միլիոն դրամանոց գնումների շրջանակներում:
Նշենք, որ պարոն Մանուկյանը շուրջ 60 առաջարկ է ներկայացրել, որից 35-ն ընդունվել է: Նա դրական է համարում համակարգում կատարված այն փոփոխությունը, համաձայն որի՝ ավարտին է մոտենում ամբողջական, էլեկտրոնային գնումների համակարգի փաստացի գործարկումը, որի հետ, սակայն, մասնագետը կարծում է, որ շատ մեծ հույսեր կապել չի կարելի. «Որովհետեւ գնումների էլեկտրոնային համակարգը առկա գնումների էլեկտրոնականացումն է: Այսինքն՝ եթե քո գնումների համակարգում դու ունես կոռուպցիոն ռիսկեր, որը դու տեղափոխեցիր էլեկտրոնային գնումների համակարգ, այնպես չէ, որ այդ կոռուպցիոն ռիսկերն ամբողջովին մարեցին, եթե պատշաճ գործարկում չկա»:
Մինչ այս, պարոն Մանուկյանի խոսքով, համակարգը կենսունակ չէր, քանի որ համաձայն վիճակագրության` 2015 թվականին թե՛ գրանցված տնտեսական օպերատորները, թե՛ էլեկտրոնային գնումների համակարգում իրականացված գնումները ընդհանուրի մեջ շատ ցածր մասնաբաժին ունեին:

Առաջարկությունները, որոնց մի մասն ընդունվել են, պարոն Մանուկյանի խոսքով, համակարգը որոշակիորեն կոռուպցիոն ռիսկերից նվազեցնում են:
«Մի կարեւոր առանձնահատկություն նշեմ. այս տարիների ընթացքում այնքան ենք անուղղակիորեն կերակրել ոչ մրցունակ ֆիրմաների, որ հիմա իրենք շուկայից դուրս են մղել հնարավոր մրցակիցներին, որոնք, ըստ էության, նույն խաղացողներն են: Նույնիսկ եթե հիմա մի պահ ենթադրենք, որ այդ արհեստական խոչընդոտները կամ թղթային նախապատմության միջոցները դուրս են մղվում, շատ դժվար կլինի այդ ֆիրմաներին նրանց հետ մրցակցել:

Ինչո՞ւ: Օրինակ՝ բենզինի կամ շաքարավազի շուկայում նրանք կուտակել են բավականաչափ նաեւ հավելյալ արտադրական միջոցներ կամ ենթակառուցվածքներ, որն արդեն գնումների համակարգի վրա մաշեցրել են, այսինքն` ամորտիզացիոն արժեքով դուրս են եկել, նրանք, ըստ էության, այդ մասով նոր խաղացողի նկատմամբ ունեն լրացուցիչ արհեստական մրցակցային առավելություններ, որովհետեւ նոր խաղացողը պետք է իրացման նոր ցանց գտնի եւ այլն: Չպետք է մոռանալ, որ մուտքի խոչընդոտներից բացի՝ կան նաեւ իրացման խոչընդոտներ: Օրինակ` մի բան է բանան բերելը, մի բան` այդ բանանն իրացնելը, եթե բոլոր խոշոր սուպերմարկետները պայմանագիր ունեն, որ միայն նրա բերած բանանն են իրացնելու»:

Այս ամենով հանդերձ՝ պարոն Մանուկյանը կարծում է, որ որոշակի հատվածավորված փոփոխություններ տեսանելի են, մասնավորապես` ՊՈԱԿ-ների անարդյունավետ ծախսերի կրճատման մասով. «Որպես ուղղություն դրական է, բայց միաժամանակ պետք է նաեւ փորձել պետական ծառայությունների թե՛ արդյունավետությունը բարձրացնել, թե՛ որոշ դեպքերում, հատկապես գիտատեխնիկական պարագայում, դրանց առեւտրայնացման մասին մտածել: Օրինակ՝ եթե մենք ֆինանսավորում ենք Գիտությունների ազգային ակադեմիան, նրանք պետք է ստեղծեն բավականաչափ մրցունակ արտադրանք, հակառակ դեպքում որեւէ խոչընդոտ ես չեմ տեսնում, ինչի՞ պետք է դա մենք ֆինանսավորենք որպես ՊՈԱԿ-ների ֆինանսավորում, այլ ոչ թե չանենք մրցույթ»:

Ըստ Արտակ Մանուկյանի՝ պետական գնումների համակարգը տվյալ երկրում բիզնեսի զարգացման հնարավորություն է եւ, ինչպես աշխարհի փորձն է ցույց տալիս՝ հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու. «Ցավոք, մեր Գնումների մասին օրենքը այս մասին եւս որեւէ հավելյալ առավելություններ չի տալիս»,- նկատում է մեր զրուցակիցը: Ըստ նրա՝ մեր օրենքում կիրառվում է երկու մոտեցում` կա՛մ տնտեսապես առավել շահավետ առաջարկ, կա՛մ նվազագույն գին. «Համատարած ընտրվում է նվազագույն գինը: Եթե մենք ունենք խոշոր արտադրող եւ ՓՄՁ սուբյեկտ, միշտ էլ խոշոր արտադրողը մասշտաբի էֆեկտից ելնելով՝ կարող է առաջարկել նվազագույն գին, այլ հարց է, որ որակյալ չափանիշներով կամ կարիքի բավարարման տեսակետից ՓՄՁ սուբյեկտն ավելի ճկուն է եւ կարող է ավելի լավ ապրանք առաջարկել:

Օրինակ` ռազմարդյունաբերական համալիրում դուք խնդիր եք դնում արտադրել հրացան կամ մի պաշտպանական տեխնիկա` ինչ-որ X գնով, միշտ խոշոր արտադրողից ձեռք կբերեք, բայց եթե դուք, ասենք, գիտեք՝ ինչ է պետք, պետք է հավելյալ տեխնոլոգիաներ կիրառել եւ նոր գաղափարներ դնել, ապա այս դեպքում որակյալը կլինի ՓՄՁ-ի առաջարկած ապրանքը:

Չի կարող որակյալ ապրանքը լինել էժան: Մի պահ պատկերացրեք` շենքի շինարարություն է, եւ դուք ոչ թե կարեւորում եք սեյսմակայունությունը, այլ գինը, որքան էժան կլինի. դա ուղղակի աբսուրդ է: Իհարկե, մենք այստեղ ավելի շատ խոսում ենք պատվիրատուի մոտ կարողությունների բացակայության մասին, այսինքն` նրանք մեծ հաշվով չգիտեն՝ ինչ է պետք, եւ չեն էլ ուզում հասկանալ՝ իրենց ինչ է պետք, քանի որ խնամի-ծանոթ-բարեկամ համակարգում նրանք կարողանում են աշխատել կամ գործակցել այդ խոշոր ընկերությունների հետ, իսկ ՓՄՁ-ի հետ աշխատելն այս առումով մի փոքր դժվար է, դրա համար, փաստացիորեն, մենք համատարած ունենք նվազագույն գնի ընտրություն` չնայած օրենսդրությամբ, կարծես, հնարավորությունը կա»:

Ըստ Արտակ Մանուկյանի՝ պետք է գիտակցել, որ առաջինը ֆինանսների համակարգում կարողությունների բացակայությունն է:

Այդուհանդերձ, շփումներից պարոն Մանուկյանն այն տպավորությունն է ստացել, որ պետական գնումների համակարգում արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը գիտակցում են եւ «առաջին անգամ կարծես թե ուզում են գործ անել»:
«Իհարկե, դա պայմանավորված է ընտրություններով եւ նաեւ նրանով, որ արդեն տորթի ծավալը գողանալու գնալով քչացել է, եւ արդեն պետք է զտել նաեւ խաղացողներին»,- ասում է պարոն Մանուկյանը: Ըստ նրա՝ եթե մենք ուզում ենք համակարգի թափանցիկ եւ կամայական շեղումների մասին ազդակներ ստանալ, ապա պետք է փորձենք զտել հնարավոր արհեստական խոչընդոտները: Օրինակ` պարոն Մանուկյանի համոզմամբ, համակարգի արդյունավետության բարձրացման խոչընդոտներից է 30 հազար դրամ մուծումը, որը վճարելու պարագայում միայն կարող են բողոքը ներկայացնել:
Դրական փոփոխություններից է, որ ներկայումս կարող են բողոքարկել ծրագրավորման փուլում, մինչդեռ նախկինում հաղթողին շնորհելուց հետո կարող էին բողոքարկել:
Պարոն Մանուկյանը կարծում է, որ իրավակիրարկումը պետք է մեծացնել, այսինքն` ոչ միայն բարձրաձայնելուց հետո շտկել պայմանագրերը, այլ նաեւ պատվիրատուներին սեւ ցուցակ գցել. «Հիմա մեր օրենքը միակողմանի է: Շուկայական հիմունքների վրա հիմնված օրենքները ավելի հավասարակշռված են»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

31.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728