Քիչ առաջ գյումրեցի ազատամարտիկները մեկնեցին Արցախ

Քիչ առաջ գյումրեցի ազատամարտիկները մեկնեցին Արցախ

Այսօր Շիրակի մարզի ԵԿՄ կառույցից 20 փորձառու ազատամարտիկներ մեկնեցին Արցախ՝ առաջնագծում հայ զինվորների կողքին կանգնելու։ ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանը, որը երկու օր առաջ է վերադարձել Արցախից, մեզ հետ զրույցում ասաց, որ սա այն դեպքը չէ, երբ օգնության կարիք կա ու երկրապահը շտապում է առաջնագիծ, ուղղակի ամենաամսյա այցեր են։ Կոնկրետ Շիրակի մարզից երկրապահներն ամեն ամիս մի այցելություն կազմակերպում են Արցախ՝ դիրքեր, մի այցելություն էլ սահմանամերձ գոտի։

Խոսելով առաջնագծում տիրող իրավիճակի մասին՝ Յուրա Ալեքսանյանն ասաց․«Վիճակն, այո, լարված է, կրակոցներ անընդհատ կան, բայց այն վիճակը չէ, որ վախենալու մեծ առիթ տա․ մեր զինվորներն ու սպաները միշտ զգոն կանգնած են սահմանին, ուղղակի պատժիչ գործողությունները սկսում են այն ժամանակ, երբ թշնամին սկսում է կրակել, առաջխաղացման փորձ է անում։ Այսօր, Փառք Աստծո,էն կարգի սարքավորումներ են տեղադրված, որ դիտարկումը 10-20 անգամ հեշտացել է թե՛ գիշերային, թե՛ ցերեկային ժամերին, ցանկացած շարժ նկատվում է։ Եվ հետո այսօր մեր զինվորն ավելի զգոն է, գիտի, որ թուրքին վստահել չի լինում․ նրանք հրադադարի ռեժիմը պահպանող չեն։ Թշնամին կրակոցներն էլ վախից է արձակում,բոլորս էլ գիտեք, որ փոխնախագահ դարձած Ալիևայի պատվին են դրանք, որ իր բողոքավոր ժողովրդի ուշադրությունը շեղեն»։

Իսկ Թալիշի ուղղությամբ հրանոթներով արձակած կրակոցները Յուրա Ալեքսանյանը պայմանավորում է այնտեղ ծավալվող շինարարությամբ։

«Գիտեք, որ Թալիշում շինարարություն է ընթանում, կարծում եմ խանդից սկսել են կրակոցներ արձակել, որ շինարարությունը դադարեցվի։ Ցանկացած պաշտոնական հանդիպումների ժամանակ էլ նման խախտումներ են գրանցվում իրենց կողմից ինչ-որ զիջումներ կորզելու համար, բայց չկա նման բան, որևէ մեկը որևէ բան չի զիջելու, նման տրամադրություն չկա։ Հակառակը, Թալիշում արդեն մարդիկ իրենց ընտանիքներով են, անասնապահությամբ են զբաղվում, երեխեքը էլի դրսում խաղում են»,-ասում է Յուրա Ալեքսանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք