Էրդողանի ծանր «կիսահաղթանակը»

Էրդողանի ծանր «կիսահաղթանակը»

Սահմանադրական հանրաքվե Թուրքիայում.
կիսվեցին ոչ միայն ձայները, այլեւ կիսվեց եւ բեւեռացվեց երկիրը

Կիրակի օրը Թուրքիան քվեարկեց հօգուտ նախագահ Էրդողանի առաջարկած Սահմանադրության, բայց չնչին առավելությամբ՝ 51/49 հարաբերակցությամբ: Ոչ միայն ձայներն են փաստորեն կիսված, այլեւ այդ հստակ բաժանարար գծերն անցնում են երկրի քարտեզի վրայով:

Էրդողանին մերժեցին երկրի խոշորագույն քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Ադանան, Անթալիան, քրդաբնակ նահանգները՝ բացառությամբ երկուսի, Էգեյան եւ Միջերկրական ծովափնյա նահանգները, Հայաստանին եւ Վրաստանին սահմանակից նահանգները՝ բացառությամբ Կարսի, որտեղ «այո»-ն հավաքել է ընդամենը 50.99%:
Չնչին առավելությունը հօգուտ Էրդողանի ապահովեց «միջուկային» ընտրազանգվածն Անատոլիայում: Ուշագրավ է նաեւ, որ քիչ թվով նահանգներում եւ քաղաքներում է, որտեղ ձայները տեղում կիսվել են, ինչպես Ստամբուլում եւ Անկարայում, ավելի շատ են հստակ կողմնորոշված նահանգները, որտեղ «այո»-ն կամ «ոչ»-ը ստացել են ձայների մոտ երկու երրորդը: Այսպես, քրդաբնակ շրջաններում «ոչ» է ասել 60-65%-ը (Դիարբեքիր, Վան), Իզմիրի 68 տոկոսն է «ոչ» ասել: Նույնը՝ «այո»-ի պարագայում: Այսպես, Կոնյայի գրեթե 73 տոկոսն է կողմ քվեարկել, գրեթե մեկ միլիոն մարդ, կամ ազգայնական Էրզրումը՝ 74.5%:
Ուշագրավ է պատկերը Ստամբուլում, որտեղ 9 մլն ընտրողների ձայները, ինչպես եւ ամբողջ երկրում, կիսվել են, «ոչ» է ասել 51.3%-ը: Այստեղ նույնպես շրջանները եւ թաղամասերը հստակ կողմնորոշված են: «Հին քաղաքում» Էրդողանի պարտությունն ուղղակի ջախջախիչ է: Այսպես, Շիշլիում «ոչ» է ասել 71.7%-ը, իսկ Բեշիկթաշում՝ 82.8%-ը, մինչդեռ Սուլթանղազի կամ Սուլթանբեյլի թաղամասերում հակառակ պատկերն է. «այո»-ի տոկոսն է գրեթե նույնքան:

Պետք է նշել, որ խոսք է գնում պաշտոնական տվյալների մասին, որոնց վիճարկելու մասին արդեն իսկ հայտարարել են Էրդողանի ընդդիմադիրները: Բացի դրանից, երկրում շարունակվում է ավելի վաղ հայտարարված արտակարգ դրությունը, եւ «ոչ»-ի քարոզչությանն իշխանությունը համակարգային խոչընդոտներ է ստեղծել քարոզարշավի ողջ ժամանակահատվածում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն Միխայել Լինքը «Դոյչե Վելլեին» տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե նախկինում ընտրախախտումները տեղի էին ունենում հիմնականում քրդաբնակ շրջաններում, ապա ներկայիս հանրաքվեն տեղի է ունենում արտակարգ իրավիճակի պայմաններում, եւ ընտրախախտումները տարածվելու են ամբողջ երկրով: Թուրքիան դարձել է աշխարհի ռեկորդակիրը ձերբակալված լրագրողների քանակով:

Ակնհայտ է մի բան, որ ջրբաժանը երկրում ոչ միայն եւ ոչ այնքան քաղաքական է, որքան քաղաքակրթական: Սա վերաբերմունք է երկրում աշխարհիկ կարգերի, հաստատվող առաջնորդապաշտության, պետություն-անհատ հարաբերությունների նկատմամբ: Ակնհայտ է նաեւ, որ տրամագծորեն հակառակ աշխարհայացքները կանխորոշում են նաեւ արտաքին քաղաքական նախասիրությունները եւ վերաբերմունքն Արեւմուտքի նկատմամբ:
Փաստ է, որ Աթաթուրքի Թուրքիայի ընթացքն ավարտված է, եւ պարզ չէ, թե մինչեւ 2029թ. գրեթե անսահմանափակ իշխանություն ստացած Էրդողանն ինչ է անելու իր այդ իշխանության հետ: Թուրքիա-Արեւմուտք հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն եւ կունենան Անկարայի համար, դրանք շոշափում են թե անվտանգության, թե տնտեսության ոլորտները: Եվ քանի տնտեսական աճն ապահովվում է, Անկարան ձգտելու է շարունակել առավելագույնը կորզել իր «բազմավեկտոր» խաղով: Սակայն Էրդողանի իշխանությանը չեն կարող չմտահոգել մի քանի միտումներ:

Տուրիզմը Թուրքիայում անկում է ապրում. 2014-ին եթե երկիր էր այցելել 42 մլն արտասահմանցի տուրիստ, ապա երկու տարի անց այդ թիվը նվազեց մինչեւ 25 մլն: Տարբեր սահմանափակումների պատճառով երկիրը լքում են մի շարք համաշխարհային բրենդներ, աճում է գործազրկությունը, վտանգի տակ է արեւմտյան ներդրումների շարունակականությունը, ինչը ոչ միայն փող է, այլեւ տեխնոլոգիա եւ արդիականացում է բերում երկիր: Ի վերջո, դժվար է ակնկալել ներդրումներ նրանցից, ում դու «նացիստ» ես անվանում կամ հիշեցնում ես, թե ինչպես ես «ոմանց լցրել ծովը» 1922-ին՝ իրենց «պաշտպանողների հետ միասին»:

Դժվար է նաեւ ակնկալել ներդրումներ մի երկրում, որտեղ տարիներով, ինչպես պուտինյան Ռուսաստանում, քարոզվում է «պաշարված բերդի» գաղափարը: Ու եթե ռուս «ավանդական» մտածողության համաձայն՝ Մոսկվան ունի «միայն երկու դաշնակից»՝ բանակը եւ նավատորմը, թուրք «ավանդական» մտածողությունը հուշում է, որ «թուրքն ունի միայն մեկ բարեկամ՝ ինքը թուրքը»: Եվ թուրքական պարադոքսն այն է, որ մի կողմից՝ տարած հաղթանակն էապես նվազեցնում է պոպուլիզմի իմաստը, այն պոպուլիզմի, որին փայլուն տիրապետելով՝ Էրդողանը «թամբեց» Թուրքիան, ինչն օբյեկտիվորեն մեծացնում է Անկարայի կանխատեսելիությունը: Սակայն քանի որ պարզ չէ՝ իսկ ինչ է անելու իր հաղթանակի հետ կիսված երկրում Էրդողանը, որպեսզի բոլորին գոհացնի, դա մեծացնում է ռիսկերը, որ այդ հաղթանակը որոշ ժամանակ անց կարող է դառնալ Պյուռոսյան՝ իր բոլոր էկզիստենցիալ հետեւանքներով, երբ ոչ միայն հաղթահարված չեն սիրիական եւ քրդական մարտահրավերները, այլեւ ահագնանալու հստակ միտում են դրսեւորում:

Հիմքեր չկան ակնկալելու, որ դրամատիկ իրադարձությունները Թուրքիայում ինչ-որ բան կփոխեն Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների հետ կապված՝ Անկարայի դիրքորոշման մեջ: Սակայն չափազանց դինամիկ զարգացումները հաստատապես պահանջում են Հայաստանի՝ թե պետությունից, թե հասարակությունից, նախ՝ մշտապես ուշադրության ներքո պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում հարեւան երկրում: Մեր հասարակության պետական մտածողություն ունեցող եւ քաղաքականությունը պատկերացնող հատվածի մոտ իրադարձությունները Թուրքիայում, դրանց հնարավոր զարգացումները եղել եւ մնում են ուշադրության կենտրոնում, եւ կարեւորվում է մի բան. Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հարթության վրա Հայաստանի շահն ընկալելը եւ ձեւակերպելը պահանջում է հայացք Երեւանից եւ միմիայն Երեւանից: Բաց է մնում հարցը՝ արդյոք պաշտոնական Երեւանն ազգային անվտանգության «զինանոցում» ունի՞ գործիքներ, որոնք պատրաստ է գործադրել սեփական որոշմամբ, եթե դա թելադրվի իրավիճակի ինչ-ինչ փոփոխությամբ, եւ արդյո՞ք քաղվել են բոլոր անհրաժեշտ դասերը տապալված արձանագրությունների գործընթացից, երբ գաղափարը ճիշտ էր, սակայն իրագործումը՝ ի սկզբանե սխալ: Հայտնի է մի բան. հեշտ չի՛ լինելու:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»
19.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «…արդյո՞ք քաղվել են բոլոր անհրաժեշտ դասերը տապալված արձանագրությունների գործընթացից, երբ գաղափարը ճիշտ էր, սակայն իրագործումը՝ ի սկզբանե սխալ:»
    Որքան էլ Սարգսյանին ընդունենք կամ չընդունենք՝ միևնույն է, ես չգիտեմ, թե ո՞րն էր ի սկզբանե ճիշտը…

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք