Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության անդամը» չէր ներկայացել դատարան

Մայիս 05,2017 15:30

Լրագրողական պրակտիկայի ընթացքում երկու անգամ եմ դատարաններում հանդիպել «ՀՀ կառավարության աշխատակիցների», որոնցից մեկն, օրինակ, Արմեն Սարգսյան անունով, ճիշտ է, շրջել էր տաքսիով, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հարկ եղած ժամանակ «չեստ» էր տալիս մեքենայի պատուհանը բացելով, սակայն հաջողակ գործարար կապեր էր ստեղծել իր այդ վկայականով՝ բավական հարուստ ներկրողների շրջապատում:

Նա ներկայացել էր, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ կառավարության իրավաբանական ծառայության պետ: Ի դեպ, նման անուն-ազգանունով իրականում աշխատող կար:
Վերաքննիչ քրեական դատարանում երեկ ՀՀ կառավարության մեկ այլ աշխատակցի էի սպասում. Ռուզաննա Ղալումյանին: Նրա գործի քննությունն առաջին ատյանի դատարանում արագացված ընթացակարգով էր, հետեւաբար, հանրությունը իրազեկված չի եղել այս գործի նախապատմությունից:

Ըստ մեղադրական եզրակացության, տիկինը ներկայացել էր տուժող Վլադիմիր Ղազարովին, որպես ՀՀ կառավարության աշխատակից ու նրա 4-րդ կարգի վթարային` Երեւանի Բրյուսովի փողոցի շենքերից մեկում գտնվող 3 սենյականոց բնակարանը 3 հատ մեկ սենյականոց բնակարանի հետ փոխարինելու խնդիրը լուծելու պատրվակով 2015թ. դեկտեմբերի մեկին Երեւանի կառավարության թիվ 3 մասնաշենքի հարակից այգում Վ.Ղազարովից ստացել է 3000 ԱՄՆ դոլար: Մեկ այլ դրվագով էլ, նա Գ. Նժդեհի հրապարակում կրկին պահանջել ու ստացել էր 245.000 եւ 50.000 ՀՀ դրամ գումար: Տուժող Վ.Ղազարովին պատճառվել էր 1.738.548 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ռուզաննա Ղալումյանի պաշտպան Արթուր Ալիխանյանը խնդրել էր դատարանից մասնակիորեն բեկանել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` Ռուզաննա Ղալումյանի մարտի 1-ի դատավճիռը, եւ Ռուզաննա Ղալումյանի նկատմամբ նշանակված պատիժը փոխարինել փորձաշրջանով:
Նա դատապարտվել էր 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, եւ դեռ նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Նշենք, որ 52-ամյա կինը բնակվում է Երեւանի Մուշ թաղամասի տնակներից մեկում:
Քրեական գործի նյութերում կար նաեւ Ռուզաննա Ղալումյանի անցյալ տարվա ապրիլի 3-ի հաղորդումը՝ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին, որով հայտնել էր, թե Վ. Ղազարովից վերցրել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող ամսական 20 տոկոս դրույքաչափով, 3.000 ԱՄՆ դոլար գումար փոխառությամբ եւ 2 ամսվա մայր գումարի տոկոսներ է վճարել:

Այդ գործը 2016թ. հոկտեմբերի 13-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ռ.Ղալումյանը դատական քննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար եւ հայտարարել, թե պատրաստ է փոխհատուցել տուժողին պատճառված վնասն ամբողջությամբ:

Տուժող Վ. Ղազարովին իրավունք էր վերապահվել քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնել դատարան:

Վերաքննիչ դատարանի կազմը երեկ ամբողջական չէր, դատավորներից Մ.Պետրոսյանն արձակուրդում էր, այդ իսկ պատճառով նիստը հետաձգվեց:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

04.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031