Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները հիմա էլ ցանկանում են ստանալ «Առավոտի» կայքում հրապարակում տեղադրած անձի կենսաչափական տվյալները

Մայիս 17,2017 00:31

Մայիսի 14-ին «Առավոտի» թղթակցին իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում ընտրական տեղամասում հայհոյելու եւ սպառնալիքներ տեղալու վերաբերյալ մեր՝ տեսագրություններով ու ձայնագրությամբ հիմնավորված հրապարակմանը իրավապահները մինչ այս պահը չեն արձագանքել: Փոխարենը օրվա ընթացքում անընդհատ հարցումներ ենք ստանում մեր կայքում այլոց հաղորդագրություններում պարունակվող փաստերը հիմնավորելու խնդրանքով: Ընդ որում՝ ոստիկանության այս գրությունները նաեւ ուղղակի արտառոց ու զավեշտալի դրվագներ են պարունակում:

Նախ՝ պարզաբանենք, թե ինչու դրանք չենք անվանում ծանուցագրեր: Մայիսի 16-ի ընթացքում մասնավորապես երկու նամակ ենք ստացել, որոնց հեղինակները հանդես են գալիս ոստիկանության Մաշտոցի բաժնի անունից: Դրանցից ոչ մեկը պաշտոնական ձեւաթղթի վրա չէ:

Մեկը՝ [email protected] հասցեից է, որում բառացիորեն ասված է. «Ոստիկանության Մաշտոցի բաժնում  նախապատրաստվում են նյութեր՝  2017թ-ի մայիսի 14-ին  Երևան քաղաքի ավագանու ընտրության օրը Ձեր վեբ կայքում  թիվ 6/01 ընտրատեղամասում քվեարկված քվեաթերթիկի հայտնաբերման վերաբերյալ։
Վերոգրյալի հիման վրա խնդրվում է հայտնել հիշյալ հրապարակումը Ձեր վեբ-կայքում տեղադրած անձի տվյալները։
Միաժամանակ խնդրվում  է տրամադրել լրացուցիչ տեղեկություններ /լուսանկարներ, տեսագրություններ/»:

Ուշադրություն դարձրեք՝ ոչ հրապարակման վերնագիրը կա, ոչ գոնե հրատարակման ժամը: Մայիսի 14-ի ընթացքում մեր կայքում մոտ 80 նյութ է զետեղվել՝ ինչպե՞ս պարզենք, թե հատկապես որ հրապարակման մասին է խոսքը: Միայն այդ հարցի պատասխանն ունենալով գուցե կարողանայինք տրամադրել «հիշյալ հրապարակումը վեբ-կայքում տեղադրած անձի տվյալները»: Տարբեր ժամերի հրապարակումները կայքում տեղադրում են տարբեր անձինք: Սակայն աղոտ ենք պատկերացնում, թե ընտրախախտումների բացահայտման առումով ոստիկաններին ինչ է տալու մեր կայքի թողարկիչների հարցաքննությունը:

Սակայն սա դեռ ամենաարտառոց խնդրանքը չէ: Ավելի ուշ [email protected] հասցեից ստացանք մեկ այլ նամակ. «Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում Ձեր վեբ կայքում տեղադրված հրապարակման վերաբերյալ՝ կապված 2017թ. մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների ընթացքում Ձեր կայքում /թիվ 5/11 ընտրատեղամասում քվեախցիկների հետևում առկա է բաց դուռ, որտեղից ելումուտ է իրականացվում/ վերտառությամբ հրապարակման  վերաբերյալ:
Նախապատրաստվող նյութերի լրիվությունը, բազմակողմանիությունն և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է տրամադրել նշված տեղեկությունների աղբյուրները, առկա տեսանկարահանումները, ինչպես նաև հոդվածը տեղադրած անձի կենսաչափական տվյալները, հեռախոսահամարը:
Կանխավ շնորհակալություն համագործակցության համար»:

Մեր կայքում նման «վերտառությամբ» հրապարակում չկա, բայց քանի որ մեջբերված է գոնե ինչ որ արտահայտություն՝ որոնման համակարգի միջոցով պարզեցինք, որ մեզնից էլի պարզաբանում են պահանջում «Ելք» դաշինքի մամուլի հաղորդագրության առնչությամբ, ինչն ավելի վաղ արել էին ոստիկանության Մալաթիայի եւ Նոր Նորքի բաժինների աշխատակիցները: Նրանցից մեկը հեռախոսազրույցի ընթացքում ասաց, թե իրենք էլ են հասկանում, թե դա հաղորդագրություն է, բայց դե կարգն է այդպիսին՝ իրենք պետք է մեզ գրավոր դիմեն, մենք էլ գրավոր հայտնենք, որ դա մամուլի հաղորդագրություն է: Անընկալելի է, թե ինչու պետք է գրավոր լրացուցիչ հայտնենք, որ դա հաղորդագրություն է, եթե նյութի վերջում ի սկզբանե էլ գրված է, որ դա հաղորդագրություն է:

Բայց առավել անընկալելի է, թե նամակագիրների ինչին են պետք «հոդվածը տեղադրած անձի կենսաչափական տվյալները», այսինքն՝ մասնավորապես մատնահետքերը եւ նրա ֆիզիոլոգիական առանձնահատկությունների բնութագրիչները:  Օրենքի համաձայն՝ կենսաչափական տվյալներն են «օրենքով սահմանված կարգով մշակվող անհատական տվյալներ, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները եւ հնարավորություն են տալիս քաղաքացուն նույնականացնել (լուսանկար, ստորագրություն, աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերի եւ բթամատերի մատնադրոշմներ):

Եվ ահա այստեղ հարկ է պարզաբանել՝ ինչու եմ անընդհատ մեջբերում, թե ինչ հասցեներից ենք ստանում իրավական, օրինական որեւէ շրջանակի մեջ չտեղավորվող այս նամակները: Դրանց բովանդակությունն ինձ մշուշոտ կասկածների տեղիք է տալիս, թե «Արմքոմեդիի» Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանն են մեզ գրում այս նամակները՝ որպես յուրօրինակ «թրոլլինգ»: Կամ էլ՝ ինչպես գլխի գցեց արցախյան խորագիտակ մի պաշտոնյա՝ գուցե դրանք գրում է Դանիել Իոաննիսյանը, որն այս անգամ էլ հանդես է գալիս ոստիկանության անունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aray says:

    դրանք հաստատ գրում է Դանիել Իոաննիսյանը, ապացուցող փաստեր կան

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031