Լրահոս
Օրվա լրահոսը

Մութ անկյուն. Անվճար խորհուրդներ

Մայիս 31,2017 17:49

Վաղուց արդեն հայտնի է, որ համաշխարհային տնտեսության, աճն ու առաջընթացը, նույնիսկ զարգացած երկրների և նորանկախ ժողովուրդների պետական-քաղաքական կառավարման ձևը ընտրում և ուղղություն են տալիս միջազգային մասոնական օթյակները՝ մի քանի գերհզոր տերությունների միջոցով: Այդ մասին առանց թաքցնելու նշում են հենց նույն երկրների անկախ սոցիոլոգներն ու քաղաքագետները, նաև հետամուտ լրագրողները:

Դեռ անկախության արշալույսին Հայաստանի կառավարման ղեկի մոտ կանգնած կամ հայտնված այրերը, գիտակցաբար, թե անզգուշորեն ժողովրդին հասկացնել տվեցին, որ Հայաստանին միջազգային տնտեսական գործունեության բնագավառում հատկացված է սպասարկման ոլորտը, որ մենք գոյատևելու ու զարգանալու ենք ոչ թե նյութական արժեքներ ստեղծելով, այլ մեր նախնիների կատարած ու ժառանգություն թողած արժեքների հաշվին: Այնպես, որ հարկավոր է ձգել գոտիներն ու ախորժակը և տնտեսական վայրիվերումներին անհրաժեշտ ըմբռնումով մոտենալ: Եվ, քանի որ մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք, մեր կենսակերպն ու տեսակը պահպանելու համար անհրաժեշտ է վերափոխել տնտեսական ու մտավոր գործունեության ուղղվածությունը:

Ինչու՞ պետք է զբաղվենք արդյունաբերությամբ ու գիտությամբ, երբ այդ գործերով զբաղվում են ուրիշ երկրներ ու լավ էլ արտադրանք ու պարեն են ստանում և կարող են լիուլի ապահովել մեր պահանջները: Մեզ պետք չէ ոչ Կաուչուկի գործարանը, երբ բնական կաուչուկ է արտադրվում աշխարհում, իսկ մենք աղտոտում ենք մեր ու հարևան երկրների մթնոլորտը, ոչ էլ ատոմակայանը, որ պոտենցիալ սպառնալիք է մեր ու հարևան ժողովուրդների գլխին կախված: Ինչների՞ս են պետք էլեկտրամեքենաշինական, հաստոցաշինական, մետաղաձուլական գործարանները, կամ ռազմական արդյունաբերությունը, երբ մենք անկախ-ինքնուրույն երկիր ենք և հզոր ենք մեր անզորությամբ:

Մեր թիկունքին են միջազգային կառույցները և աշխարհի հասարակությունը: Ո՞վ է մեզ պարտադրել նեյտրոնի ու պրոտոնի վարքագիծը ուսումնասիրել, կամ անհուն տիեզերքում նոր տիեզերքներ ու նոր մոլորակներ որոնենք, երբ դա անում են առավել հարուստ երկրների հարուստ գիտնականները: Առանց հաշվիչ մեքենաների ինստիտուտի օգնության էլ մենք կարող ենք հաշվել այն միլիարդավոր դոլարները, որ հոսելու են Հայաստան մեր հանքային ջրերի, լեգենդար խմիչքների, մեր բիո մրգերի, մեր գեղատեսիլ բնության ու հինավուրց եկեղեցիների շնորհիվ:

Կարճ ժամանակում մեր կենսամակարդակը մի քանի անգամ կգերազանցի նավթով հայտնի երկրների կենսամակարդակին: Դրան հասնելու համար մեծ խելք ու ջանքեր պետք չեն: Շշալցման համար ներկրում ենք մի քանի նոր հոսքագծեր ընդամենը, մնացածը ռոբոտների գործն է, որ մեզ կշնորհի ԱՄՆ-ը իրենց երկիր արտահանած հայերի դիմաց: Իսկ մենք դհոլ-զուռնայով կդիմավորենք արտասահմանյան զբոսաշրջիկներին, կուղեկցենք մեր նախնիներից ժառանգություն մնացած պատմա-մշակութային հուշարձանները, նրանց կկերակրենք մեր բիո ուտեստներով: Կվաճառենք նրանց մեր ձեռագործ հուշանվերներն ու վերնիսաժի գեղանկարները, մոլիբդենի ու ոսկու հանքերը հետո կլուսավորենք նրանց մեր հինավուրց պատմությամբ, թե Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանը նույնպես կայսրություն էր ու ծովից-ծով էր ձգվում, իսկ մենք քաջ լողորդներ էինք, առևտրական կապեր ունեինք հին ու նոր աշխարհամասերի հետ, բոլոր երկրներում գաղթօջախներ էինք ստեղծել, ուսյալ էինք ու կրթում էինք տեղաբնիկներին, նրանց համար նույնիսկ տառեր էինք ստեղծում, նախանձից մեզ կոտորում էին թե հեթանոսները, թե քրիստոնյա երկրները: Իսկ մենք նրանց բարություն ու հեզություն էինք քարոզում, Աստծո դատաստանով ահաբեկում:

Սակայն մարդանման սելջուկ-թուրք-օսման ցեղերը, արևելքի որջերից ելած, մրջյունների նման սփռվեցին արևմուտք տանող երկրների ճամփաների վրա, հասան մինչև Ամերիկա-Եվրոպա ջրբաժանին: Նրանց ամենաշատ հմայել էր մեր երկրի բնաշխարհը, որին պատմագետները և վանեցիները համարում են երկրային դրախտ: Նրանք կարծում էին, թե միայն այս տարածքում, երկնային ուժերի օգնությամբ, կարող են լիարժեք մարդ դառնալ, քաղաքակրթվել: Եվ որոշեցին հրով ու սրով հայազրկել դրախտավայրը, որ իրենք դառնան Աստծո ընտրյալ ազգը:

Այսքան պատմությանը ծանոթանալուց հետո մեր արտերկրի զբոսաշրջիկները լացելու աստիճան կհուզվեն, կարեկցանքով կբացեն դրամապանակները ու մինչև վերջին ցենտը կդնեն հայոց արդարացի դատի պահանջին ծառայող գանձագրպանի մեջ: Դեռ մի բան էլ թեյավճար կտան: Պատկերացնու՞մ եք ինչքան գումարներ կլցվեն պետական գանձարանը, եթե տարեկան 5-10 միլիոն զբոսասեր հատի մեր սահմանը, գանձատուփի մեջ թողնի որոշակի գումար, որոշակի գումար էլ թեյավճար պարգևի, վճարի հյուրանոցի ու տրանսպորտի, ռեստորանի ու գիշերային զվարճատեղիների, խմիչքի ու մրգերի համը փորձելու համար:

Պակաս եկամտաբեր չէ նաև գիշերային ծիտիկների ծլվլոցի հաճույքը վայելելը: Չէ որ երևանյան ծտանոցը իր որակով ու քանակով այսօր չի զիջում անգամ Փարիզի Պիգալ թաղամասին: Մեր պետական, ֆինանսական պաշտոնյաների հաշվարկներով յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում կթողնի առնվազն 1.500-2.000 ԱՄՆ դոլար, չհաշված թեյավճարները:

Ինչո՞ւ չհավատանք նման գիտական հաշվարկներով առաջնորդվող, մեր տնտեսական զարգացման ուղիները նշող տնտեսագետներին ու քաղաքական գործիչների «տեսլականին»: Բայց չգիտես ինչու, չի իրականանում ծրագրերի հեղինակների հեքիաթ «տեսլականը»: Ոչ հանքային ջրեր շշալցնող կազմակերպություններն են դառնում խոշոր հարկատուներ, ոչ էլ արտասահմանյան զբոսաշրջիկներն են վերցնում մեր գերակա տեսլական մարտավարության նետած ձեռնոցը: Ծրագրավորողներն էլ ստիպված, ասես ցույց տալու նպատակով, զբոսաշրջիկներ են համարում պետական, կառավարական հյուրերին, հյուրախաղերի եկած խմբերի անդամներին, միջազգային կոնֆերանսի մասնակից հյուրերին, դասախոսներին, մարզախմբերին ու մարզիկներին, ազատ երկրներից Հայաստանի հարազատներին այցելող հայերին ու այլազգիներին, գործարարներին ու առևտրականներին, հավանաբար նաև ՄԱԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, որոնք տարեկան 15 անգամ այցելում են Հայաստան, բայց միշտ մոռանում են իրենց հետ բերել Արցախի անկախության դռների բանալին: Պատահմամբ Հայաստան եկած զբոսասերներն էլ հետ վերադառնալիս դժգոհում են ոչ թե «Թանգարան՝ բաց երկնքի տակ» երկրի ջերմ ընդունելությունից, տեսարժան վայրերի պակասից, հնեցված կոնյակից և այլ կուլտ-կենցաղային պայմանների պատշաճ մակարդակից, օդագնացության ու հյուրանոցային անհամեմատ բարձր գներից:

Նույնիսկ Գինեսի ռեկորդների գրքում հայտնված աշխարհի ամենաերկար՝ Տաթևի ճոպանուղին չի կարող հրապուրիչ խայծ դառնալ զբոսասերի համար, վայելելու Սյունիքի հրաշագեղ բնության հմայքը և Տաթև վանքի ճարտարապետական մտքի խրոխտ սլացքը: Չի կարող, քանի որ 350կմ ձգվող ճանապարհին չկան դադար առնելու համապատասխան կառույցներ, արագ սպասարկման կետեր, համապատասխան լեզուներով սպասարկող պրոֆեսիոնալ ուղեկցողներ:

Զբոսաշրջությունը առաջին հերթին հանգիստ է, աշխարհաճանաչության և վայելքի հաճույք, որին սակայն մեծ կարևորություն չեն տալիս մեր ծրագրավորողները և այն դիտում են միայն արդյունաբերողի ու ֆինանսիստի դիտակետերից: Իհարկե, զբոսաշրջությունը մեր տնտեսության համար եկամտաբեր ճյուղ կարող է լինել, բայց ոչ առանցքային, այլ միջոց՝ միջազգային հանրությանը Հայաստանին ճանաչել տալու հնարավորություն, որի արդյունքում շահույթը շատ ավելի մեծ է լինելու աշխարհի կողմից մոռացված Հայաստանի համար: Աչքներիս առաջ չէ՞ Հունաստանի, Իտալիայի, Բուլղարիայի, հենց Թուրքիայի օրինակը:

Ազատ-անկախ Հայաստանի երեք նախագահներն էլ հոժարակամ և լռելյայն իրականացնում են աշխարհի հզոր կառավարիչների նախանշած տեսլականը, որի դիմաց Հայաստանը, որպես հետամնաց տնտեսություն ունեցող երկիր, մշտապես որոշակի չափով դրամաշնորհ է ստանում նաև ԱՄՆ-ից, որը սակայն Հայաստանի կիզիչ արևի տակ գոլորշիանում է օդում ճիշտ այնպես, ինչպես Եվրամիությունից ստացվող դրամական օգնությունը: Ի տարբերություն ամերիկացիների, եվրամիության ղեկավարները իրենք են փորձել պարզել իրենց դրամաշնորհների ճակատագիրը Հայաստանում և լուրջ խարդախություններն են հայտնաբերել: Ձերբակալված են շուրջ 15 մեղսակիցներ, որոնց անուններն արդեն հրապարակվել են լրատվամիջոցներով: Այդ առիթով Երևան ժամանակ Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին հորդորել է Հայաստանի կառավարությանը և իրավապահներին միջպետական ծրագրերն իրագործելիս հետագայում լինել ազնիվ ու թափանցիկ, ինչպես իրենց են աշխատում:

ԱՄՆ-ի կառավարությունը նման նվաստացուցիչ հետազոտություններ իրեն թույլ չի տալիս, դրա համար կան գաղտնի ծառայություններ, որոնց կարծիքը ընդունվում է աներկբա: Ընդ որում Հայաստանում ականջից-ականջ է հաղորդվում վերջնական կարծիք չդարձած մեկ ենթադրություն, թե հենց ամերիկյան դրամաշնորհի գոլորշիացման պատճառով է կատարվել 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ՀՀ Ազգային Ժողովի դահլիճում: Դա ճիշտ է, թե շինծու, կպարզվի հարյուր տարի անց, ապագա հայկական ծագում ունեցող սերունդների կողմից, որոնք պարտավորված չեն լինի փակել իրենց նախնիների մեկ տասնյակ տրիլյոն դոլարի հասնող պարտքը: Ժամանակը չէ՞ ազգովի դիմենք երկրի ազնվատոհմիկ կառավարիչներին, ասելով. «կուզենք ականջներիդ օղ անեք, բավական է ղալբ եզի պես զիգ-զակ տանեք ակոսը»…

Համլետ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031